Ամեն ինչ արվում է, որ դաշտ բացվի երրորդ ուժերի համար. Մամիկոն Ասլանյան

«Հայաստանում ռադիկալ տրամադրված ընդդիմությունը հետքայլ է կատարել. դարձել կառուցողական, հետևաբար՝ ես պետք է խոսեմ ոչ թե ընդդիմադիր պայքարի, այլ՝ սովորական քաղաքական իրավիճակում ընդդիմադիր գործունեության մասին, ինչը նման է այն երկրների փորձին, որտեղ չկա կորսված Արցախ, չկան բռնի տեղահանված հայրենակիցներ։ Այս ամենն ինձ համար անընդունելի է, որովհետև ես տեսնում եմ, որ ընդդիմությունը չի կարողանում հասարակությանն իր հետևից տանել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Վանաձորի նախկին քաղաքապետ և որպես քաղբանտարկյալ ամենաերկարը բանտում անցկացրած Մամիկոն Ասլանյանը։

«Ընդդիմադիրների սերնդափոխությանը ես կողմնակից եմ, բայց ընդդիմափոխություն ասվածը չեմ հասկանում, դա բնական գործընթաց է, որն ինքնաբերաբար, բնական ճանապարհով պետք է տեղի ունենա, թեև վերջին ամիսների ընթացքում մեր խորհրդարանական ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ նման բան տեղի չունենա։ Կարծում եմ՝ հասարակության չկողմնորոշված հատվածն այլևս նրանց կողմը չի թեքվի, եթե այդ ուժերը լուրջ բովանդակային փոփոխության չգնան։ Խորհրդարանական ընդդիմադիրներն իրար ինչ ասես՝ ասացին՝ փոխանակ հասարակության չկողմնորոշված հատվածին իրենց կողմը գրավեին։ Ամեն ինչ արվում է, որ դաշտ բացվի երրորդ ուժերի համար»,- ասաց Մամիկոն Ասլանյանը։

Նրա դիտարկմամբ՝ խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները կարծես հակադիր բևեռներ են դարձել, մինչդեռ գոնե միմյանց նկատմամբ պետք է երկու կանոն սահմանելու ունակություն ունենային՝ չհարվածել միմյանց ու սահմանել մեկ նպատակ։

Կարդացեք նաև

Ըստ Ասլանյանի՝ նման զարգացման դեպքում տեղի կունենար ուժերի կոնսոլիդացիա, ինչը կբերեր իշխանափոխության։

«Ինձ մոտ ավելի շատ տպավորություն է, որ երկու ընդդիմադիր խորհրդարանական ուժերի՝ միմյանց քարկոծելուն զուգահեռ՝ նոր՝ 3-րդ ուժ է ձևավորվում։ Թափանիվն այն աստիճանի է պտտվում, որ այլևս կանգ առնելու տարբերակ չկա։ Այս դեպքում պետք է գնալ ակունքներ ու հասկանալ, թե այս երկու ուժերի միջև փոխհրաձգությունը որտեղից սկսվեց»,- ասաց Մամիկոն Ասլանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս