Ինչպե՞ս պատրաստել պաղպաղակ տնային պայմաններում. Բ.Պիպոյանի բաղադրատոմսը
«Որակյալ և անվտանգ պաղպաղակը պետք է ունենա հաճելի համ (ուտելիս պետք է զգացվի կաթի և կարագի առկայությունը), պաղպաղակի մեջ չպետք է լինեն սառույցի կտորներ, ինչպես նաև այն պետք է հալչի շատ դանդաղ և ծորա: Պաղպաղակի գույնը ոչ թե սպիտակ է, այլ կաթնագույն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, որ համեղ, անվտանգ և որակյալ պաղպաղակ կարող ենք պատրաստել ինքներս:
Դրա համար անհրաժեշտ են՝
Կաթ՝ 1 լիտր (կամ խտացրած կաթ)
Կարագ՝ 100 գրամ
Շաքարավազ՝ 2 բաժակ
Օսլա (նախընտրելի է տնային պայմաններում պատրաստված)՝ 1 թեյի գդալ
Ձվի դեղնուց՝ 5 հատ
Պատրաստման եղանակը.
Կաթը լցնում եք թավայի մեջ, դնում գազօջախին և անմիջապես ավելացնում կարագը: Թողնում եք, որ կաթը եռա, իսկ այդ ընթացքում մեկ ուրիշ տարայի մեջ հարում եք շաքարավազը, օսլան և ձվի դեղնուցներն այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված խառնուրդին աստիճանաբար ավելացնում եք կաթ այնքան, մինչև ստացվի թթվասերի խտությամբ զանգված: Ստացված զանգվածն աստիճանաբար ավելացնում եք եռացող կաթին և սպասում մինչև նորից եռա: Գազօջախի վրայից վերցնելուց հետո տարան տեղադրում եք սառը ջրով լի թասի մեջ և խառնում այնքան, մինչև սառչի: Գրեթե պատրաստի պաղպաղակը տեղադրում եք սառնարանի մեջ (ցանկության դեպքում կարող եք նաև ձևավոր տարայով տեղադրել) և սպասում այնքան մինչև պնդանա ու սառչի: