Իսկական երազանքը պարադոքսալ հատկություն ունի. եթե այն կիսում ես ինչ-որ մեկի հետ, նրա ուժը բազմապատկվում է. Ռուբեն Վարդանյան

«Լեգենդար գործարար Ռուբեն Վարդանյանը պատմում է իր երազանքի մասին եւ անգամ պատրաստ է այն կիսել նրանց հետ, ովքեր երազանք չունեն: Ռուբեն Վարդանյանի երազանքը կբավարարի բոլորին: Խնդիրն այն է, որ նրա երազանքը ոչ բոլորին կարող է հարմար լինել եւ ոչ բոլորը կարող են այն իրագործել»,-գրում է ռուսական «Русский пионер» պարբերականը՝ ներկայացնելով հայտնի գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի գաղափարները՝ երազանքի նշանակության, դրա ծննդի եւ իրագործման, ինչպես նաեւ բարեգործության մասին.

«Ժամանակին բոլորին, ովքեր գալիս էին «Տրոյկա դիալոգ»-ում աշխատանքի ընդունվելու, մենք այսպիսի վարժություն էինք առաջարկում՝ պատմել իրենց երազանքի մասին: Կամ հարց էինք առաջադրում՝ «Ինչպե՞ս կուզենայիք որ շնորհավորեն Ձեզ՝ 50-ամյակի կապակցությամբ»: Այս վարժության արդյունքները բավականին հետաքրքրական էին. գերակշիռ մասը երազում էր «ծովի ափին տնակի» մասին եւ 20 տարի անց իրեն չէր տեսնում:

Հոգեբանները նշում են, որ շատ երիտասարդներ, ովքեր ծնվել են ոչ ԽՍՀՄ-ում, այլ «նոր» Ռուսաստանում, չեն կարողանում երազել: «Երազանք» հասկացությունը նրանց մոտ փոխակերպվում է նպատակի, ընդ որում՝ դրա նյութական արտահայտությամբ՝ նոր գաջեթ, ճանպարհորդություն դեպի էկզոտիկ երկիր, լավ վճարվող եւ ցանկալի է՝ ոչ շատ ծանրաբեռնված աշխատանք: Նրանց հետաքրքիր չէ, ինչ կա «հորիզոնից այն կողմ»: Նրանք այդ ուղղությամբ չեն էլ նայում: Ես բազմիցս եմ ասել, որ մեր հասարակության երկու առանցքային խնդիրներից եմ համարում պլանավորման կարճ հորիզոնն ու վստահության փոքր շառավիղը: Այս խնդիրները սերտորեն շաղկապված են: Խնդիրն այն է, որ երկարաժամկետ հեռանկարը տեսնելու ունակություն կարող են ունենալ միայն նրանք, ովքեր վստահ են իրենց ուժերին: Սեփական ուժերի նկատմամբ հավատը ծնվում է սեփական անձի, շրջապատի, աշխարհի նկատմամբ վստահությունից: Կարծում եմ՝ մարդկանց կարելի է սովորեցնել երազել՝ սովորեցնելով ավելի շատ վստահել միմյանց:

Որտե՞ղ եւ ե՞րբ է ծնվում երազանքը: Դրա ակունքները, ինչպես նաեւ բարդույթների ակունքները, հավանաբար պետք է փնտրել պիոներական մանկության կամ կոմերիտական երիտասարդության մեջ: Հիշում եմ, 1990 թվականին համակուրսեցիներով վիճում էինք, թե որն է ավելի լավ՝ օգնե՞լ տասը հոգու, որոնցից ինը կարող են քեզ խաբել, թե՞չօգնել ոչ մեկին՝ քեզ հիմար չզգալու համար: Ես ասացի, որ փող կտամ տասին էլ, եւ թող ինձ հիմար համարեն: Ինձ էլ կյանքում շատ են օգնել: Երբեք չեմ մոռանա, որ համարյա անծանոթ տղաները, որոնց հետ ես մեկնում էի Ադրբեջան՝ բանակում ծառայելու, իմ համար 23 ռուբլի հավաքեցին (իրենց ողջ խնայողությունները), քանի որ հենց այդքան էր պակասում, որ ինձ Հայաստան ծառայելու տեղափոխեին: Միգուցե հենց այդ ժամանակ ինձ մոտ ծագեց միտքը, որն էլ հետագայում վերածվեց իսկական երազանքի՝ այնպես անել, որպեսզի նրանք, ովքեր ցանկանում են եւ կարող են օգնել, չվախենան դա անելուց: Ես երազում եմ Ռուսաստանում ստեղծել բարեգործության պրոֆեսիոնալ ինդուստրիա, քանի որ դա համարում եմ վստահության շառավղի ընդլայնման հիմնական պայմանը:

Բարեգործությունը առողջ հասարակության կարեւորագույն տարրերից մեկն է: Մեզնից յուրաքանչյուրը այս կամ այն կերպ զբաղվում է բարեգործությամբ: Ինչ-որ մեկը հասցեական օգնություն է ցուցաբերում՝ հարազատներին, ընկերներին, ծանոթներին, ովքեր դժվարության մեջ են: Շատերն են արձագանքում ողբերգական իրադարձություններին՝ օգնում գումարով, սննդով, հագուստով, սեփական մասնակցությամբ: Սակայն դրանք տարբեր բաներ են: Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի հարցումներից մեկի արդյունքներով՝ ռուսաստանցիների միայն 10- 15% -ն է պրոֆեսիոնալ բարեգործական ինստիտուների միջոցով գումար նվիրաբերում: Մեր խնդիրն այն է, որ չենք վստահում կամ լիարժեքորեն չենք վստահում նրանց, ում տալիս ենք մեր փողերը: Բարեգործական ինդուստրիայի պրոֆեսիոնալիզմը նույնպես մեզանում ցածր է: Ահա թե ինչու բարգործության ինդուստրիան ավելի արդյունավետ, պրոֆեսիոնալ, թափանցիկ դարձնելու ցանկություն ունեմ, որը տասնյակ միլիարդավոր դոլարներ կկառավարի:

Ուշագրավ է, որ իսկական երազանքը պարադոքսալ հատկություն ունի. եթե այն կիսում ես ինչ-որ մեկի հետ, նրա ուժը բազմապատկվում է: Այլ կերպ ասած՝ ինչքան շատ մարդ հավատա քո երազանքին, այնքան ավելի մեծ է դրա՝ իրականություն դառնալու հավանականությունը: Դրա արդյունքը Մոսկվայում միջազգային որակի բիզնես-դպրոցի (Մոսկովյան «СКОЛКОВО» կառավարման դպրոցը)՝ սկզբում անիրականանալի թվացող երազանքն էր եւ Հայաստանում միջազգային դպրոցի (UWC Dilijan College) ստեղծումը:

Ուստի վերադառնալով նրան, ինչից սկսեցի, պետք է ասեմ, որ եթե դուք հանկարծ զգաք, որ երազանք չունեք, ես պատրաստ եմ իմ երազանքով կիսվել ձեզ հետ: Վստահ եմ, որ միասին մենք կարող ենք այսօր ստեղծել ապագան, որպեսզի վաղը կարողանանք երազանքից ավելի վեր բարձրանալ»:

Տեսանյութեր

Լրահոս