Հերմինե Նաղդալյան. «Մենք չէինք կարող կողմ լինել նման որոշմանը, քանի որ ՌԴ-ն մեր ստրատեգիական դաշնակիցն է»

Երեկ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշում է կայացվել մինչև ապրիլի գարնանային նստաշրջան ուժի մեջ թողնել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու որոշումը, որը կայացվել էր դեռևս 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո: ՀՀ պատվիրակությունից նիստին մասնակցել են՝ Հերմինե Նաղդալյանը, Մհեր Շահգելդյանը, և Նաիրա Կարապետյանը:

ՀՀ պատվիրակության դիրքորոշման վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը.

«Այս քվեարկությամբ հարց էր դրված՝ ով է կողմ, որ Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները դադարեցվեն և, բնական է, որ մենք չէինք կարող կողմ լինել նման որոշմանը, քանի որ Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է և գործընկերը, և քանի որ մենք համարում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պետք է լինի այն հարթակը, որտեղ բոլորը կարողանան խոսել և երկխոսել, բարձրաձայնել իրենց դիրքորոշումները, քննարկումների ճանապարհով փորձել գտնել հնարավորություն՝ դիրքորոշումների մերձեցման, փոխըմբռնման համար, հետևաբար, պատճառաբանված է մեր նման քվեարկությունը:

Ավստրիացի պատգամավոր Շեննախի հեղինակած զեկույցի վերաբերյալ կատարվել էին բազմաթիվ լրացումներ և դրանց մեջ կային այնպիսինները, որոնք էականորեն ծանրացնում էին իրավիճակը, և մենք դեմ ենք եղել դրանց: Մինչ լիագումար նիստը, այդ զեկույցը քննարկվել է նաև մոնիտորինգի հանձնաժողովում և այնտեղ նույնպես մեր դիրքորոշումները եղել են հօգուտ մեր ռուս գործընկերների: Բայց պետք է նաև հիշեցնեմ քվեարկության ընդհանուր արդյունքը՝ 160 եվրոպացի պատվիրակներ քվեարկեցին կողմ Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների դադարեցմանը, որը մեծամասնություն էր, իսկ 42 դեմ և ևս 11 ձեռնպահ քվեարկած պատվիրակները փաստորեն համաձայն չեին նման որոշմանը, որոնց թվում նաև մենք: Ինչպես տեսնում եք, քանի որ մեր պատվիրակությունը փոքրաթիվ է, մեր 3-4 ձայնը թվային առումով ոչինչ չէր փոխում ընդհանուր արդյունքի մեջ»:

ԱԺ

Տեսանյութեր

Լրահոս