Գյուղնախարար. Միությունը կապահովի կաթի խելամիտ գներ և ծավալների աճ
Ոլորտի հիմնախնդիրներին և բերքահավաքի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով, այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ է մեկնել ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Նախարարն հանդիպում է ունեցել մարզի ղեկավարների, համայնքապետերի, ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Նախարարն անդրադարձել է գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության աջակցման ծրագրերին, այդ թվում՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրին, վերջինիս շրջանակներում իրականացվող արոտավայրերի կառավարման, անասնապահության զարգացման և արոտների ջրարբիացման աշխատանքներին:
Նա նշել է, որ 5 համայնքներում (Գեղամավան, Չկալովկա, Շորժա, Մադինա և Վարդաձոր) արոտավայրերի ջրարբիացման և գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման գործընթացներն արդեն ավարտական փուլում են, իսկ Խաչաղբյուր համայնքում, ծրագիրը նոր է մեկնարկել և ներկայումս ընթացքի մեջ է կառավարման պլանի մշակումը:
Նախարարը կարևորել է նաև կաթ վերամշակողների և կաթ արտադրողների միությունների ստեղծումը, ինչը մեծապես պետք է նպաստի ֆերմերների և վերամշակողների հարաբերությունների կանոնակարգմանը, ապահովի կաթի մթերման խելամիտ գների ձևավորումը և արտադրվող ու մթերվող ծավալների զգալի աճը:
Աջակցման ծրագրերի շարքում նախարարը անդրադարձել է նաև ‹‹ՀՀ-ում 2010-2014 թթ ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրին», նշելով, որ նախորդ տարի մարզին հատկացվել է 359.85 տոննա էլիտային և 588 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որով 1199.5 հա-ի վրա ցանք է իրականացվել:
‹‹2011 թվականի համեմատությամբ, 2012-ին մարզում հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքերն ավելացել են 7344 հեկտարով: 1500 հա-ով ավելացել են կարտոֆիլի ցանքերը: Մարզի հողօգտագործողներին մատչելի գներով՝ մեկ պարկը 6000 դրամով, տրամադրվել է 3610 տոննա ազոտական պարարտանյութ: Մեկ այլ ծրագրով՝ մարզը մատչելի գներով ստացել է նաև 2700 տոննա դիզելային վառելանյութ››,-նշել է նախարարը, հավաստիացնելով մասնակիցներին, որ այսուհետ կառավարության կողմից իրականացվող նման ծրագրերն ավելի ընդգրկուն ու հասցեական են լինելու:
«Դա հնարավորություն կտա լուծել նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ գյուղատնտեսական չօգտագործվող հողատեսքերը օգտագործման ոլորտ վերադարձնելը: Պետք է հասնել այն բանին, որ առաջիկայում առնվազն դրանց 20%-ը դառնա լիարժեք օգտագործելի ու բերքատու»,- ասել է նախարարը:
Օրվա երկրորդ կեսին Սերգո Կարապետյանը մարզպետի հետ եղել է Մարտունու տարածաշրջանի Վարդենիկ համայնքի հացահատիկի արտերում, ուր գյուղացիները դժգոհել են սպասվող բերքից, կապելով այն սերմացուի որակի հետ:
Զրույցի ընթացքում շոշափվեցին նաև առաջիկա բերքահավաքի կազմակերպման և աշնանացան ցորենի որակյալ սերմացուով ապահովվածության հարցեր: Նույնպիսի հարցեր հնչեցին նաև Վարդենիսի տարածաշրջանի համայնքապետերի և Նորակերտ համայնքի գյուղացիների հետ կայացած հանդիպման ժամանակ, ուր նույնպես նախարար Սերգո Կարապետյանն ու մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խոստացել են անհատական մոտեցում ցուցաբերել ներկայացված յուրաքանչյուր դրվագի լրացուցիչ ուսումնասիրմանն ու լուծում տալուն:
Այցելության վերջին կանգառը Մեծ Մասրիկն էր, ուր քննարկվեց համայնքը գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրում ընդգրկելու հարցը: Առաջիկայում այստեղ կկազմակերպվի արոտօգտագործողների կոոպերացիա,որը ձեռնամուխ կլինի համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի բարելավմանն ու ջրարբիացմանը: