Բաժիններ՝

Ի՞նչ տեղի ունեցավ, որ նույն դենդրոլոգը, որ 2021թ. համարում էր, թե հատման ենթակա ծառ չկա, 2023թ. ստորագրում է թղթեր՝ գրելով՝ ծառը ենթակա է հատման. Ի՞նչ պատահեց մեր ծառերին 3 տարվա ընթացքում. բնապահպան

Մի քանի օր է՝ Երևանում վերսկսվել են ծառահատումները. կտրվում են կանաչ ծառերը, իսկ դրանց փոխարեն այնպիսի ծառեր են տնկում, որոնք, մասնագետների խոսքով՝ Հայաստանի, հատկապես՝ մայրաքաղաքի կլիմային ու տեղանքին հարմար չեն։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, բնապահպան Քրիստինա Վարդանյանի բնորոշմամբ՝ ամբողջ մայրաքաղաքը «ցախավելապատել» են։

«Այդ գնդիկ «ցախավելիկները» չեն մեծանալու, դրանք դեկորատիվ ծառերի պարտիզային ձևերն են, որոնք երբևիցե սաղարթ չեն ունենալու։ Վառ օրինակը գնդաձև ակացիաներն են, որոնք նախորդ իշխանությունները բերեցին, ու սկսած Իսակովի պողոտայից՝ ողողել էին ամբողջ քաղաքը, բայց նրանք չէին հատում ծառերը, ուղղակի բերում ու այդ ծառերի արանքներում էին դնում։ Ամեն դեպքում փողոցների երկայնքով պահում էին խոշոր ծառերը։ Երևանում 30 տարիների ընթացքում ես այսպիսի բան չեմ տեսել։

Ծառատեսակները, որոնք քաղաքային իշխանությունը տնկում է՝ տարրական գրագիտություն է պահանջում, որից իրենք զուրկ են։ Կատալպան, որոնք իրենք տնկեցին Մելիք-Ադամյան փողոցում, այլ գնդաձև տեսակներ՝ Մոսկովյան փողոցում, հացենին կտրեցին, տնկեցին սակուրան, մեզ խոստանում էին, որ 2 ամիս հետո մենք արդեն ունենալու ենք սաղարթ։ 2 տարի է անցել, գնացեք, տեսեք՝ սաղարթ ունե՞ք։ 2 տարի առաջ  կազմակերպության տնօրենը փորձագետի հետ միասին մեզ հավաստիացնում էր, որ հիմա մեզ ընդամենը գարունն է բաժանում, հետո կտեսնենք, թե ինչ սաղարթ է լինելու։ Խնդրեմ, անցեք Աբովյան փողոցով, 2 տարի առաջ են տնկել կատալպաները, դրանք 20 տերև ունեն, որոնք ամռան ընթացքում այրվում են, որովհետև չեն դիմանում երևանյան ծանրագույն պայմաններին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Քրիստինա Վարդանյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ բոլոր ծառատեսակները, բացառությամբ սակուրայի, Երևանի բոլոր այգիներում կան դեռ նախորդ դարի 50–ականներից ի վեր, սակայն որևէ տեղ Երևանի փողոցներում չեն հանդիպում հուդայածառ կամ կատալպա, փողոցի երկայնքով տնկված այլ ծառատեսակներ։ Այս ամենը պարզ խոսում է նրա մասին, որ մարդիկ ժամանակին հասկացել են, որ ալբիցան պետք է տնկեն Օղակաձև զբոսայգում։

«Իսահակյանի արձանի հետևի հատվածում եղել է ալբիցաների պուրակ, բայց տեսեք՝ 30 տարի անց մենք այդ ալբիցաները չունենք, ներքևի հատվածում մնացել է մի ծռված ծառ։ Սա մարդու առողջության հետ կապված գործընթաց է, որն իրականացնող մասնագետները, մեղմ ասած՝ գիտելիքներ չունեն։ Մենք չենք կարող արթնանալ ու որոշել, որ եթե մեր փողոցում կա հուդայածառ, բերենք ամբողջ Թումանյան փողոցը տնկենք հուդայածառ։ Ինքս այստեղ տեսնում եմ բարձիթողի վիճակ նաև իրավական համակարգի կողմից, որովհետև երբ դիմեցի Պետական վերահսկողության ծառայությանը, Տեսչական մարմնին, բոլոր տեղերից ստանում էինք պատասխան, որ այդ ծառերը Երևանում միշտ էլ տնկվել են։ Մենք չենք ասում, որ չեն տնկվել, մենք ասում ենք, որ սխալ են տնկվում, և դրա մասին կա բազմաթիվ գիտական գրականություն»,- շեշտեց նա։

Բնապահպանը նաև շեշտեց, որ Երևանում մարդկանց համար իսկական մղձավանջ է սպասվում, որևէ զբոսաշրջիկ հունիս ամսին կենտրոնում չի կարող լինել, այս ամենը վտանգավոր, հանցանքով լի է՝ ուղղված բնակչության առողջությանը, որն իր կյանքի 30 տարիները նվիրել է Երևանի կանաչապատմանը։

«Ինքս երբեք որևէ հարավային քաղաքում չեմ տեսել, որ վերցնեն ու հնձեն կանաչ ծառերը, դրա համար ես չգիտեմ, թե ինչ պատահեց, որ Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալուց հետո հանկարծ որոշվեց, որ բոլոր կանաչ ծառերը պետք է կտրվեն։

2021 թվականին նույն դենդրոլոգի օրոք, ով հանդիսանում է Ագրարային համալսարանի դոցենտ, մենք գույքագրել էինք Կենտրոն վարչական շրջանը, բոլոր ծառերը և չունեինք անբավարար գնահատված ծառը, որը ենթակա էր հատման։ Ի՞նչ տեղի ունեցավ 2023 թվականին, որ նույն դենդրոլոգը ստորագրում է բազմաթիվ թղթեր, որտեղ նա գրում է, որ ծառը ենթակա է հատման։ Ի՞նչ պատահեց մեր ծառերին 3 տարվա ընթացքում և, ի վերջո, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև հիշեցրեց, որ մամուլը և մասնագետները բազմիցս ահազանգել են, որ դրանք կոռուպցիոն ռիսկերով ողողված գործընթացներ են, քանի որ Երևանին անհրաժեշտ չեն 150.000 դրամով գնված ծառատեսակներ, որոնք Սայաթ-Նովա փողոցում «մահանում են», Երևանին պետք չեն գնդաձև կատալպաները, սակուրաները, դրանք ծառեր չեն դառնալու։

«Ամեն անգամ ասում ենք, որ միջազգային փորձն ուսումնասիրել ենք, և միջազգային փորձն ասում է, որ այսպես է պետք անել։ Ֆրանսիայի լանդշաֆտային ասոցիացիայի նախկին նախագահը, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտխորհրդի անդամ է, իրենց ասում է, որ սխալ բան են անում, ոչնչացնում են քաղաքի էկոլոգիական կարկասը։ Իրենց ասում են՝ Քեմբրիջի համալսարանից, ԱՊՀ տարածքից, որոնք կլիմայով մեզ նման են, ասում են, որ ոչնչացնում են մի բան, որը հետագայում չեն կարողանալու վերականգնել։

Ուղղակի զարմանում եմ մեր իշխանության վրա, ամենաթողություն է կամ այստեղ փոխկապակցվածություն, կամ չգիտեմ, որովհետև մարդիկ հանգիստ նստել են ու նայում են, թե ինչպես են հաստաբուն ծառերը ոչնչացնում»,- ընդգծեց Քրիստինա Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս