
25 ապրանքատեսակ կազմում է Հայաստանի արտահանման 80 տոկոսը

Հայաստանից արտահանման կառուցվածքը տարիներով գրեթե չի փոխվում, այս համոզման է եկել «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը՝ ուսումնասիրելով արտահանվող և ներմուծվող արտադրանքները:
«Քսանհինգ արտադրանքների մասով ուսումնասիրելով՝ կտեսնենք, որ այդ ցանկը չի փոխվել, դա նշանակում է, որ ոլորտներում էական փոփոխություններ չեն լինում: Բացի այդ նկատվում է, որ այդ ցուցակում փոքր և միջին ձեռնարկությունները քիչ են ներկայացված, հիմնականում խոշոր ձեռնարկատիրություններն են»,- ասաց նա և նշեց, որ այդ 25 ապրանքները արտահանման 80%-ն են կազմում:
Գագիկ Մակարյանը նշում է, որ արտահանման ծավալը ճգնաժամից հետո Հայաստանում անկում է ապրել և անցյալ տարի կազմել է 1,3 մլրդ դոլար։
Գագիկ Մակարյանի խոսքով, փոքր և միջին ձեռնարկությունների դրսի շուկայից դուրս մնալու պատճառ է նաև այն, որ ոչ թե դոլարը, այլ դրամն է արժևորված, ինչն էլ չի խթանում արտահանողին:
Ըստ նրա՝ խնդիր է նաև այն, որ արտահանմանն ուղղաված վարկեր չեն տրամադրում, իսկ բանկերն էլ իրենց հերթին են որոշում ինչ սկզբունքով տալ:
«Քսաներկու բիզնես վարկավորվել է պետության կողմից, բայց այդ ցանկում նայեք քանիսն են փոքր բիզնես: Նրանց վարկեր չեն տրամադրում ոչ թե նրա համար, որ փոքրերը չունեն համարձակություն, այլ որովհետև կառավարությունն է բյուրոկրատական համակարգ դրել»,- ասաց նա:
Բանախոսը խնդիրների ցանկը շարունակում է և կարևորում, որ մենեջմենթի կառուցման և որակը լավացնելու համար բանկերը բիզնեսին վարկեր չեն տալիս, ինչի արդյունքում էլ ձեռնարկությունները, չունենալով բարձր մրցունակություն և չտիրապետելով նույնիսկ արտասահմանյան շուկայական պայամններին, նույնիսկ ներսում չեն զարգանում:
Ամփոփելով՝ նա նշում է, որ այս ոլորտում կառավարությունը ոչ թե մեկ շղթայով, այլ առանձին կտորներով է բարեփոխումներ իրականացնում, որն էլ արդյունք չի տալիս: