«Այդ օրվանից այլևս չեմ գնացել Հանրային հեռուստաընկերություն». հաղորդավար Արտակ Վարդանյան

Այս հաղորդավարի դրական կերպարն ու թվացյալ մանկական հայացքը երբեմն թույլ չեն տալիս ընկալել նրան՝ որպես տարիների փորձ ունեցող հաղորդավարի, ով իր առաջին քայլերը հեռուստատեսությունում սկսել է դեռևս 12 տարեկանից: Այսօր նա վարում է «Երեկոյան Երևան» ծրագիրը: Նա «մի ամբողջ» 26 տարեկան է և ամենալուրջ հարցերի շուրջ խոսում է իրեն հատուկ պարզությամբ: Իսկ զրույցի ընթացքում պարբերաբար խնդրում է՝ առանց ամաչելու և կաշկանդվելու, իրերն անվանել իրենց անուններով. «Նկատի ունեք՝ մանկական հայա՞ցք ունեմ: Այո, մի ամաչեք, ես արդեն սովոր եմ այդ տեսակետին»,- զրույցի ընթացքում հերթական հարցիս «խուճուճ» ձևակերպումը կեսից ընդհատում է Արտակ Վարդանյանն ու հավելում, որ մինչ օրս էլ իրեն երբեմն դիմում են «վայ, բալիկ ջան» խոսքերով:

Artak Vardanyan (1)

– Ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստատեսությունում, այն էլ՝ 12 տարեկան հասակում:

– 12 տարեկանից հեռուստատեսությունում եմ եղել, բայց համարում եմ, որ իմ աշխատանքն այնտեղսկսվել է 16 տարեկանից, երբ «Հ1»-ով վարում էի «Մենք ենք» տարածաշրջանային (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) հաղորդումը: Այդ հաղորդման շնորհիվ ես հասկացա, թե ի՞նչ է ժուռնալիստիկան, և սիրեցի այն:

Կարդացեք նաև

– Նշեցիք, որ 12 տարեկանից եթերում եք: Իսկ ո՞վ է Ձեզ «բերել եթեր»:

– Երբ տանը նստած՝ առաջին անգամ տեսա այն տարիներին դեռևս նորաբաց «Հայրենիք» մանկական ալիքը և լսեցի հայտարարությունն այն մասին, որ պահանջվում են հաղորդավարներ, խնդրեցի մայրիկիս, որ ինձ ևս տանի հեռուստատեսություն՝ քաստինգի մասնակցելու: Հետագայում արդեն իմ ընտանիքի անդամները դեմ էին լրագրող դառնալու իմ որոշմանը: Նրանք ուզում էին, որ ես «խելքը գլխին» մասնագիտություն ընտրեի՝ իրավաբան, բժիշկ… Ամեն մասնագիտություն պատկերացնում էին նրանք, բայց ոչ՝ հաղորդավար կամ լրագրող: Նրանք համարում էին, որ այն ոչ եկամտաբեր մասնագիտություն է:

Artak Vardanyan (4) Artak Vardanyan (6)

– Նրանք իրավացի՞ էին:

– Ո՛չ, իրենք սխալ էին: Երբ ասում ենք՝ եկամտաբեր մասնագիտություն, պետք է առաջին հերթին՝ հաշվի առնենք, թե որքան ես սիրում ընտրածդ մասնագիտությունը: Մի օր՝ շատ, մի օր՝ քիչ, բայց ես այսօր իմ աշխատանքը մեծ սիրով եմ կատարում:

– Այժմ Դուք խորին վստահությամբ և հպարտությամբ խոսում եք սիրած աշխատանքի ընտրության մասին: Դուք դեռ երիտասարդ եք, չունեք ընտանիք, կարող եք Ձեզ թույլ տալ աշխատել՝ որքան որ կամենում եք: Ինչպե՞ս եք վարվելու, երբ ունենաք ընտանիք, որի ֆինանսական կարիքներն ամբողջովին պիտի հոգաք: Կկատարե՞ք գումար բերող, սակայն չսիրված աշխատանք՝ այն միակ և պարզ պատճառով, որ «պետք է»:

– Մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ անում ենք որոշ գործողություններ՝ չսիրելով: Այսօր ևս ինձ կարող են հրավիրել՝ վարելու ինչ-որ միջոցառում, որն այդքան էլ իմ սրտով չէ, բայց ես անում եմ այն հաճույքով, քանի որ իմ բնագավառն է:

Այլ կերպ ասած՝ ինքներդ Ձեզ հետ կոմպրոմիսների եք գնում: Չե՞ք վախենում կորցնել Ձեր «եսը»:

– Երբեք կոմպրոմիսների գնալու խնդիր չեմ ունեցել: Ինձ համար դժվար չէ զիջել, ասել. «Դու ճիշտ ես»: Նույնիսկ համոզված լինելով, որ ես ճիշտ եմ, երբեմն լռել եմ այդ մասին:

– Ի՞նչն է ստիպում երիտասարդ տղային՝ շարունակ զիջել կամ, թեկուզ հանուն «խաղաղության», ընդունել, որ դիմացինն իրավացի է: Ինչո՞ւ եք այդպես վարվում:

– Ժամանակի վատնումն է ստիպում: Ինչո՞ւ պետք է ես որևէ մեկին համոզեմ, որ ես եմ ճիշտ:

– Նույն կերպ եք վարվում նաև գլխավոր խմբագիրների և տնօրենների պարագայո՞ւմ:

– Ինչո՞ւ՝ ոչ: Ի վերջո, դա աշխատանքային պրոցես է, որտեղ կարող են լինել քննարկումներ, փոխզիջումների գնալու տարբերակներ… Ես լավատես եմ: Սկզբում իմ բոլոր խմբագիրները դեմ էին հաղորդավար դառնալու իմ որոշմանը: Նրանք ասում էին, որ ես շատ լավ լրագրող եմ, որ կադրից դուրս շատ լավ եմ կատարում իմ աշխատանքը, որ չարժե թողնել այդ ամենն ու մտնել կադր: Նրանք չէին ուզում, որ ես զբաղվեմ, ինչպես իրենք էին նշում՝ «պոպսա գործով»:

– Եվ ինչո՞ւ որոշեցիք զբաղվել «պոպսա գործով»: Չափազանց մե՞ծ էր կադրում երևալու ձգտումը: Առհասարակ ինչո՞ւ եք ուզում լինել կարդում:

– Եթե կարճ պատասխանեմ՝որովհետև սիրում եմ:

Artak Vardanyan (2)

– Ո՞ւմ: Սիրում եք Ձե՞զ՝ կադրում:

– Ես սիրում եմ կադրը:

– Կադրը կարող էր լինել նաև առանց Ձեզ:

– Իհա՛րկե կարող էր: Բայց ես սիրում եմ այն գործողությունը, այն փոքրիկ նովելը, որը հենց ես եմ կառուցում կադրում: Պարզապես եկավ մի շրջան, երբ ուզում էի, որ լիներ մի թոք-շոու, որի ժամանակ հեռուստադիտողը կտեսներ «գրեթե չմոնտաժված» հաղորդում, հնարավորինս ռեալ՝ բոլոր էմոցիաներով և տողատակերով: Եվ դա ամենահետաքրքիրն էր:

– Եվ այդ ժամանակ ստեղծվեց «Ազատ գոտի» հեռուստաշոուն: Դուք այն համարում եք Ձեր հեղինակային հաղորդո՞ւմը:

– Այո, այն իմն է:

– Իսկ ինչո՞ւ Դուք դուրս եկաք Հանրային հեռուստատեսությունից՝ թողնելով հաղորդումն այնտեղ:

– Խուսափում եմ այդ մասին խոսել և ունեմ իմ հիմնավոր պատճառները: Տպավորություն է, որ տարիներն անցել են, բայց իմ ուշքն ու միտքը դեռ «Ազատ գոտի» հաղորդումն է: Այդ հարցում ես բարդույթ ունեմ: Այո, հաղորդումն իմն էր, որն ուներ բացարձակ ռեյտինգ: Ուղղակի եկավ մի շրջան, երբ ինձ ասացին, որ ես այլևս չեմ աշխատելու այդ հաղորդման մեջ:

– Ո՞վ ասաց:         

– Այն ժամանակվա Հանրային հեռուստատեսության ղեկավարությունը: Ավելի ճիշտ՝ ես դա լսել եմ իմ պրոդյուսերից: Եվ, անկեղծ, այդ օրվանից այլևս չեմ գնացել Հանրային հեռուստաընկերություն՝ համարելով, որ ես այնտեղ այլևս անելիք չունեմ: Այո, տխրել եմ, դեպրեսիայի մեջ էի որոշ շրջան, և դա բնական է:

Artak Vardanyan (7)

– Այսինքն՝ Ձեզ ասացին՝ «հաջողություն», և Դուք հենց այնպես, առանց բացատրություն պահանջելու՝ հեռացա՞ք: Եվ անգամ փո՞րձ չեք արել պայքարելու, չէ՞ որ ասում եք, որ «Ազատ գոտին» Ձեր հեղինակային հաղորդումն էր:

– Իրապես չեմ փորձել պայքարել:

– Դուք հիմա ստո՞ւմ եք:

– Ես իրոք անկեղծ եմ: Չեմ էլ փորձել պայքարել:

– Դուք միանգամից գտաք Ձեր տեղը՝ մեկ այլ հեռուստաընկերությունում:

– Ես մի ամբողջ տարի եթերում չեմ եղել:

– Սակայն Ձեր ներկայության պակասը չէր զգացվում եթերում:

– Դա պայմանավորված էր նրանով, որ հաղորդման կրկնություններն էին ցուցադրվում:

– Ձեր արտաքին տեսքն օգնո՞ւմ է, թե՞ խանգարում: Չգիտեմ անգամ, թե ինչպես ձևակերպեմ հարցս, որ հանկարծ չվիրավորեմ Ձեզ: Մի տեսակ շատ…

Artak Vardanyan (5)

– Պարզ ասեք, որ մանկական տեսք ունեմ: Ես դա առաջին անգամ չեմ լսում: Արդեն սովորել եմ նման մոտեցման: Երբեմն մայրիկիս կամ տատիկիս տարիքի կանայք ինձ դրսում տեսնելիս՝ կարող է դիմեն ինձ «վայ, բալիկ ջան» արտահայտությամբ: Ես զգում եմ, որ դա անկեղծ է, նրանք սիրում են ինձ, ինչպես իրենց երեխային կսիրեին:

– Ձեր՝ չափից դուրս դրական կերպարն ու մանկական հայացքը, որը ոչ մի կերպ չի ցանկանում լքել Ձեզ, խանգարո՞ւմ է լուրջ հաղորդումներ վարելու հարցում:

– Շատ է խանգարում: Չեմ ուզում նշել, թե ով, սակայն մի անգամ հաղորդման հյուրերից մեկն ասաց. «Բարև, երեխաներ»: Երկար ժամանակ իմ մեջ կար այդ բարդույթը, սակայն ես ազատվեցի դրանից այն օրը, երբ մեր խմբագիրներից մեկը մի անգամ ինձ կանչեց իր մոտ և ասաց, որ չի կարելի մնալ մանկական տեսքով՝ վարել լուրջ հաղորդումներ: Այդ ժամանակ ես նրան ասացի, որ տարիքը և մանկական տեսքը միակ թերություններն են, որոնք վաղ թե ուշ շտկվելու են:

– Դե՜, դա այդքան էլ Ձեր արտահայտությունը չէ:

– Իհարկե, ես չեմ այդ արտահայտության հեղինակը, բայց այն շատ տեղին էր, և ես այն կիրառեցի ճիշտ պահին և ժամանակին:

– Ուզում եք ասել, որ այդ միակ պատասխանով ազատվեցի՞ք այդ բարդույթից:

– Այո, ես ազատվեցի, քանի որ հասկացա, որ միշտ չէ, որ լինելու եմ երիտասարդ և 26 տարեկան:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս