Բաժիններ՝

Տնտեսապես ի՞նչ կշահի Հայաստանը` ընտրելով եվրոպական ուղին. Ecorys-ի վերլուծությունը

Մինչ ռուսաստանյան իշխանությունները փորձում են թաքնված և բացահայտ սպառնալիքների միջոցով ստիպել Հայաստանին հրաժարվել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մտքից և անդամակցել Մաքսային միությանը, եվրոպացիները այլ ռազմավարություն են ընտրել։ Վատ հետևանքների մասին զգուշացումների փոխարեն՝ նրանք ներկայացնում են կոնկրետ վերլուծություն, թե ինչ կշահի կամ կկորցնի Հայաստանը՝ ստորագրելով Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը (DCFTA – Deep and Comprehensive Free Trade Area)։ Նշենք, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագիրը Ասոցացման համաձայնագրի անբաժան մասն է, որի շուրջ բանակցությունները Եվրամիությունն ու Հայաստանը հաջողությամբ ավարտել են հուլիսի 24-ին։ Կարելի է ասել, որ ԽՀԱԱԳ-ն առավել լայն Ասոցացման համաձայնագրի տնտեսական բաղադրիչն է, որը Հայաստանի առաջ կարող է բացել աշխարհի ամենամեծ շուկայի՝ Եվրամիության դռները։ Եվ այսպես՝ ի՞նչ կշահեն դրանից Հայաստանը և Եվրամիությունը։
Այս հարցին պատասխանելու համար Եվրահանձնաժողովը հետազոտություն է պատվիրել նիդեռլանդական հեղինակավոր Ecorys կազմակերպությանը: Այն գնահատհել է ԽՀԱԱԳ ազդեցությունը և 209 էջանոց փաստաթղթով ներկայացրել իր եզրակացությունները։ Փաստաթղթին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ։
Մենք առանձնացրել ենք առանցքային կետերը՝ ըստ ոլորտների։ Կարծում ենք, այս տեղեկատվությունը բավական օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են պատկերացում կազմել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման տնտեսական հետևանքների մասին։

 
Ընդհանուր մակրոտնտեսական էֆեկտները
Ecorys-ի մասնագետների համոզմամբ՝ թե՛ Հայաստանը և թե՛ Եվրամիությունը կշահեն ԽՀԱԱԳ համաձայնագրից։ Օրինակ՝ երկարաժամկետ հեռանկարում ԵՄ ազգային եկամուտը կավելանա 74 միլիոն եվրոյով, իսկ Հայաստանինը՝ կրկնակի շատ՝ 146 միլիոն եվրոյով։ Պարզապես, հաշվի առնելով տնտեսությունների չափերի տարբերությունը` տոկոսային առումով դրական էֆեկտը ԵՄ-ի համար չափազանց փոքր ցուցանիշ է, իսկ Հայաստանի համար դա նշանակում է ազգային եկամտի 2.3 տոկոսանոց աճ։
Հայաստանի ՀՆԱ-ն կարճաժամկետ հեռանկարում կաճի լրացուցիչ 1.1%-ով, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ 2.3%-ով։
GDP-EU
Տարիֆային և ոչ տարիֆային սահմանափակումների վերացման արդյունքում կշահի նաև երկկողմ առևտուրը։ Մասնավորապես, ըստ հետազոտության հեղինակների, ԽՀԱԱԳ-ի ստորագրման արդյունքում Հայաստանից արտահանումը երկարաժամկետ հեռանկարում կավելանա 15.2%-ով, ներմուծումը՝ 8.2%-ով։ Այսպիսով, աստիճանաբար կբարելավվի նաև Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը։
Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա նաև Հայաստանում վարձատրության չափի վրա։ Այսպես, միջին աշխատավարձը կաճի 2.6 տոկոսով, իսկ սպառողական գները կնվազենգ սահմանափակումների վերացման արդյունքում։ Սա նշանակում է, որ կբարձրանա բնակչության իրական տնօրինվող եկամուտը կամ գնողունակությունը։

Արտադրություն և ծառայություններ
Ուսումնասիրության մեջ կատարված է նաև ոլորտային հետազոտություն՝ ինչպես կազդի ԽՀԱԱԳ համաձայնագրի ստորագրումը տնտեսության և մասնավորապես արդյունաբերության առանձին ճյուղերի վրա։ Արդյունքները բավական հետաքրքիր են։ Ավելացված արժեքի առումով՝ ամենատպավորիչ աճը կարձանագրվի տեքստիլ արդյունաբերության մեջ։ Ըստ զեկույցի՝ երկարաժամկետ հեռանկարում այստեղ աճը կլինի 207 տոկոս, որը պայմանավորված է առաջին հերթին տարիֆային սահմանափակումների վերացմամբ։
artadrutyun-axyusak-EU

Մյուս երկու ճյուղերը, որտեղ ավելացված արժեք աճը զգալի կլինի, հետևյալն են` «այլ մեքենաներ և սարքավորումներ» (աճը՝ 50%) և «հանգստի ու ժամանցի ծառայություններ» (16%)։
Ինչ վերաբերում է այն ճյուղերին, որոնց ավելացված արժեքի վրա համաձայնագրի ստորագրումը բացասական ազդեցություն կունենա, դրանք են առաջին հերթին՝ բանջարեղենի, յուղերի և ճարպերի, ինչպես նաև՝ շարժիչային փոխադրամիջոցների արտադրությունը։ Սակայն քանի որ այս ոլորտները փոքր են, ապա, զեկույցի հեղինակների կարծիքով, անկումը բացասական ազդեցություն չի թողնի ընդհանուր տնտեսության վրա։
Հանրային և կոմունալ ծառայությունների վրա ազդեցությունը նույնպես դրական կլինի։ Ճիշտ է՝ ոչ այնքան զգալի չափով, ինչպես վերը նշված տեքստիլ արդյունաբերության կամ ժամանցի ծառայությունների դեպքում, սակայն հաշվի առնելով դրանց կարևորությունը՝ սա նույնպես դրական զարգացում է։
ՀՀ տնտեսության կառուցվածքում մեծ կշիռ ունեցող ֆինանսական և ապահովագրական ծառայությունների, սննդամթերքի և խմիչքների արտադրության ոլորտում ավելացված արժեքի վրա ազդեցությունը փոքր-ինչ բացասական կլինի։

Առևտուր՝ ըստ ոլորտների
Զեկույցի հեղինակների համոզմամբ, Հայաստանից արտահանման ամենից զգալի աճ կգրանցվի տեքստիլ արտադրանքի ոլորտում։ Երկարաժամկետ հեռանկարում 5.8%-ով կաճի նաև ՀՀ արտահանման հիմնական ուղղությունըգ մետաղների արտահանումը։ Դրական է ակնկալվում նաև ծառայությունների արտահանման աճը։
Ինչ վերաբերում է ԵՄ-ից Հայաստան արտահանմանը, ապա առաջին հերթին կավելանան սննդամթերքի ծավալները, որոնց համար ներկայումս բարձր տարիֆներ են գործում։ Կավելանան նաև խմիչքի, ծխախտոի, քիմիական արտադրանքի արտահանման ծավալները։

ԽՀԱԱԳ համաձայնագրի սոցիալական էֆեկտը
Գների և աշխատավարձերի փոփոխություններն, ըստ զեկույցի հեղինակների, ԽՀԱԱԳ-ի հիմնական սոցիալական շարժիչներն են, որովհետև դրանք ազդում են տնօրինվող եկամտի և աղքատության մակարդակի վրա։ Գների միջին մակարդակի նվազումը և դրա հետ մեկտեղգ աշխատավարձերի աճը թույլ են տալիս ենթադրել, որ սոցիալական ազդեցությունը դրական կլինի։
Մասնավորապես, Հայաստանի տնային տնտեսությունների միջին գնողունակությունը երկարաժամկետ հեռանկարում կաճի 2.5%-ով։ Զեկույցի հեղինակները խոստովանում են, որ գնողունակության աճը հավասար չի լինի, այսինքնգ առավել ունևոր շերտերը ավելի շատ տնօրինվող եկամուտ կունենան։ Սա նշանակում է անհավասարության խորացում, սակայն նշվում է, որ դա աննշան կլինի, իսկ սոցիալապես խոցելի խմբերի գնողունակությունը այսպես թե այնպես կբարձրանա։ Ուսումնասիրության հեղինակները նաև հարկ են համարել ավելացնել, որ թեև գներն ընդհանուր առմամբ կնվազեն, սակայն սննդամթերքի գներին դա չի վերաբերում։ Այսինքն` բնակչության առավել չապահովված հատվածը սննդամթերքի վրա կծախսի իր եկամտի զգալի մասը։ Այդուհանդերձ, ԽՀԱԱԳ համաձայնագրի ստորագրման արդյունքում աղքատության մակարդակը երկրում կնվազի 1.4%-ով։

poverty-EUՀամաձայնագրի կարևոր դրական էֆեկտներից մեկն էլ այն է, որ այն կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը: Թեպետ աշխատանքային ռեսուրսների տեղաբաշխումը ըստ ոլորտների դյուրին չի լինի, սակայն ակնկալվում է, որ բարձր որակավորում ունեցող աշխատողների թիվը կավելանա 7%-ով։ Ընդհանուր առմամբ, զբաղվածության վրա ԽՀԱԱԳ-ը կթողնի ոչ զգալի, սակայն դրական ազդեցությունգ Իսկ թե ինչպիսին կլինի ազդեցությունը աշխատուժի ստվերային շուկայի վրա, պարզ չէ։ Պարզ չէ նաև ակնկալվող ազդեցությունը սոցիալական ապահովության մեխանիզմների և սոցիալական երկխոսության վրա։
Փոխարենը, ըստ զեկույցի հեղինակների, համաձայնագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա տնտեսական և սոցիալական իրավունքների պաշտպանության առումով։ Գնողունակության և բարեկեցության մակարդակի բարձրացումը, նրանց կարծիքով, ընդհանուր առմամբ կբարելավի աշխատանքային իրավունքների վիճակը։
Չնայած այս ամենին՝ զեկույցի հեղինակները նշում են, որ սրանք ընդամենը գնահատականներ և կանխատեսումներ են։ Այսինքն` հարկավոր է իրականացնել որոշ քայլեր` դրական էֆեկտը ամրապնդելու կամ բացասական էֆեկտը չեքոզացնելու համար։ Օրինակ`առաջարկվում է բարելավել բիզնես միջավայրը, ավելի լայն հնարավորություններ ստեղծել ՓՄՁ ոլորտի զարգացման համար և այլն։

Ազդեցությունը երրորդ երկրների վրա և կողմնակի էֆեկտները
Զեկույցի հեղինակները համոզված են, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև առևտրի ազատականացումը չնչին ազդեցություն կունենա Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների վրա։ Մասնավորապես, այդ ազդեցությունը` որպես ՀՆԱ-ի տոկոս, գրեթե զրոյական թիվ է։ Սա նշանակում է, որ երրորդ երկրները տնտեսապես չեն տուժում Հայաստանի և Եվրամիության տնտեսական հարաբերությունների սերտացումից։
Նկատենք, որ զեկույցի հեղինակները գնահատել են միայն ԽՀԱԱԳ-ի ազդեցությունը։ Սակայն կա մի կարևոր հանգամանք, որը նրանք օբյեկտիվորեն բաց են թողել` Եվրամիության հետ համաձայնագիրը ստորագրելու կողմնակի, բացասական էֆեկտը, որը կարող է մեզ «նվիրել» Ռուսաստանը։ Գաղտնիք չէ, որ համաձայնագրի ստորագրման արդյունքում Ռուսաստանը սպառնում է որոշակի քայլեր իրականացնել, որոնք խիստ նմանվելու են առևտրային պատերազմի տարրերին։ Այսինքն` ստորագրելով համաձայնագիրը Եվրամիության հետ` որպես «բոնուս» կարող ենք ստանալ հայազգի աշխատանքային միգրանտների արտաքսում Ռուսաստանից` դրամական փոխանցումների կրճատմամբ և մյուս հետևանքներով, մուտքի և տեղաշարժի սահմանափակումներ, երկկողմ առևտրի պայմանների խստացում և այլն։ Այս ամենը չի կարող բացասական ազդեցություն չթողնել Հայաստանի վրա։ Դրա գնահատականը զեկույցում չի ներկայացվում։ Այլ կերպ ասած՝ եվրոպացիները խոսել են իրենց տված օգուտի, ոչ թե այլոց տված վնասի մասին։
Չի բացառվում, որ նման վերլուծություն պատրաստի և հրապարակի նաև Մաքսային միությունը։ Այն մասին` թե ի՞նչ կշահի և կկորցնի Հայաստանը` միանալով ոչ թե ԵՄ ազատ առևտրի գոտուն, այլ իրենց։
Սակայն մեզ համար առավել կարևոր է ունենալ սեփական, օբյեկտիվ վերլուծություն՝ հաշվի առնելով տարբեր սցենարներն ու դրա հնարավոր հետևանքները։ Ցավոք, այդպիսի լուրջ հետազոտություն դեռ կատարված չէ։ Կամ՝ գուցե կատարված է, սակայն չի հրապարակվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս