Բարձր անտիօքսիդանտ պարունակող սուրճն ազդում է մարդու ԴՆԹ-ի վրա

Ասում է Վիեննայի Բժշկական համալսարանի Ուռուցքաբանության ինստիտուտի հետազոտող, գիտնական, կենսաբանության գիտությունների դոկտոր Արմեն Ներսեսյանը: Գիտնականը 2004թ. սկսել է ապրել և աշխատել Վիեննայում: Զբաղվածության պատճառով Հայաստան այցելում է տարին մեկ անգամ` մեկ ամսով: Եվ այդ ընթացքում նա իր ժամանակը հատկացնում է միայն իր ընտանիքին:

 

Կպատմե՞ք ինստիտուտի գործունեության մասին:

– Ինստիտուտը զբաղվում է հիմնականում, այսպես ասած` «ժառանգաշեղությամբ»: Այսինքն` մարդու ԴՆԹ-ի վրա սննդի ազդեցության ուսումնասիրմամբ: Որպես կանոն, ինստիտուտը նաև այլ ուղղություններով է աշխատում, սակայն կոնկրետ մեր խմբի գործունեությունը դա է: Հիմնական մեր խմբի կազմը ութ մասնագետներից է բաղկացած: Այդ ութ հոգուց չորսն ուսանողներ են, ովքեր հիմնականում օգնողի դերում են. երեք դոկտոր և ևս մեկ հոգի, ով այս տարի կամ, ամենաուշը՝ մյուս տարի արդեն կպաշտպանի դոկտորի կոչումը:

Կարդացեք նաև

Ձեր խմբում կա՞ն այլ հայեր:

– Ո՛չ, չկան: Այսքան տարիներ, ինչ ես այստեղ եմ աշխատում, ընդամենը մեկ հոգու եմ հանդիպել, ով մեզ հետ աշխատել է, անունը, եթե չեմ սխալվում` Անահիտ էր: Նա բուլղարահայ էր, սակայն հայերեն չէր խոսում և իրեն համարում էր բուլղարուհի: Ընդհանրապես այստեղ հայերի հետ չեմ աշխատել:

Իսկ ի՞նչ կասեք հայաստանյան բժշկական կրթության մասին:

– Հայաստանում կրթությունն ավելի էժան է, և դա է պատճառը, որ հնդիկ կամ այլազգի ուսանողները հենց Հայաստանում են կրթություն ստանում: Հայաստանում դիպլոմ են ստանում, այնուհետև երկու կամ երեք տարով մեկնում են վերապատրաստման՝ Գերմանիայում, Անգլիայում և այլ երկրներում: Վերապատրաստումից հետո արդեն կարողանում են որպես բժիշկ աշխատել: Միայն Հայաստանի դիպլոմով հնարավոր չէ լինել իսկական, բարձրորակ բժիշկ: Վերապատրաստվելն անհրաժեշտ է:

Ըստ Ձեզ՝ որո՞նք են ուռուցքների առաջացման հիմնական պատճառները: Կա նաև վարկած, որ սթրեսներն անմիջականորեն ազդում են ուռուցքի առաջացման վրա: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

– Հնարավոր է՝ սթրեսը նպաստի ուռուցքի առաջացմանը, քանի որ սթրեսի արդյունքում մարդու իմունային համակարգը թուլանում է, բայց, որ դա լինի առաջացման պատճառը՝ ոչ: Սթրեսը կարող է վատացնել իմունիտետը, բայց ուռուցքի առաջացման պատճառ չի կարող հանդիսանալ:

– Կարծիք կա, որ վերջին ժամանակներում ուռուցքներ առավել շատ ունենում են երիտասարդները:

– Չեմ կարծում, որ այն երիտասարդացել է: Հայաստանում, կարծում եմ, իրավիճակը ստաբիլ է: Ես 2002-2003 թվականներին ուսումնասիրեցի լեյկոզ հիվանդության ցուցանիշները 20-30 տարվա ընթացքում, և հիմնականում ցուցանիշը ստաբիլ էր: Անգամ կարող եմ ասել, որ համարյա նույնն էր: Ուռուցքների վերաբերյալ բավական խորը ուսումնասիրություններ է արել պրոֆեսոր Գրիգոր Բադայանը: Երևանի ուռուցքաբանության ինստիտուտի երեխաների օնկոլոգիայի բաժնի վարիչն է: Ուռուցքների վերաբերյալ բավական խորը ինֆորմացիա նա կարող է տալ:

– Ինչպե՞ս անել, որպեսզի գիտնականները շարունակեն զբաղվել գիտությամբ, որպեսզի գիտությամբ զբաղվել ցանկացողների թիվը շատանա:

– Առաջին հերթին, իհարկե, պետք է աշխատանքով ապահովել և, իհարկե` բարձր վարձատրվող աշխատանքով: Ես՝ ինքս, երբ Երևանից եկա Վիեննա, երկու տեղ աշխատելով` չէի կարողանում ապահովել ինձ և ընտանիքիս: Բոլորի օրինակով կարող եմ ասել, որ որևէ մեկը ցածր աշխատավարձով չի ցանկանում աշխատել, մանավանդ՝ գիտնականը, պրոֆեսորը:

– Ի՞նչ նախագծեր կան, որոնք ավարտին եք հասցրել, և հիմա ինչի՞ վրա է աշխատում Ձեր թիմը:

– Ներկայումս մեր մասնագետների թիմն աշխատում է մի մեծ նախագծի վրա: Փորձում ենք հասկանալ, թե ինչպես է բջջային հեռախոսն ազդում մարդու առողջության վրա: Մասնավորապես՝ դրանց ազդեցությունն ուռուցքների առաջացման վրա: Քանի որ հենց սկսվեց նման հեռախոսների կիրառումը, գլխուղեղի ուռուցքները բավականին հաճախակիացան: Կա նման կարծիք, որ դրանք առաջանում են հենց այդ հեռախոսների գործածումից: Այդ նախագիծը բավականին ծավալուն է, սակայն մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ այն դեռ ընթացքի մեջ է, և ես իրավունք չունեմ մանրամասներ հրապարակել:

– Նախագիծը ե՞րբ կավարտվի:

– Երկու տարուց նոր ավարտին կհասցվի: Նախագծի վրա սկսել ենք աշխատել անցյալ տարի: Վերցվել են մի քանի բջիջներ, ռադիացիայի ուսումնասիրություններ են արվել, այնուհետև որոշ ուսումնասիություններ էլ դեռ պետք է կատարվեն: Վերջնական գործնական փուլը դեռ առջևում է: Այս մասին առայժմ այսքանը կարող եմ ասել:

Բազմաթիվ այլ նախագծեր, սակայն, արդեն ավարտին են հասցվել: Օրինակ, մի նախագիծ հայտնի «Nestle» ընկերության պատվերով և նրանց հետ համատեղ է իրականացվել, ուսումնասիրվել է մարդու ԴՆԹ-ի վրա լուծվող սուրճի ազդեցությունը: Մեր ուսումնասիրության առարկան հենց լուծվող սուրճն էր: Սուրճի օգտագործումն առաջացնում է ռադիկալներ, որոնք ուղղակի կերպով ազդում են մարդու օրգանիզմում ուռուցքի առաջացմանը: Մեր փորձը կայանում էր նրանում, որ ավելացրեցինք օքսիդացնող H2O2-ը (перекись водорода), ինչի արդյունքում՝ ստացանք նույն համային հատկանիշերնով սուրճ, որը չի առաջացնում վնասատու ռադիկալներ:

Սուրճը չի կարող լինել ուռուցքի առաջացման պատճառ, սակայն այն սուրճը, որը պարունակում է անտիօքսիդանտների բարձր տոկոս, կարող է մարդու ԴՆԹ-ի վնասվածքը կանխել: Այդ անտիօքսիդանտները ցանկացած մարդու օրգանիզմում առաջացնում են ազատ ռադիկալներ: Հենց այդ ռադիկալները կարող են բերել ուռուքցի առաջացմանը: Սա է մեր ուսումնասիրության մոտավոր հանգումը: Մարդիկ սուրճ ընտրելիս` պետք է նայեն բաղադրությանը: Սակայն բարձր անտիօքսիդանտ պարունակող սուրճի տեսակներ Հայաստանում չկան՝ համենայնդեպս, ես չեմ հանդիպել: Хлорогеновая кислота (chlorogenic acid)-ն՝ կոֆեինի և ֆերուլինի հետ մեկտեղ, որոնք նույնպես սուրճի բաղադրության մի մասն են կազմում, ուժեղ անտիօքսիդանտ են հանդիսանում: Այստեղից և՝ բոլոր այն հատկությունները, որոնք ուղեղի բջիջներին թույլ չեն տալիս քայքայվել և պահպանում են ներբջջային համակարգը: Ընդ որում, ինչպես ցույց են տվել մի շարք ուսումնասիրություններ, անտիօքսիդանտներն առավել ակտիվ են ոչ թե հաբերում, այլ հենց սննդի մեջ:

Այդ՝ ավելի շատ անտիօքսիդանտներ պարունակող սուրճն արտադրվում էր «Nestle» ընկերությունում, որի մեջ հատուկ կոմպոնենտ կար՝ хлорогеновая кислота (chlorogenic acid), որը խմելուց արյան լիմֆոցիտներն այդքան չեն վնասվում, ինչպես սովորական լուծվող սուրճ օգտագործողների դեպքում է լինում:

– Որպես գիտնական՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ այսօրվա դեղագործական ընկերությունների կողմից արտադրված դեղերի օգտագործումը չի տալիս իր ազդեցությունը:

– Շատ եմ կարդացել, որ Հայաստանում կեղծում են դեղերը: Հենց դա էլ կարող է լինել երևույթի բացատրությունը: Կեղծ դեղը չի կարող ունենալ այն ազդեցությունը, ինչ նորմալ, օրիգինալ դեղը: Պարզ օրինակ նշեմ` մազի փրփրօճառը (շամպուն), որը Հայաստանում օգտագործում են, բոլորովին տարբեր է եվրոպական նույն անունով փրփրօճառից: Որակային առումով խիստ տարբերվում է: Անգամ Հայաստանից իմ ծանոթները, մտերիմները Եվրոպայից հիմնականում հենց նման նվերներ են ակնկալում ստանալ: Իսկ թե Հայաստանում վաճառվող նման ապրանքներից որո՞նք են օրիգինալ, որո՞նք են կեղծված՝ հարց է:

Կպատմե՞ք Ձեր մասին:

– Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, վերապատրաստվել եմ Մոսկվայում: Այնուհետև Երևանում պաշտպանել եմ պաշտոնական պետական դիսերտացիան: Դոկտորական գրեցի, սակայն այդ ժամանակ Հայաստանի գիտությունների ակադեմիան չուներ բարձրագույն ատեստավորման հանձնաժողով (ВАК): Որոշ ժամանակ անց, սակայն, այդ հանձնաժողովը ստեղծվեց, և 1996թ. պաշտպանեցի դոկտորականս: Պաշտպանությունից հետո ցանկություն ունեի արտասահմանում աշխատելու: Առաջարկություն եղավ Վիեննայի Բժշկական համալսարանի Ուռուցքաբանության ինստիտուտից: 2004 թվականից աշխատում եմ այստեղ:

Բժիշկները պարբերաբար ուսումնասիրություններ են կատարում, կազմակերպում քննարկումներ, ուռուցքի կանխարգելման միջոցներ են ժամանակ առ ժամանակ հայտնաբերում: Ի՞նչ է դա՝ իսկապե՞ս հայտնաբերվում են միջոցներ, թե՞ ուղղակի սուտ աղմուկ է:

– Իրականում արտասահմանում ուռուցքով հիվանդները բուժվում են, սակայն Հայաստանի պարագայում ուղղակի չեմ մեկնաբանի խնդիրը, քանզի դա բժշկական էթիկայից դուրս է:

Վիեննա-Երևան

Լուսանկարում` Արմեն Ներսեսյանի հետ աշխատող մասնագետների խումբն է: Հայազգի գիտնականը` առաջին շարքում, մեջտեղում է:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս