Բաժիններ՝

Խաղի բնույթը փոխվում է. Արևմուտքն ամուր դիրքորոշում է որդեգրում Ռուսաստանի հանդեպ. Բժեզինսկի

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի աշխարհահռչակ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին անդրադարձել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պլաններին և ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովից ակնկալիքներին.

«Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը ռուսական ներխուժում որակելուն կողմ է միջազգային հանրության մեծ մասը: Իսկ այլ կերպ ինչպե՞ս կարելի է անվանել այն: Ռուսական զորքերը հատում են սահմանը: Ռուսական տանկերը հատում են սահմանը: Ռուսաստանը մշտապես հրետակոծում է սահմանից այն կողմ ընկած տարածքը:

Բացի այդ, այնտեղ կան նաև ռուսամետ ուկրաինացիներ, որոնց սպառազինել է Ռուսաստանը: Դա հարևան երկրի դեմ ուղղված ռազմական գործողություն է և հետևաբար այն լուրջ սպառնալիք է համայն աշխարհի համար:

Անկասկած է, որ այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում (Եվրամայդանն ու Յանուկովիչին իշխանությունից հեռացնելը) լուրջ հարված հանդիսացավ Պուտինի անձնական ու միջազգային հավակնություններին և հենց Խորհրդային միության նման բան վերստեղծելու նրա պլաններին:

Դա անվանելով Եվրասիական միություն՝ Ռուսաստանն իր համար ամենակարևոր երկրի՝ Ուկրաինայի, ինչպես նաև Բելառուսի ու հետխորհրդային մյուս հանրապետությունների աջակցության հիման վրա, որոշակի իմաստով կվերածվեր գերակա ուժի, ինչպես որ դա եղել է Ռուսական կայսրությունում ու նույն ԽՍՀՄ-ում:

Այդ ուղով չընթանալու Ուկրաինայի որոշումը լուրջ խնդիրներ ստեղծեց Պուտինի պլանների համար և օրինակ հանդիսացավ մյուս երկրների համար, որոնք գնալով ավելի շատ են ցուցադրում, որ ցանկանում են ունենալ առանձին կարգավիճակ: Նայեցե՛ք Ղազախստանի, Ուզբեկստանի տատանումներին:

Վառ օրինակ է ոչ վաղ անցյալում Բելառուսում տեղի ունեցած հանդիպումը: Ես կարծում եմ, որ մենք շատ դանդաղ ենք Պուտինին համոզում, որ նա չի կարող անցնել մտածած ողջ ուղին: Կարծում ենք, որ մենք պետք է գործեինք ավելի վաղ ու բաց աջակցություն ապահովեինք Ուկրաինային:

Մենք պետք է պատրաստ լինենք հրապարակավ հայտարարել թե՛ Ռուսաստանին, թե՛ մնացյալ բոլոր երկներին, որ Ուկրաինան ներկայումս գտնվում է պաշտպանության ներքո: Դրա համար էլ մենք պատրաստվում ենք Ուկրաինային հատկացնել պաշտպանական սպառազինություն, ընդգծում եմ՝ միայն պաշտպանական սպառազինություն, որը կարող է օգտագործվել տանկերի ու հրետանու ներխուժման դեմ»:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովին՝ Բժեզինսկին հայտարարել է, որ դրա գլխավոր արդյունքը կլինի այն բանի հաստատումը, որ ՆԱՏՕ-ն ակտիվ ու նշանակալից դաշինք է՝ պատրաստ ձեռնարկելու համար յուրաքանչյուր անհրաժեշտ միջոց իր հավաքական անվտանգությունը պաշտպանելու համար:

Բժեզինսկին հավելել է, որ մոտ ապագայում իրենք պետք է հստակ որոշում ընդունեն ՆԱՏՕ-ի ուժերի մշտական բազաների տեղակայման մասին, ինչը մասնավորապես վերաբերում է Բալթյան երկրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս