Բաժիններ՝

«Հայկական լեռնաշխարհը» մուլտիմեդիա գիրքը կհրապարակվի 7 լեզուներով, այդ թվում` թուրքերենով

Այսօր` հունվարի 29-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Հայկական լեռնաշխարհը» մուլտիմեդիա էլեկտրոնային գրքի շնորհանդեսը: Այս էլ. գիրքը ստեղծվել է Հայկական վիրտուալ համալսարանի նախաձեռնությամբ:

Նոր գիրքը կհրապարակվի 7 լեզուներով՝ հայերեն (արևմտահայերեն և արևելահայերեն), անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանը` նշելով, որ սա Հայկական վիրտուալ համալսարանի կողմից նախաձեռնված առաջին գիրքն է, որը բոլորին հասանելի կլինի անվճար:

«Նոր գիրքը ներառում է հայկական լեռնաշխարհի բնությունը, աշխարհագրությունը, պատմությունը և այլ տեղեկություններ ու հասնում մինչև այսօրվա Հայաստանի և Արցախի պետությունների ժամանակաշրջանը: Այդ բոլոր տեղեկությունները ներկայացնում է ֆիլմերի, քարտեզների, 3D պատկերների և տարբեր ներկայացումների միջոցով»,- ասաց Ե. Զորյանը:

Ըստ բանախոսի` «Հայկական լեռնաշխարհը» 7 լեզուներով հանրությանը հասնելի կլինի մարտից, այն մատչելի կլինի ինչպես՝ համակարգիչների, այնպես էլ՝ շարժական սարքերի` սմարթֆոնների և պլանշետների օգտատերերի համար:

«Սա մեր նախաձեռնած առաջին մուլտիմեդիա գիրքն է, սակայն այն շարունակություն կունենա, և մենք կստեղծենք գրքեր, որոնք կընդգրկեն նաև այլ բնագավառներ`երաժշտություն, ճարտարապետություն, գեղարվեստ, էկոնոմիկա, կրոն, շախմատ, տուրիզմ և այլն, այսինքն` տարբեր ուղղվածություն ունեցող գրքեր կստեղծվեն»,- ասաց Ե. Զորյանը:

Տեղեկացնենք, որ Հայկական վիրտուալ համալսարանը ստեղծվել է 2009 թվականին: Այն Հայկական բարեգործական ընդհանուր միության ծրագրերից մեկն է: Այստեղ ուսուցումն իրականացվում է 6 լեզուներով` հայերեն (արևելահայերեն և արևմտահայերեն), անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իսպաներեն:

Այժմ համալսարանն ունի 3000-ից ավելի ուսանողներ՝ աշխարհի 65 երկրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս