
«Կազմակերպությունը կփորձի խնդրի շուրջ ձևավորել երկխոսություն Ադրբեջանի իշխանությունների հետ». Զառա Ամատունի

Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում փակվեց Կարմի խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, որի ներկայացուցիչները միակն էին, որ կարող էին այցելել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ու պատանդներին, ապահովել նրանց և Հայաստանում գտնվող հարազատների միջև կապը։
Արդեն մեկ շաբաթ է՝ այդ գրասենյակը չի գործում, որի ներկայացուցիչները վերջին անգամ Բաքվում պահվող հայ գերիներին ու պատադներին այցելել էին հունիսին։ Թե ինչ ճակատագիր է սպասվելու հայերին Բաքվի բանտերում, դժվար է ասել։ Դժվար է նաև նկարագրել այդ անձանց ընտանիքների վիճակը, որոնք այլևս չգիտեն՝ ինչպես են գոնե ամիսը մեկ անգամ խոսելու իրենց հարազատների հետ։
Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելուց հետո Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ԿԽՄԿ-ն, համաձայն իր հանձնագրի և Ադրբեջանի՝ Ժնևի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով (ՄՄԻ) հովանավորվող անձանց։
«Մենք մտադիր ենք պահպանելու երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, միջազգային մարդասիրական իրավունքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մարդասիրական այլ խնդիրների շուրջ»,- նշված էր հաղորդագրության մեջ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեցինք՝ այս պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Բաքվում պահվող հայ գերիներին տեսակցելու և կապը նրանց ու հարազատների միջև պահելու վերաբերյալ որևէ ձևաչափ քննարկո՞ւմ է։
Ի պատասխան նա նշեց՝ բնականաբար, Բաքվում գրասենյակի փակումն առաջացնում է խնդիրներ՝ կապված Կարմիր խաչի ֆիզիկական ներկայության, հետևաբար՝ գրասենյակի բնականոն աշխատանքի հետ։
«Հիմնականում մեր կենտրոնակայանի միջոցով փորձեր շարունակաբար կանենք՝ Ժնևի գրասենյակի և Ադրբեջանի իշխանությունների միջև երկխոսությունը պահպանելու ուղղությամբ, որպեսզի կարողանանք ընձեռել հնարավորություն որևէ այլ ձևաչափով շարունակելու մեր աշխատանքը։ Սակայն այս պահին որևէ հստակություն չկա, որովհետև փաստն արձանագրում ենք, որ կազմակերպությունը դուրս է եկել Ադրբեջանից, ներկայություն չունի։ Խոսքն այստեղ այն մասին է, որ կազմակերպությունը՝ իր առաքելությանը հավատարիմ, շարունակաբար կփորձի այդ խնդրի շուրջ ձևավորել երկխոսություն Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այստեղ, բնականաբար, մենք որևէ երաշխիք չունենք կամ ձևաչափեր, որոնք մեզ կօգնեն ասելու, որ կա հաստատում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Զառա Ամատունին։
Հարցին՝ եթե Ժնևի գրասենյակի և Ադրբեջանի իշխանությունների միջև երկխոսությունը ստացվի, Հայաստանում գտնվող գրասենյա՞կն է դառնալու կամուրջը, որը պահվող անձանց հարազատներին կփոխանցի նրանց վերաբերյալ տեղեկատվություն, Զառա Ամատունի պատասխանեց՝ որևէ բան այս պահին ասել չի կարող, քանի որ չկա որևէ հստակություն։
Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց ճակատագրերին, Զառա Ամատունին փոխանցեց, որ եթե Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասնեյակը չի աշխատում Բաքվում, նշանակում է՝ որևէ համագործակցություն չկա տեղի իշխանությունների հետ։
«Այլ հարց է, որ մեր կազմակերպությունը շարունականաբար աշխատել է այս հարցի շուրջ, ունենք որոշակի բազա, ԴՆԹ նմուշներ և այլն, այդ ամենը փոխանցվել է Ադրբեջանի միջգերատեսչական համապատասխան հանձնաժողովին»,- ընդգծեց Զառա Ամատունին։
Նշենք, որ օրերս լրատվամիջոցներից մեկը դիմել էր ՀՀ արտաքին գերատեսչությանը՝ հետաքրքրվելով, թե Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո ինչ քայլեր են նախատեսում Բաքվում պահվող գերիներին գոնե ֆիզիկական խոշտանգումներից զերծ պահելու համար։
Հարցին ի պատասխան՝ ԱԳՆ-ից պատասխանել էին. «ԿԽՄԿ ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու միջազգային հումանիտար իրավունքով հովանավորվող անձանց»։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։
Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։ Այս պահին ընթանում է շինծու դատական գործընթացը։