«Անհնար է` նա ունենա ինչ-որ բան, և հայտարարագրված չլինի». Գագիկ Բեգլարյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

«Գագիկ Խաչատրյանը երկու քայլ այն կողմ աշխատում է: Դուք կարող եք իրեն դիմել: Նույն բանն է, ինչ ես ձեզ հարցնեմ, օրինակ, լրագրողները, որ ձերբակալվում են գումար վերցնելու պատճառով, դուք` լրագրողներդ, ի՞նչ պայքար եք տանում կոռուպցիոն լրագրողների դեմ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին՝ թե կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնին ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ ըստ «Հետքի» հրապարակման՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները թանկարժեք առանձնատուն են գնել Լոս Անջելեսում: «Երբ ասվում է կոռուպցիա, ասվում է բոլոր ոլորտների մասին: Եկեք բոլորս միասին՝ և՛ ձեր դաշտում, և՛ մեր դաշտում, և՛ հարևանի դաշտում, պայքարենք կոռուպցիայի դեմ»,- հավելեց Գագիկ Բեգլարյանը:

Հարցին՝ «Դուք ունե՞ք ունեցվածք, որ հայտարարագրված չէ, ինչպես Գագիկ Խաչատրյանի դեպքում էր», Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ Գագիկ Խաչատրյանի դեպքում հերյուրանք է: Անհնար է` նա ունենանա ինչ-որ բան, և հայտարարագրված չլինի: Ես չունեմ»: Հարցին՝ հնարավո՞ր է նախարարի աշխատավարձով այդպիսի ունեցվածք ձեռք բերել, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց, բոլոր նախարարները կարող են այլ եկամուտներ ունենալ, որոնք կարող են կապ չունենալ պետության, կառավարության և բյուջեի հետ. «Խնդրում եմ՝ այդ հարցերով դիմեք այն մարդկանց, ում մասին հիմա խոսում եք»:

Տեսանյութեր

Լրահոս