Բաժիններ՝

Թանկացրե՞լ են արդյոք Հայաստանը մտնող գազը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից չեն մեկնաբանում Civilnet.am կայքում այսօր հրապարակված այն տեղեկատվությունը, թե Հայաստան առաքվող ռուսական գազը թանկացել է 60 ԱՄՆ դոլարով և այս պահին արդեն կազմում է՝ 1000 խմ-ի համար 240 դոլար: Նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը տեղեկացրեց, որ բանակցությունները դեռ շարունակվում են:
Նշվում էր նաև, թե ՀՀ կառավարությունը մինչև 2013-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունները ներքին շուկայում գազի սակագներն անփոփոխ պահելու նպատակով, ռուսական «Գազպրոմ»-ին է փոխանցելու «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած 20 տոկոսանոց մասնաբաժնի 10 տոկոսը: Հայկական և ռուսական կողմերը պայմանավորվել են մինչև նախագահական ընտրությունները գնի փոփոխության մասին տեղեկատվություն չհրապարակել: «Այլ լրատվամիջոցներից ևս հարցադրումներ եղել էին և նախարար Արմեն Մովսիսյանը ասել է, որ բանակցությունները դեռ շարունակվում են, վերջնական արդյունքների դեպքում այս մասին կհրապարակվի»,- փոխանցեց Էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ երեք օր առաջ «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վահագն Խաչատրյանը ևս հայտնել էր, որ իրենց հաշվարկներով, Հայաստանն հիմա արդեն գազը գնում է ոչ թե 180, այլ 220 դոլարով, «որի մասին չեն խոսում»:
Ինչը Վահագն Խաչատրյանի մեկնաբանությամբ պայմանավորված է այնպիսի գերշահույթներով, որ նույնիսկ գազի սակագնի 40 դոլար թանկացման դեպքում, «Հայռուսգազարդը» չի մտել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի գին բարձրացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս