«Ուրբաթ օրը մզկիթում ավելի շատ մահմեդական կա, քան կիրակի՝ քրիստոնյա՝ եկեղեցում»
– Հավատն, այդուհանդերձ, անհատական ընտրություն է, եւ բարդ է մի դավանանքից անցնել մյուսին` թագավորի որոշմամբ:
Տ.Տ. – Անշուշտ, պետք չէ նայենք պատմությանը մեր դարի աչքով: Մենք այսօր հիմնական շեշտը դնում ենք անհատական ընտրության վրա, սակայն այն դարերում մտածողությունն այդպիսին չէր: Եվ հետո, երբ քրիստոնյա դարձավ Տրդատը, արդեն Փոքր Ասիայում քրիստոնեությունը, թերեւս, 90 տոկոսով հաղթել էր` Կեսարիա, Անտիոք, Եդեսիա։ Կան պատմական տվյալներ, որ քրիստոնեությունը Հայաստանում եւս տարածվում էր: Նույն կերպ վարվեց նաեւ Հռոմի Կոնստանդինիոս կայսրը: Տեսնելով, որ անգամ իր բանակում քրիստոնյաներն ավելի մեծ թիվ են կազմում, ինքը 313թ. հռչակեց քրիստոնեությունը ոչ թե որպես պետական կրոն, այլ` որպես արտոնյալ կրոն (մինչ այդ` հալածված կրոն էր):
– «Հայն ատում է ծես, ձեւ, աստիճան, քաղաքավարություն: Ամբողջ երկիրը լցրել է եկեղեցիներով, բայց տարին մեկ անգամ էլ չի մտնում այնտեղ` աղոթելու: Առօրյա աղոթք էլ հայն իր կյանքում չի անում: Բայց այս չաղոթող ցեղի` Նարեկացու շուրթերից էր, որ թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքն առ Աստված: Կրոնի պատճառով էր, որ ջարդվեց ու բնաջնջվեց, բայց երբե՛ք, հայը երբե՛ք չքարոզեց իր կրոնն ուրիշներին»: Սա հատված էր Դ.Դեմիրճյանի «Հայը» էսսեից:
Ռ.Հ. – Իրենց գաղափարները, հավատն այլ ժողովուրդների քարոզում, անգամ պարտադրում են այն պետությունները, որոնք ծավալապաշտական խնդիրներ ունեն: Եթե ուզում ես քո հավատը տարածել, պարտադրել այլ ժողովուրդների, պետք է հզոր երկիր լինես, եւ քո արտաքին քաղաքականությունն էլ նման հավակնություններ ունենա: Մենք այդ տարիներին եւ հետո էլ այնքան հզոր չենք եղել: Պարսկաստանը կարող էր իր հավատը պարտադրել այլոց, Հունաստանը կարող էր: Մեր քարոզչությունն անուղղակի ճանապարհով է եղել:
Տ.Տ. – Չգիտեմ` Դեմիրճյանն իր տվյալները որտեղի՞ց է վերցրել, թերեւս, իր օրոք այդպես էր: Բայց նա իր դիրքում սխալ է. հայերն աղվաններին, վրացիներին բերեցին քրիստոնեության: Իսկ եթե ավելի լայն առաքելություն չեն ունեցել, պիտի հաշվի առնենք քաղաքական պայմանները: Հայերը քրիստոնեության ամենածայրամասում էին: Նրանք անընդհատ հարձակման էին ենթակա թե՛ Սասանյան Պարսկաստանից, հետո արաբներից, հետո դավանաբանական կռիվներ կային Հռոմեական կայսրության հետ: Օրինակ` կաթոլիկները հավատքի բերեցին գերմանացիներին: Դա արվեց բռնի ուժով: Մենք այդ ուժը չունեինք: Մենք` հայերս, 5-6-րդ դարից հետո պայքարի մեջ ենք մեր գոյատեւման, քրիստոնեությունը պաշտպանելու համար:
– Տե՛ր հայր, երբ ներկայացրեցիք քրիստոնեության ճանաչումը` որպես պետական կրոն, առանձնացրեցիք Տրդատ թագավորի դերը: Մեր երկրի ղեկավարներն այսօր կարո՞ղ են իրենց թույլ տալ նման կտրուկ, հեղափոխական լուծումների գնալ, ինչպես ժամանակին` Տրդատը:
Տ.Տ. – Պետությունները բարոյական սկզբունք չունեն, ունեն շահ: Օրինակ` ԱՄՆ-ում յուրաքանչյուրը գիտի, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել, սակայն Ամերիկայի շահին չի գալիս` ճանաչել եւ դուրս գալ Թուրքիայի դեմ: Գիտե՞ք, քրիստոնեության հաջողությունն իրեն վնասում է. այսօր աշխարհն ընդունում է մարդու իրավունքների կոնվենցիա, ազգամիջյան բարեկամության սկզբունքները, եւ այլն, եւ այլն: Սրանք բոլորը քրիստոնեական սկզբունքներ են, որոնցով էլ շատերը բավարարվում են եւ վստահ են, որ եկեղեցու պետք չունեն: Օրինակ` Արեւմտյան Եվրոպայի մեջ քրիստոնեությունը չափազանց տկար է: Ասում են` ուրբաթ օրն ավելի շատ մահմեդական կա մզկիթում, քան կիրակի` քրիստոնյա` եկեղեցում: Արեւմտյան Եվրոպան դարձել է անհավատ, եւ դրա վտանգն այն է, որ ինքը կկորցնի իր ինքնությունը: Կրոնը հենված է հավատի վրա, բայց այն նաեւ ժողովրդի հիշողությունն է, պատմությունը:
– Կրոնները տարբեր են, սակայն բոլորի հիմքում նույն սկզբունքն է` սեր մերձավորի հանդեպ, բազում այլ առաքինություններ: Եթե յուրաքանչյուր ժողովրդի համար դոմինանտ են հոգեւոր արժեքները, ինչո՞ւ են դարձյալ սպանությունները, ինքնասպանությունները, պատերազմները սաստկանում, ինչո՞ւ միլիոնավոր սոված երեխաներ կան: Չի՞ ստացվում, որ կրոնի դերը, ըստ էության, նվազել է, այն այլեւս որպես զսպող գործիք չի աշխատում:
Ռ.Հ. – Եթե չլիներ կրոնը, ամեն ինչ շատ ավելի վատ կլիներ: Հավատն ունի զսպող ուժ: Կրոնն էլ է ընկալումից կախված: Ուրախ եմ, որ տեր հայրն էլ ընդգծեց անհատի դերը: Ի վերջո, չի լինում կրոնի, հավատի ազգային ընկալում, լինում է անհատական ընկալում:
– Բայց Դուք կարող եք ունենալ Ձեր ընկալումը, Ձեր ճշմարտությունը, սակայն իրավիճակը` քաղաքական կամ հասարակական, Ձեզ ստիպի գործել լրիվ ա՛յլ կանոններով: Անհատի ճիշտ ընտրությունն էլ վերջնական լուծում չէ:
Ռ.Հ. – Դրա համար էլ, երեւի, ստեղծվել են պետությունները` իրենց գործիքներով` բանակ, օրենքներ: Ընդ որում, այնպիսի օրենքներով, որի հիմքում պետական կամ ազգային շահն է, սակայն հաճախ անգամ ամենասովորական մարդն է հասկանում, որ դա ազգային շահ չէ: Օրենքները հասել են այնտեղ, որ, օրինակ, ԱՄՆ-ը կարող է ասել` մեր ազգային շահը պահանջում է, որ չընդունենք ցեղասպանությունը: Սակայն դա, խոշոր հաշվով, իր ազգային շահին դեմ է: Պետությունը դաժան գործիք է, դրա համար կա հավատը, կա մշակույթը, կա գրականությունը, որոնք բիրտ այդ կառույցին ստիպում են գոնե երբեմն մարդկային լինել:
Տ.Տ. – Ժողովրդավարությունը հիմնապես քրիստոնեական սկզբունքի հիման վրա է: Մինչեւ 150 տարի առաջ ստրկությունն ընդունված էր` որպես սովորական երեւույթ: 1900 տարի պահանջվեց, որ քրիստոնյաները հասկանան, թե ստրկությունը մեղք է: Այսօր, ուր կա պատերազմ, անմիջապես միջամտում է, օրինակ, ՄԱԿ-ը: Ազգերի մեջ համագործակցություն կա. ԱՄՆ-ը, որ կապիտալիստական է, Չինաստանը` կոմունիստական, միասին են աշխատում. եթե Չինաստանը չլիներ, այսօր ԱՄՆ-ը տնտեսական մեծ ճգնաժամի մեջ կհայտնվեր, քանի որ մեծ պարտք ունիգ Չինաստանին: Չինացիներին որտեղի՞ց այդքան գումար` Ամերիկայի՛ն ապրանք վաճառել: Մենք տեսնում ենք հեղափոխություն մարդկային խղճմտանքի մեջ: Քրիստոնյա երկրներն են, որ ունեն այս խաղաղասեր քաղաքականությունը:
– Քրիստոնեական երկիր են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, սակայն դժվար է այս դեպքում ասել, որ քրիստոնեական այս գերտերությունները զուտ խաղաղասիրական, հումանիստական գաղափարներով են հարձակվում այլ պետությունների վրա, ռմբակոծում գյուղեր ու քաղաքներ:
Տ.Տ. – Չմոռանանք. պետությունները բարոյական սկզբունքներ չունեն, կան բարոյական անհատներ: Երբ ԱՄՆ-ը մտավ Վիետնամ, ԱՄՆ-ում համալսարանականները, եկեղեցիները դեմ էին Վիետնամական պատերազմին: Թեեւ, գիտե՞ք, երբեմն եկեղեցին էլ հանցավոր է, տեսնում ենք, որ եկեղեցին միանում է օլիգարխների, հարուստների հետ: Օրինակ` Հարավային Ամերիկայում իշխող վարչախումբն ուներ երեք սյուն` բանակը, օլիգարխներն ու եկեղեցին:
Ռ.Հ. – Ես ծնվել-մեծացել եմ անհավատ դարում, իմ սերունդը կրոնական կրթություն չի ստացել, ամբողջ գիտելիքները, որոնք կուտակել ենք այդ թեմայով, գրականությունից է եկել: Երբ սկսում էի կարդալ ոչ միայն Աստվածաշունչը, նաեւ այլ գրականություն, հանկարծ զգում էի` որ գիտեմ, ծանոթ է. ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղ կարդացել եմ:
Տ.Տ. – Գրականությունից խոսեցիք. շատ վաղ կարդացել եմ Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագոն», Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», Շիրազի գործերը: Համո Սահյանի «Կգամ» բանաստեղծությունը բացառիկ քրիստոնեական ուղղություն ունի:
Ռ.Հ. – Բացի գրականությունը` նաեւ աթեիզմն էր տալիս քրիստոնեական դաստիարակություն, եթե այն քարոզում էր խելոք, տաղանդավոր մարդը: Մի դասախոս կար` Արա Սվասյան: Ուսանողներս գիտեինք` որ բուհում որ ժամին է դասախոսում: Այնպես էր հակահավատը, հակաաստվածությունը ներկայացնում, որ սկսում էինք սիրել քրիստոնեությունը: