«Եթե այսօր ունենայինք պետություն, նստած էինք լինելու գերտերությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ»

Այսօր «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սէֆիլյանը, ինչպես նաև` կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «սիրիական իրադարձությունները և հայության արձագանքը» թեմայով: Մասնավորապես, Գարեգին Չուգասզյանը, նախ` հիշելով Լիսաբոնում 29 տարի առաջ  5 հայ երիտասարդների կողմից թուրքական դեսպանատան գրավումը, կարծիք հայտնեց, որ վերջին 1,5 տարիներին, այսպես կոչված, «արաբական գարնան» իրադարձությունները և, մասնավորապես, քաղաքացիական պատերազմը Սիրիայում ցույց են տալիս «ՀՀ պաշտոնական մարմինների և կազմակերպությունների կրավորականությունը և անհամապատասխանությունը հայության առջև կանգնած մարտահրավերներին»: «Պետք է ասել, որ մեր նման երկրի «սուպեր-նախարարությունը» պետք է լիներ ոչ թե Սփյուռքի, այլ Սփյուռքի և հայրենադարձության նախարարությունը: Իհարկե, բարձրագոչ հայտարարություններ են անում, թե` մենք ունենք այնպիսի ծրագրեր, ինչպիսին են «Հայկական աշխարհ», «Արի տուն» ծրագրերը, սակայն այս ամենն առոչինչ են դառնում այնպիսի մի վարքագծի խորապատկերի վրա, ինչպիսին է «Արմավիա» ազգային ավիափոխադրիչը, և մենք տեսնում ենք, որ այն «պիղատոսյան» լռությունը, որ այս 1 տարվա ընթացքում այդ վարքագծի նկատմամբ դրսևորել են մեր պատկան մարմինները, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք որևէ անհանգստություն չունենք մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ»,- նշեց նա: Չուգասզյանը նաև ավելացրեց, որ «հայկական գաղութները Մերձավոր Արևելքում անշեղորեն նվազում են և արտահոսում են դեպի արևմտյան երկրներ, և վայրիվերումների ու քաղաքացիական պատերազմների ժամանակ այս պրոցեսներն ավելի արագանում են, և արտահոսք, ամեն դեպքում, տեղի կունենա»: «Նման պարագաներում անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել այդ արտահոսքը դեպի Հայաստան ուղղելու համար: Առանց հասարակական ճնշման` շվայտության մեջ թաթախված և ազգային խնդիրներից խուսափող ապազգային վարչախումբը չի լուծելու այդ խնդիրը, չնայած ունի լծակներ դրա համար»,- կարծում է նա:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` նախկին ազատամարտիկ էլ` Ժիրայր Սէֆիլյանն, ասաց, որ հայության դերը Մերձավոր Արևելքում միշտ բավական մեծ է եղել, սակայն այդ գործոնը, դժբախտաբար, միշտ օգտագործվել է օտարների կողմից: «Կարծում եմ` եկել է ժամանակը հայ քաղաքական մտքի համար` սթափվելու և տեր կանգնելու իր իրավունքներին: Կոնկրետ Սիրիայի խնդրում ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդն անտեր վիճակում է: Առաջին հերթին պետք է լուծել այս խնդիրը: Եվ տեղի հայությունը, և հակամարտող կողմերի ղեկավարությունները պետք է շատ լավ հասկանան, որ Սիրիայի հայերն ունեն տեր»: Դիմելով երիտասարդությանը` Ժ.Սէֆիլյանը կոչ արեց ազատվել այն բարդույթից, թե մենք փոքր պետություն ենք, քիչ ենք, մենք ի՞նչ կարող ենք անել: «Եթե մենք այսօր ունենայինք պետություն, և այդ պետությունը վարեր ակտիվ արտաքին քաղաքականություն, մենք այսօր նստած էինք լինելու Մեծ միջինարևելյան գլխավոր խաղացողների բանակցությունների սեղանի շուրջ, այսինքն` գերտերություններ և Հայաստանի Հանրապետություն»,- նշեց նա:

Իսկ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Մերձավոր և Միջին Արևելքում հայկական գաղթօջախների և հայաբնակ Հայկական բարձրավանդակի հայության վիճակը բնորոշող մի քանի թվեր նշեց` ասելով, որ «այս տարածաշրջանում հայությունը խիստ նահանջ է ապրում»: «Եթե մինչև 1991թ. դա կարելի էր բացատրել այն հանգամանքով, որ հայերը չունեն իրենց ազգային պետությունը, ապա 1991թ. հետո նման բացատրություն չպետք է լինի, կամ մենք նորից դեռ չունենք ազգային պետություն: Եթե միտումները շարունակվում են վատանալ, դու ստանում ես անկախություն, և սկզբունքորեն ոչինչ չի փոխվում, և հայության վիճակը` թե որակական, թե քանակական առումով, վատանում է, ուրեմն պետությունը` որպես ազգային սուբյեկտ, գոյություն չունի, ինչպես գոյություն չի ունեցել խորհրդային ժամանակաշրջանում»,- նշեց փորձագետը:

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս