Տատիկս մարեց նվիրական երազանքով՝ գնալ սիրելի ծննդավայր Իգդիր, որից բռնի հեռացել էր՝ 10 տարեկանը չբոլորած

Տատիկս՝ Հասմիկ Կանայանը, մարեց 1998-ի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ երեք նվիրական երազանք շուրթերին՝ այցելել 7 քույրերից` Ցեղասպանության ճիրաններից միակ փրկված Հեղինեի, կաղզվանցի ամուսնու՝ Վաղինակի շիրիմներին և ամբողջ կյանքի ամենաբաղձալի երազանքը՝ գնալ սիրելի ծննդավայր Իգդիրը, որից բռնի հեռացել էր՝ 10 տարեկանը չբոլորած:

Իր կյանքի հուշագրությունը Հասմիկ Կանայանը կառուցել էր բացառապես իր ընդհատված մանկության հուշերից… Ծնվել էր Իգդիրում՝ Կանայանների գերդաստանում, մեծ զորավար Դրաստամատ Կանայանի հորեղբոր որդու՝ Հակոբի ընտանիքում: Մանկությունն ընդհատվում է, երբ թուրք զինվորականները նրան ու քույրերին բռնի տանում են մարագը և կրակի տալիս: Բարեբախտաբար, Դրոյի կողմից ուղարկված կամավորները ժամանակին օգնության են հասնում, և տատիկս փրկվում է:

Հասմիկ տատիկը երկար լռում էր այս դեպքը վերապատմելիս, կարծես կրկին լսում էր ողբի ձայները հրդեհի ժամանակ…

Այնուհետև, շարունակելով պատմությունը, նշում էր, որ երբ որոշ ժամանակ անց ստիպված էին անցել դեռևս ծխացող գոմի կողքով, գետնին նկատելի էին կանանց դիերի մնացորդներ՝ ածխացած մասեր ու ոսկորներ: Մարագ էր բռնի քշվել նաև տատիկիս մայրը՝ Իսկուհին, որը, գուցե վախից ու տեսած սարսափներից, օրեր անց մահանում է վաղաժամ ծննդաբերության ժամանակ:

Իգդիր քաղաքի մասին խոսում էր անհագ կարոտով և գուրգուրանքով: Հպարտությամբ էր նշում, որ հաճախել է Իգդիրի իգական վարժարան, ապա փորձում էր նկարագրել քաղաքի երեք եկեղեցիները, որոնց պատերի ներքո ապաստան էին փնտրում հայ գաղթականները: Հիշում էր, որ գաղթականները՝ սովամահ, ամեն տեղ և յուրաքանչյուր փողոցում էին, իսկ ինքը քույրերի հետ հաց և ջուր էր տանում՝ հատկապես ալաշկերտցի գաղթականներին: Դառնությամբ հիշում էր, որ Շողակաթ քույրը, խեղճ և հիվանդ գաղթականներից վարակվելով, հիվանդացել ու վախճանվել է իր ձեռքերին:

Թաքուն հպարտությամբ, սակայն հույժ գաղտնի բոլորիս տեղեկացնում էր, որ Դրոն իր հորեղբայրն է, և, որ իր հայրը՝ Հակոբը, մի առավոտ, աղջիկներին սեղմելով գրկում, գնում է Իգդիր-Մավա գյուղը՝ զորագրվելու կամավորական շարժմանը: Տատիկս ասում էր, որ Իգդիրի շրջակայքում երեք թուրքական գյուղ, միանալով Մասիսի շուրջ ծվարած քրդերին, Իգդիրի և շրջակա բնակավայրերի բնակիչներին ու այնտեղ ապաստան գտած գաղթականներին հաճախ էին կողոպտում, թալանում և բռնաճնշում: Տատիկիս հայրը՝ Հակոբը, լսելով, որ հորեղբոր որդին՝ Դրոն, նշանակվել է զինվորական նախարար և կարգադրել մաքրել այդ գյուղերը, միանալով հայկական կամավորական գնդերին, գնում է Արաբկիրլու գյուղը, որտեղ թուրքերն անխնա կոտորել էին հայերին և տիրացել նրանց ունեցվածքին: Գյուղն ազատագրելուց հետո հայրը վերադարձել է տուն վիրավոր և մի քանի օրից վախճանվել: Մնալով խորթ մոր խնամքի տակ՝ Կանայան քույրերը շարունակում են օգնել գաղթականներին և վիրավորներին, որոնց տեղավորել էին Դրոյի հոր՝ հիվանդանոց դարձած տանը:

Հասմիկ տատիկը նշում էր, որ երկու անգամ են բռնել գաղթի ճամփան. երբ վերադարձել էին Իգդիր, տեսել էին, որ քաղաքը վերածվել է գերեզմանոցի, իսկ բոլոր հայերի տները թալանված են: Թուրք հարևանները ճարպկորեն սողոսկել էին նաև իրենց տուն և տարել ամեն ինչ, նույնիսկ հարևան թրքուհին հագել էր հանգուցյալ մոր հագուստները:

Հասմիկ տատիկը ցավով հիշում էր, որ թրքուհի հարևանուհիները լցվել էին իրենց տուն ու բացահայտ մատնացույց էին անում, թե ով ինչ է ուզում վերցնել: Տատիկի մեծ քրոջ ձեռքին մորից հիշատակ մնացած մատանի է եղել: Հարևան թրքուհին, որ իր բարեկամուհու հետ եկել էր տան ունեցվածքը թալանելու, նկատում է մատանին և պահանջում իրեն տալ: Տատիկիս քույրն ընդդիմանում է, այդ ժամանակ թրքուհիներից մեկը դանակով հարձակվում է, որպեսզի, մատը կտրելով, տիրանա մատանուն: Այդ ժամանակ տատիկիս քույրերից մեկը, որ այդ ժամանակ թրքուհիների թիկունքում է կանգնած եղել, ծանր իրով հարվածում է երկուսին էլ, որից հետո փախչում են տնից՝ հավերժ լքելով հայրենի օջախը:

Խառնվելով տարագիր գաղթականներին՝ քույրերը, չիմանալով, թե որ կողմ են փախչում, կորցնում են միմյանց: Հասմիկն ավագ քրոջ՝ Հրանուշի հետ, միանում է որբուկների մի խմբի՝ ճանապարհին տեսնելով ծերունիների և մանկահասակ տղաների մերկանդամ դիակների կույտ, որտեղ երեխաներից շատերն իրենց ծնողներին կամ եղբայրներին են փորձել գտնել: Սակայն նրանց հետապնդող թուրքական և քրդական ոհմակը որբուկներին քշում է հարևան մի բնակավայր, որտեղ նրանց բաժանում են առանձին խմբերի ու մտցնում մարագներ: Մի քուրդ, հրապուրվելով տատիկիս քրոջ՝ Հրանուշի գեղեկությամբ, առաջարկում է ամուսնանալ, սակայն պատասխանի փոխարեն հայհոյանք ստանալով՝ կրակում է տատիկիս քրոջ սրտին:

Սպանված քրոջը տեսնելով՝ տատիկս կորցնում է գիտակցությունը, ինչն էլ նրան փրկում է: Ուշքի է գալիս այրվող մարագներից եկող մարդկային սոսկալի ճիչերից և մի կերպ հասնում Արաքս գետը, որը վարարած էր, բայց խելակորույս տարագիր գաղթականները փորձում էին անցնել այն: Մի կերպ հասնում է Երևան, և մի օր շուկայում իգդիրցի հարևաններից մեկը ճանաչելով նրան, բերում է արդեն Երևանում հաստատված ազգականների մոտ:

Տատիկս՝ Հասմիկ Կանայանը, վառ պահելով իր ընտանիքի հիշատակը, մորմոքվելով հայրենի Իգդիր քաղաքի կարոտից, բարձի տակ «Նարեկ» էր պահում՝ հաճախ կարդալով հետևյալ տողերը.

…Թող չպատահի ինձ հանկարծ՝ երկնել, սակայն չծնել,
Ողբալ՝ չարտասվել, խորհել՝ չհառաչել,
Ամպել՝ չանձրևել, գնալ՝ չհասնել,
Քեզ ձայն տալ, և դու ձայնս չլսես,
Պաղատել, սակայն անտեսված մնալ,
Կողկողել, սակայն դու չողորմես,
Աղաչել քեզ, սակայն չշահել ոչինչ,
Զոհեր մատուցել, բայց չճենճերել,
Քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ…»․․․

«Հայոց Ցեղասպանության արտացոլումը 1915-ի մամուլի էջերում» երկհատորյակի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյան

 

Տեսանյութեր

Լրահոս