Միխայիլ Շվիդկոյ. Ավելի լավ կլինե՞ր, եթե Ադրբեջանը զենք գներ ԱՄՆ-ից

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում՝ անդամների և ակումբի նախագահ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի լուռ համաձայնությամբ, որպես աշխատանքային լեզու է հաստատվել ռուսերենը: Այսօր ակումբի 7-րդ հանդիպմանը, որին ներկա էին ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կինոյի և թատրոնի գործիչներ, ռուսերեն խոսքի ավանդույթը «խախտեց» ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Նախքան այդ Մ.Շվիդկոյն իր ելույթում խոսում էր հայ-ռուսական կամ իր տեսնակյունից՝ ռուս-հայկական մշակութային կապերի ամրապնդման, լեզուների տարածման անհրաժեշտության մասին, ինչին, ըստ նրա, կնպաստի նաև ՀՀ-ի անդամակցությունը Մաքսային միությանը:

«Հայերը մեր համար մեծ ազգ են»,- ասաց ՌԴ նախագահի ներկայացուցիչը:

Խ.Քոքոբելյանը հայտարարեց, որ ժամանակի սղության պատճառով է, որ Մ.Շվիդկոյի խոսքը չի թարգմանվում հայերեն, բայց ինքը կհարգի «Հայոց լեզվի մասին» օրենքը և կխոսի հայերեն: Պատգամավորը օրինակներ բերեց, թե ինչպես են աշխարհի մեծերը կարևորել հայոց լեզուն, թե ինչպես է Բայրոնը հայերեն սովորել՝ հատուկ Նարեկացի կարդալու համար, և հայտնեց իր դժկամությունը, որ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների առջև խոչընդոտներ են հայտնվում, ռուսական կողմից հնչում են ոչ արդար հայտարարություններ, որոնք բուռն արձագանք են ստանում հայ հասարակությունում:

«Ակումբի այս հավաքն արդեն 7-րդն է և լավ կլիներ գոնե մեկ անգամ քննարկվեր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը և դատապարտվեր: Դա չի նշանակում որևէ կնճռի առաջացում հայ-ռուսական հարաբերություններում,- ասաց ԱԽաչատուր Քոքոբելյանը և հավելեց, որ պետք է քննարկվի նաև Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը՝ մարդու իրավունքի հետ կապված, և ոչ թե իրավական առումով, այլ՝ առողջապահական,- Լ.Հայրապետյանը մեծ ներդրում ունի հայ-ռուսական հարաբերություններում: Կամք պետք է գտնել և խոսել այս անթույլատրելի փաստերի մասին»:

«Կարող եմ ասել՝ դրանք իմ հարցերը չեն, եկեք հումանիտար հարցեր քննարկենք, բայց հարցով կպատասխանեմ՝ ավելի լավ կլինե՞ր, եթե Ադրբեջանը զենք գներ ԱՄՆ-ից»,- փորձեց հակադարձել Միխայիլ Շվիդկոյը՝ նկատելով, որ հայկական բանակն էլ լավ մարտավիճակում է: (Ի դեպ, ռուս հյուրին սկսեցին թարգմանել նախ՝ հաղորդավարուհի Զառա Արամյանը, ապա նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը, մինչև հրավիրեցին թարգմանչուհու):

Լ.Հայրապետյանի ձերբակալության մասին Շվիդկոյը նշեց, որ Վլադիմիր Եվտուշենկոն էլ է ձերբակալվել, ազգային պատկանելության որևէ հարց չկա և այս գործում կա նաև երրրորդ հետք՝ բաշկիրյան նավթի:

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը փորձեց խոսակցությունը կրկին ուղղել «մշակութային հուն»՝ նշելով, որ Օլեգ Տոբակովը դեռ 2004թ. բեմադրել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ թատերական ներկայացում՝ «Лунное чудовище», որը մինչ օրս բեմադրվում է:

Սակայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նույնպես անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների ցավոտ խնդիրներին: Նա նշեց, որ թեև Կիսիլյովից ավելի մեղմ, սակայն Մ.Շվիդկոյը նույնպես նույն նպատակն է հետապնդում՝ ռուսաց լեզվի կարևորումն ու տարածումը Հայաստանում.

«Մեխը նույն նպատակին եք դրել, նա մուրճով էր եկել, Դուք ավելի փափուկ եք փորձում դա անել: Բայց շեշտը պետք է այլ առարկայի վրա դնել և եթե շեշտը ռուսերենի վրա չդնեք, ավելի լավ կլինի: Հիմա հետաքրքրությունների դար է, հարաբերությունները կառուցվում են հետաքրքրությունների վրա: Մեխ դնել և խփել չի կարելի»:

Անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին՝ Թ.Պողոսյանը հայտարարեց, որ ավելի լավ է ՌԴ-ն երկու երկրներին էլ ատոմային ռումբ տա ու խաղաղություն կհաստատվի, կամ էլ կարող է ՄԱԿ-ին դիմել, որ Հարավային Կովկասում զենք վաճառող երկրի հանդեպ պատժամիջոցներ կիրառեն:

Թ.Պողոսյանը ՌԴ նախագահի ներկայացուցչին խորհուրդ տվեց ՀՀ-ին և ՌԴ-ին դիտարկել որպես հավասար երկրներ. «Հարաբերությունները հավասար դրեք, որ ինչ-որ լրագրող չգա ու ասի՝ տաքսիստները ռուսերեն չգիտեն, ցուցանակներին ռուսերեն գրված չէ: Կիսելյովը հայ-ռուսական հարաբերություններին ավելի շատ վնասեց, քան օգնեց: Հաջորդին՝ ում կուղարկեք, ասեք՝ չվնասի»:

Հ.Նաղդալյանը հայտարարեց, թե պատգամավորները ճիշտ հարցեր չեն բարձրացնում: Սակայն Մ.Շվիդկոյը համաձայնեց, որ պահանջարկի դեպքում ամեն ինչ էլ կլինի ու ռուսերենը կրկին տարածում կգտնի ՀՀ-ում: Նա մի անեկդոտ պատմեց. «Մի մարդ մահանում է, նրան ցույց են տալիս դժոխքը՝ ճոխ կահավորված, ապա դրախտը, և մարդն ընտրում է դժոխքը, սակայն երբ տանում են այնտեղ, կրակի լեզուները բարձրանում են ու սկսում այրել մարդուն: Իսկ երբ նա զարմացած հարցնում է, թե այս ինչ եղավ, պատասխանում են՝ զբոսաշրջությունը միգրացիայի հետ շփոթել պետք չէ»:

Ի դեպ, հայ-ռուսական ակումբում հանդիպումից հետո Մ.Շվիդկոյը պետք է մասնակցի Երևանում Ռուսական գրքի տան և Ռուսաց լեզվի անվճար դասընթացների կենտրոնի բացմանը:

Տեսանյութեր

Լրահոս