Ձուկը էժանացել է մրցակցությունից, թե՞ … հորմոնալ կերից

Հայաստանում ձկնամթերքի արտահանման հետ կապված լուրջ խնդիրներ կան, ինչով էլ բացատրվում է ձկան գնի անկումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը:

«Նման դեպքերում արտադրողն իր ծախսերը չի կարողանում փակել: Եվրոպական շուկայում ձկան կերը մոտ 40%-ով թանկացել է: Մոտ 3 ամիս առաջ 20-25 կգ պարկն արժեր 35-40 եվրո: Սա նշանակում է, որ ձկան ինքնարժեքը բարձրանում է»,– ասաց նա:

«Մեր հիմնական ամենամեծ շուկան ռուսականն է, իսկ Թուրքիան և Նորվեգիան նրանց առաջարկում են ինքնարժեքից ցածր գնով ձկնամթերք: Դա մեզ համար լուրջ խոչընդոտներ է առաջացնում ռուսական շուկա ձուկ արտահանելու համար»,-նշեց նա և հույս հայտնեց, որ հարցը կլուծվի պետական աջակցությամբ:

Արթուր Աթոյանը նշեց, որ Եվրոպական շուկա մտնելու համար դեռ բազմաթիվ հարցեր պետք է լուծվեն: Նա հավաստիացրեց, որ Հայաստանում ձկնաբուծական տնտեսության մեջ հորմոնալ կեր չի օգտագործվում:

«Մեր միության մեջ մտնում են 130 ձկնաբուծարաններ, որոնցում, վստահորեն կարող եմ ասել՝ հորմոնալ կեր չի օգտագործվում: Մյուս 30 ձկնաբուծարանների դեպքում ևս ես չեմ հավատում, որ նման բան կարող է լինել»,–նշեց նա:

«Ի վերջո, ստուգելը հեշտ է: Պարզապես, պետք է գնան յուրաքանչյուր ամիս ստուգումների ու տեսնեն, թե ձկները ի՞նչ արագությամբ են մեծանում»,-ասաց Արթուր Աթոյանը և ավելացրեց, որ հորմոնալ կերով սնվող ձկները մեծանում են, ընդամենը, 1-2 ամսվա ընթացքում, մինչդեռ սովորական պայմաններով դրանք մեծանում են 7-8 ամսվա ընթացքում:

Արթուր Աթոյանը անդրադարձավ նաև ձկնաբուծարաններում օգտագործվող ջրին և հավաստիացրեց, որ բացի մի քանի տնտեսություններից, մյուսները գրունտային ջրեր չեն օգտագործում:

«Ձկնաբուծարանների 99,8%-ը օգտագործում են ընդերքի խորքային ջրերը, որոնք մոտ 100-120 մ հորատելուց հետո դուրս են բերվում երկրի մակերևույթ: Համապատասխան մասնագետների կարծիքով, այդ ջրերը Արագածից ձնհալի պատճառով երկրի ընդերք են ներծծվում և զառիթափ հոսելով՝ ճնշում առաջացնում: Իսկ հորատելուց հետո, բարձր ճնշման ազդեցության տակ, դուրս են գալիս երկրի մակերևույթ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս