«Աշխարհաքաղաքական վտանգավոր միտումներն ի հայտ են եկել նաև Ղարաբաղյան հակամարտությունում». Լուկյանով

«Տարածաշրջանային զարգացումները չեն կարող շրջանցել Ղարաբաղը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս վերլուծաբան, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկիանովը` անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ին ուղղված՝ Ադրբեջանի իշխանությունների մեղադրանքներին և ընդգծված շարունակական ռազմատենչ հռետորաբանությանն այս օրերին: Հիշեցնենք, որ Ադրբեջանը վերջին օրերին ինտենսիվ կերպով  դժգոհություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից՝ նրան մեղադրելով անգործության մեջ:

«Ես նամակներ եմ ուղարկել Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարներին և նրանց ուշադրությանն եմ հասցրել Բաքվի դիրքորոշումը: Ադրբեջանը սուվերեն իրավունք ունի միջազգային հարթակներում բարձրացնել ցանկացած հարց,  և ոչ ոք իրավունք չունի միջամտել նրա սուվերեն իրավունքին»,- ասել է Մամեդյարովը: Վերջինս նաև մեղադրել էր ՀՀ իշխանություններին՝ պնդելով, թե Հայաստանը կողմ է ստատուս-քվոյին: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունների վերաբերյալ նմանատիպ գնահատական էր հնչեցրել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ֆյոդոր Լուկիանովը նախ՝ նշեց, որ այսօր կողմերը ստատուս-քվոյին այլընտրանք չունեն: Այսինքն, ըստ նրա, այլընտրանք միշտ կա, ինչը հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելն է, որին դեմ է միջազգային հանրությունը:

Ադրբեջանը, նրա խոսքով, այս խնդրում լինելով գլխավոր պահանջատեր կողմը՝ ստատուս-քվոն, բնականաբար, չի հանդուրժում և ՄԽ-ից արմատական քայլեր է ակնկալում կամ ինքը չի  բացառում արմատական քայլեր:  Ըստ ռուս վերլուծաբանի՝ չի բացառվում, որ նման հայտարարություններով Ադրբեջանը փորձում է իրեն ապահովագրել ապագա սահմանային լարվածությունից:

«Սա չեմ բացառել նաև մի քանի շաբաթ առաջ՝ հաշվի առնելով բռնկված ռուս-թուրքական լարվածությունը: Ադրբեջանը կողմ է ստատուս-քվոյի փոփոխությանը՝ անգամ որոշակի ռազմական միջամտությունների կամ ճնշումների ճանապարհով, ինչն ավելի հեշտ իրագործելի կլինի անկայուն հարևանության պայմաններում: Իսկ Հարավային Կովկասի հարևանությունն այսօր ամենաանկայուններից ու լարվածներից մեկն է, ուստի չի բացառվում, որ Ադրբեջանը սրանով փորձում է ուղերձ հղել միջազգային հանրությանը իրավիճակի վտանգավորության մասին»,- նման տեսակետ հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը: Վերջինիս համոզմամբ՝ միջազգային հարաբերություններում նոր, վտանգավոր միտումներ են  ի հայտ եկել, որոնք այլևս անվերահսկելի են գերտերությունների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպական միության կողմից:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ներքին տրամաբանությունը, դրանում կա նաև արտաքին գործոն: «Բայց վերջին շրջանում արտաքին գործոնը բոլոր հակամարտություններում նվազել է, գուցե դա պայմանավորված է հակամարտությունների հագեցվածությամբ և նրանով, որ շահագրգիռ արտաքին խաղացողները չեն կարողանում բոլոր տարածաշրջաններին ժամանակ տրամադրել: Այս ընթացքի հետևանքով հակամարտության կողմերն իրենք են սկսում թելադրել իրադարձությունների զարգացման տրամաբանությունը: Սա, կարծում եմ, բացասական հանգամանք է, քանի որ արտաքին ուժերը սովորաբար հանդես են գալիս միջնորդի և խաղաղարարի դիրքերից»,- նման տեսակետ հայտնեց Լուկիանովը:

Խոսելով ԼՂ հակամարտությունում Իրանի հնարավոր դերակատարության մասին` նա ասաց, որ Իրանը տարածաշրջանային հզոր գործոն է դառնալու: «Հաշվի առնելով Իրանի շահերը՝ գտնում եմ, որ Իրանը կարող է կողմերին ետ պահել ռազմական գործողություններից՝ գուցե առանձին նախաձեռնությունների միջոցով, որոնք կարժանանան ՄԽ հավանությանը: Սակայն դրանց մասին խոսելը դեռ վաղ է»,- նկատեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս