
Արեգակի այսօրվա խավարումը Հայաստանից չի երևա

Քիչ ժամանակ է մնացել այս տարվա Արեգակի առաջին (և միակ) ամբողջական խավարմանը։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Լուսնի ստվերը Երկրին կդիպչի ապրիլի 8-ին, Երևանի ժամանակով՝ 19:42-ին, և մոլորակից դուրս կգա կեսգիշերն անց, Երևանի ժամանակով՝ 00:52-ին: Ամբողջական խավարման փուլը կսկսվի մոտավորապես 20:39-ին և կավարտվի 23:55-ին: Միջոցառման գագաթնակետը կլինի 22:17 րոպեին։
Լուսնի ստվերի հետքը կձգվի միայն երեք երկրների՝ Մեքսիկայի, ԱՄՆ-ի և Կանադայի տարածքներով։ Գոտու մեջ կներառվեն նաև Խաղաղ օվկիանոսի մի քանի կղզիներ։ Ամբողջական խավարումը կանցնի մեծ և միջին քաղաքներով՝ Մեքսիկայում՝ Մազաթլան, Դուրանգո, ԱՄՆ-ում՝ Սան Անտոնիո, Օսթին, Դալլաս, Լիթլ Ռոք, Ինդիանապոլիս, Բուֆալո Կանադայում՝ Մոնրեալ: Մոլորակի ընդհանուր բնակչությունը, որը կտեսնի խավարումը՝ առանց տնից դուրս գալու, կազմում է մոտ 30 միլիոն մարդ:
Թեև ամեն տարի Երկրի վրա տեղի է ունենում առնվազն երկու խավարում, ամբողջական խավարումները շատ ավելի հազվադեպ են լինում։ Սա այս տարվա միակ ամբողջական խավարումն է (այս տարվա երկրորդ խավարումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին և կլինի օղակաձև խավարում)։ Հաջորդ ամբողջական խավարումը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 12-ին, ինչը նշանակում է, որ դրա համար պետք է սպասել ավելի քան երկու տարի»։