
Կատարի վարչապետն Իսրայելի հարվածներն անվանել է «պետական ահաբեկչություն» և խոստացել պատասխանել

Կատարի վարչապետն Իսրայելի հարվածներն անվանել է «պետական ահաբեկչություն» և խոստացել պատասխանելԿարդացեք հոդվածը` EnglishРусскийԿատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը Իսրայելի հասցրած հարվածները որակել է որպես «պետական ահաբեկչություն» և խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։
«Կատարի Պետությունը հանձնառու է գործել վճռականորեն իր տարածքները թիրախավորող ցանկացած գործողության դեմ և իրեն իրավունք է վերապահում պատասխանելու և ձեռնարկելու պատասխանի համար անհրաժեշտ բոլոր միջոցները», – սեպտեմբերի 9-ի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում ասել է ալ-Թանին։
Վարչապետը Դոհային հասցված հարվածն անվանել է Իսրայելի կողմից իրականացված «պետական ահաբեկչություն» և քննադատել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նշելով, որ նա սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը և խախտում հարևան երկրների ինքնիշխանությունը։ «Կարծում եմ՝ մենք հասել ենք վճռական պահի։
Ամբողջ տարածաշրջանը պետք է պատասխանի այդ բարբարոսական գործողություններին, որոնք միայն մեկ բան են արտացոլում. դրանք արտացոլում են այս անձի բարբարոսությունը, որը, ցավոք, տարածաշրջանը տանում է դեպի այն կետը, որտեղ մենք չենք կարող լուծել որևէ իրավիճակ, չենք կարող ոչինչ շտկել և չենք կարող աշխատել միջազգային օրենքների շրջանակներում։ Նա պարզապես խախտում է այդ բոլոր միջազգային օրենքները», – ասել է ալ-Թանին՝ նկատի ունենալով Նեթանյահուին։
Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Դոհային՝ նշելով, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին և շարժման ղեկավարության ևս երեք անդամի։ Չնայած Կատարը խոստացել է պատասխանել Իսրայելի գործողություններին, այնուամենայնիվ, վարչապետ ալ-Թանին հայտարարել է, որ երկիրը չի հրաժարվի տարածաշրջանային հարցերում միջնորդի իր դերից։
«Միջնորդությունը և կատարյան դիվանագիտությունը երկրի ինքնության մասն են կազմում։ Դա կշարունակվի, և ոչինչ մեզ չի խանգարի շարունակել այս դերը տարածաշրջանում մեզ շրջապատող տարբեր խնդիրների լուծման գործում՝ տարածաշրջանի կայունությանը և, ի վերջո, մեր ժողովուրդների կայունությանը հասնելու համար», – ասել է ալ-Թանին։