
Բաքուն ակնկալում է որ Մոսկվան պատասխանատվություն կկրի խոցված ադրբեջանական ինքնաթիռի համար

Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը կկրի Բաքվից Գրոզնի թռչող AZAL ադրբեջանական ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը և կապահովի արդարադատությունն այս գործում։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը գերմանական «Berliner Zeitung» թերթին։
Հաջիևի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում հիմնարար փոփոխություններ չեն եղել, սակայն վերջին ամիսներին երկկողմ օրակարգում որոշակի թյուրըմբռնումներ և աճող լարվածություն է նկատվել։
«Նմանատիպ միջադեպեր կարող են տեղի ունենալ նաև հարևան երկրների միջև։ Ամեն ինչ սկսվեց ինքնաթիռի (AZAL ինքնաթիռի) վթարից, որը խորապես ցնցեց ադրբեջանական հասարակությանը։ Այն տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում, և մենք գիտենք, թե ինչպես է դա տեղի ունեցել՝ սա այլևս գաղտնիք չէ։ Ադրբեջանը, որպես հարևան և գործընկեր, ակնկալում է, որ Ռուսաստանը կկրի պատասխանատվություն և կապահովի արդարադատությունն այս գործում»,-հավելել է Ալիևի օգնականը։
Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, վթարի է ենթարկվել 2024 թ. դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։
Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ, 38 մարդ զոհվել է։ Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի հետևանքով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել էր, որ Ռուսաստանը պաշտոնապես ներողություն խնդրի և փոխհատուցում տրամադրի զոհվածների հարազատներին։