Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։
Քննարկվել են Երևանում ԵԽ գրասենյակի՝ «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի անցկացմանն առնչվող հարցեր։
Ծրագիրը նպաստում է զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, կրթական կարողությունների զարգացմանը և պաշտպանական գերատեսչության ինստիտուցիոնալ բարեփոխումներին, կին զինծառայողների կրթական կարողությունների զարգացմանը, զինծառայողների վարքագծի կանոնների միջազգային չափանիշների համապատասխանեցմանը, ինչպես նաև ՄԻՊ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների արդյունավետ և սահմանված ժամանակացույցով իրականացմանը։
Համագործակցության շարունակականության ապահովման համատեքստում ընդգծվել է ձեռք բերված արդյունքների պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները կարևորել են ծրագրի շարունակականության ապահովումը և համագործակցության նոր ուղղությունների զարգացումը։