Բաժիններ՝

Քարերի երկիր Ռոքաստան

Ուլիխանյան ակումբում փետրվարի 21-ի երեկոյան տեղի ունեցած մեծ միացյալ հարդ ռոք համերգն այլևս պատմություն է։ Բեմ դուրս եկան երեք ռոք խմբեր՝ «Հայարդը», «Նաիրին» և «Էլիպսը»։ Ռոքասեր հասարակության համար առաջինը հանդես եկավ «Հայարդը»՝ կատարելով հանդիսատեսին հայտնի երգերը։

10999890_10204092523657575_1370455790_o

Կատարումներից հետո զրուցեցինք «Հայարդի» սոլո-կիթառահար Անդրե Վարդանյանի հետ։ «Համերգը մեր սպասվածի պես անցավ, անգամ ավելի լավ, քանի որ երաժիշտներիս համար ամենակարևորը հանդիսատեսից եկող էներգիան է, իսկ այսօր այդ էներգիայում և՛ ագրեսիա կար, և՛ մեղմություն։ Մի խոսքով, այն բոլոր զգացմունքները, որ պետք են երաժշտին ոգեշնչվելու համար, մենք այսօր ստացանք»։

11001000_10204092523417569_2025706550_o

Անդրեն պատմեց նաև «Հայարդ» խմբի անվանման մասին։ «Քանի որ հայ ենք, որոշեցինք որևէ հայկական շունչ տալ, և մեր խմբի անվանումը երկու բառերի համադրությունն է՝ «հայ» և «արդիական»։ Այսինքն՝ նվագում ենք հայկական արդիական երաժշտություն։ «Հայարդն» ունի նաև հայերեն երգեր, բայց այսօր մենք դրանք չկատարեցինք, քանի որ դրանց մեջ ներառվում է զուռնա, դհոլ, քամանչա, իսկ այսօր դա տեխնիկապես հնարավոր չէր»։ «Արդյոք սա կարո՞ղ ենք համարել «Հայարդի» լավագույն համերգը» հարցին Անդրեն պատասխանեց, որ համերգը շատ լավն էր, բայց ավանդաբար «Հայարդի» լավագույն համերգները տեղի են ունենում խմբի ծննդյան օրը՝ ապրիլի 28-ին։

11001248_10204092523617574_1488068220_o

Հաջորդը ելույթ ունեցավ «Նաիրի» ռոք-խումբը։ Հանդիսատեսը խմբի հետ միասին երգում էր խմբի ամենահայտնի երգերը՝ «Մեր նուռը մեր տունն է», «Ջանն է հավատ», «Հեքիաթն Տոշիկին»։ Համերգին «Նաիրին» ներկայացրեց նաև իր նոր երգի պրեմիերան՝ «Մի քիչ սիրիր ինձ»։ «Ճիշտ է՝ ընդունված է նախ ներկայացնել նոր ստեղծագործության աուդիոձայնագրությունը, ապա կենդանի կատարել այն, բայց քանի որ մենք հայ ենք, մեզ մոտ ամեն ինչ «թարս է»՝ երգի աուդիոձայնագրությունը կլինի օրեր անց», – բեմից հանդիսատեսին ասացին տղաները։

11001325_10204092523577573_1152125248_o
Այնուհետև 80-90-ականներին ակտիվ գործունեություն ծավալած «Էլիպս» ռոք խումբը կատարեց իրենց երգերից մի քանիսը, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Սև անձրև» երգը։ Համերգի վերջում «Հայարդ» և «Նաիրի» խմբերի երաժիշտները միասին կատարեցին մի շարք համաշխարհային հիթերի քավրներ։

Համերգից հետո մեզ հետ զրուցեց «Նաիրիի» սոլո-կիթառահար Խորեն Միքայելյանը, ով նշեց, որ հանդիսատեսը սպասվածից պասիվ էր։

«Երևի ցրտից էր կամ քաղաքական իրավիճակից», – կատակեց Խորենը։ Ինչ վերաբերում է խմբի կատարումներին, Խորենը պատմեց, որ իրենք ամեն համերգից հետո միանգամից տեսնում են, թե ինչի վրա պետք է ավելի շատ աշխատեն, ինչի վրա ուշադրություն դարձնեն, քանի որ միշտ էլ կատարելագործվելու տեղ կա։ «Հայաստանի համար շատ կարևոր է ռոք երաժշտությունը, չէ՞ որ մենք քարերի երկիր ենք, իսկ «rock» անգլերենից թարգմանված՝ նշանակում է «քար»», – ամփոփեց երաժիշտը։

11018213_10204092523457570_1216030221_o

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս