Ի՞նչ արագությամբ է ընթացել Վ. Պետրոսյանի ավտոմեքենան. փորձաքննություն կնշանակվի արտերկրում

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը բացարկ է հայտնել հարուցված քրեական գործը քննող քննիչ Հայկ Հակոբյանին: 168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ առավոտյան իր բացարկը ներկայացրել է Կոտայքի մարզի դատախազին: «Բացարկում ներկայացրել եմ նաև այն հանգամանքը, որ քննիչը փորձում էր իմ բացակայության դեպքում ստանալ ցուցմունք իմ պաշտպանյալից այն դեպքում, երբ դա անօրինակ էր: Ներկայացնում էր, որ ես գնացել եմ խաշ ուտելու այդ պատճառով առանց ինձ, իմ բացակայության պայմաններում պետք է ցուցմունք տա՝ չնայած իմ պաշտպանյալը ցուցմունք չի տվել. Եթե տար էլ, դա չէր կարող օգտագործվել որպես ապացույց»,- ասաց փաստաբանը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 9-ին որոշում էր կայացրել դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու մասին: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ այս որոշումը ևս բողոքարկելու է. բողոքը քրեական վերաքննիչ դատարան կհանձնվի այսօր:

Նիկոլայ Բաղադսարյանն այսօր հայտնել էր, որ, ըստ փորձաքննության եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է սթափ վիճակում: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք փորձաքննության եզրակացության մեջ նշվա՞ծ է՝ ի՞նչ արագությամբ է ընթացել Վ. Պետրոսյանի ավտոմեքենան:

«Այս պահին չենք կարող մանրամասն ներկայացնել, որովհետև իրականում վթարի մեխանիզմը մի փոքր այլ է եղել, քան բոլորը պատկերացրել են, այդ թվում նաև ես: Լրիվ այլ վթարի մեխանիզմ է տեղի ունեցել: Այս պահին մենք փորձում ենք ստուգել վթարի մեխանիզմը, որպեսզի պատկերացնենք: Քանի որ նախաքննությունը տարվել է սխալ ուղղությամբ և սխալ փորձաքննություններ են նշանակվել, անհրաժեշտ քննչական գործողություններ չեն կատարվել, անհրաժեշտ փորձաքննություններ չեն նշանակվել, դրա արդյունքում էլ այս պահին մենք չունենք հստակ պատկերը: Ժամանակ է պահանջվում, որպեսզի հստակեցվի, տեսնենք, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել»,- ի պատասխան ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ տեղում աշխատում են մասնագետներ՝ ստանալու համար բոլոր տվյալները, որպեսզի արտերկրում նշանակվի փորձաքննություն: «Հայաստանում չկա այդ տեխնոլոգիան, որպեսզի որոշեն մեքենաների ստույգ արագությունները և կարողանան 100 տոկոսով վերականգնել վթարի մեխանիզմը: Իսկ այս վթարը հանրային բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում, ուզում ենք, որ հաստատապես ներկայացվի՝ ինչ է տեղի ունեցել, ինչքանով էլ դա մեր հասարակության համար անսպասելի չի լինի»,- ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպանը:

Վարդան Պետրոսյանը, ում նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այժմ գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ այսօր մի քանի ժամ անց այցելելու է նրան, ինչից հետո էլ կկարողանա տեղեկություններ հաղորդել նրա առողջական վիճակի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս