Բաժիններ՝

Օտար լեզուների իմացությունն օգնում է նորովի ընկալել աշխարհը

Երկրագնդի վրա կան բազմաթիվ մշակույթներ, և այդ բազմազանության պատճառներից մեկն ազգերի տարբեր աշխարհընկալումն է: Մարդիկ սովորաբար կարծում են, որ լեզուն լոկ արտահայտում է մեր մտքերի և զգացմունքների առանձնահատկությունները: Սակայն, հարց է ծագում՝ արդյոք տեղի չի՞ ունենում հակադարձ երևույթը, այսինքն՝ չի՞ կարող լեզուն իր հերթին՝ ազդել մեր մտածելակերպի և զգացմունքների վրա:

Գիտնականներին այս հարցը վաղուց է հուզում: Կատարվել են մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքում, օրինակ, պարզվել է, որ անգլալեզու մարդկանց համեմատ՝ ռուսալեզու մարդիկ ավելի արագ են տարբերակում կապույտ գույնի երանգները, իսկ ճապոնացիները նախընտրում են իրերը խմբավորել՝ ըստ հումքի և կազմության, մինչդեռ անգլիացիներն ավելի շատ ուշադրություն են դարձնում արտաքին նմանությանը և ուրվագծին:

Եթե լեզուն իսկապես ազդում է գիտակցության վրա, կարելի է ենթադրել, որ երկլեզու մարդկանց աշխարհընկալումը պետք է խառը տիպի լինի: Վերջերս կատարված հետազոտություններից մեկի ընթացքում, որին մասնակցել են անգլերեն կամ գերմաներեն խոսող և միաժամանակ երկու լեզվին տիրապետող մարդիկ, ցուցադրվել են անորոշ բնույթի տեսագրություններ: Դրանցում մարդիկ կատարում էին տարբեր գործողություններ (քայլում էին, վազում էին, և այլն)՝ առանց որևէ հստակ նպատակ հետապնդելու: Հետազոտության մասնակիցները պետք է նկարագրեին իրենց տպավորությունները: Գերմանախոսները 40% դեպքերում կատարվածի մեջ որոշակի նպատակ էին փնտրում, իսկ անգլախոսները՝ 25% դեպքերում: Կարելի է ասել, որ գերմանացիներին ավելի շատ հուզում էին կատարվածի հետևանքները, մինչդեռ անգլիացիներին ավելի շատ հետաքրքրում էր ինքնին գործողությունը: Իսկ երկլեզու մարդկանց պատասխանները միջանկյալ տեղ էին զբաղեցնում: Նրանք տալիս էին տարբեր պատասխաններ՝ կախված նրանից, թե ո՞ր երկրում են գտնվում և ի՞նչ լեզվով են խոսում իրենց շուրջ:

Կարելի է պնդել, որ օտար լեզուները բառացիորեն ընդլայնում են մեր աշխարհայացքը և ստիպում այլ հայացք նետել աշխարհին: Դեռևս կան բազմաթիվ անպատասխան հարցեր: Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել լեզվի ազդեցությունը միայն այն պահին, երբ այն ակտիվ էր: Հնարավոր է, սակայն, որ լեզուն ազդեցություն է թողնում նաև այն ժամանակ, երբ մենք չենք խոսում: Աշխարհընկալման բոլոր առանձնահատկությունները, իհարկե, պետք չէ վերագրել օտար կամ մայրենի լեզվին, քանի որ մշակութային գործոնները շատ բազմազան են, և իրական կյանքում դրանք կարող են ուժեղացնել կամ թուլացնել լեզվի ազդեցությունը մեր գիտակցության վրա:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց ՊԱՐԳԵՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս