
Մերձամուրյան շրջանում կործանված Ան-24 ինքնաթիռի համակարգերում խափանումներ չեն հայտնաբերվել

Տինդայի մոտ կործանված ռուսական Ան-24 ինքնաթիռը, նախնական տվյալներով, մինչև գետնին բախվելու պահը խնդիրներ չի ունեցել։
РИА Новости լրատվական գործակալությունը հայտնում է, որ նման եզրակացության եկել են Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) փորձագետները։Կազմակերպությունից լրատվամիջոցին հայտնել են, որ կատարվում է ձայնագրությունների վերլուծություն։ «Նախնական տվյալներով՝ մինչև երկրի մակերևույթին բախվելը ինքնաթիռի համակարգերի խափանումներ չեն գրանցվել»,- նշել են ՄԱԿ-ում։
Կազմակերպությունից հայտնել են նաև, որ ՄԱԿ-ի նախագահ Օլեգ Ստորչևոյը հուլիսի 25-ին Տինդայում օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ան-24-ի ավիացիոն միջադեպը հետաքննող ՄԱԿ հանձնաժողովի անդամների հետ։ Քննարկվել են օդային աղետի վերաբերյալ նախնական տվյալները, մշակվել է միջոցների և գործողությունների ալգորիթմ։
Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերության Ան-24 մարդատար ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 24-ին նշանակման օդանավակայանին մոտենալիս։
Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Տինդայից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ անտառապատ տարածքում։ Ամուրի մարզի նահանգապետ Վասիլի Օրլովի հայտնած տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 48 մարդ։
Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ փրկվածներ չկան։
Հարուցվել է քրեական գործ մարդկանց մահվան հանգեցրած՝ երթևեկության անվտանգության և օդանավի շահագործման կանոնները խախտելու հոդվածով։ Օդային աղետի հանգամանքները հետաքննում է Միջպետական ավիացիոն կոմիտեի հանձնաժողովը։