
Հորդառատ անձրևներ ու տորնադոներ են պատուհասել ԱՄՆ Միջին Արևմուտքին և Հարավին. կան զոհեր

Ուրբաթ օրը հորդառատ անձրևներ ու ջրհեղեղներ են պատուհասել ԱՄՆ Միջին Արևմուտքի և Հարավի որոշ շրջանների, հաղորդում է CBS News-ը:
Բազմաթիվ բնակավայրեր են տուժել տորնադոներից, որոնք ավերել են ամբողջական թաղամասեր և առնվազն յոթ մարդու կյանք խլել այս շաբաթվա սկզբին: Մի քանի օրվա ընթացքում հորդառատ անձրևներ են տեղացել ԱՄՆ-ի կենտրոնական մասում, և օդերևութաբանները զգուշացրել են, որ դրանք կարող են շարունակվել մինչև շաբաթ օրը:
Մերիլենդի Եղանակի կանխատեսման ազգային կենտրոնը նախազգուշացրել է տեղումների «հավանական պատմական» քանակության մասին որոշ վայրերում մինչև կիրակի օրը, ընդ որում որոշ տեղերում 10-ից 15 մատնաչափ կամ ավելի տեղումներ են եղել, ինչպես նաև «աղետալի, կյանքին սպառնացող ջրհեղեղների» մասին, հատկապես Օհայոյի հովտի ստորին մասում, միջին Հարավում և Օզարկսում:
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Միսիսիպի գետի երկայնքով և ընդգրկել է ավելի քան 1,3 միլիոն մարդու Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի մերձակայքում:
Ըստ Օկլահոմայի Փոթորիկների կանխատեսման կենտրոնի, ավելի քան 90 միլիոն մարդ Տեխասից մինչև Մինեսոտա և Մեյն ենթարկված են եղանակային դաժան պայմանների։
Կենտուկի նահանգի 31․000 բնակիչ ունեցող Հոփքինսվիլ քաղաքի գործարար կենտրոնը հեղեղվել է: Տասնյակ մարդկանց փրկել են իրենց տներից, իսկ բարձրացող ջրերի մեջ հայտնված տասնյակ ընտանի կենդանիներ՝ տեղափոխվել, Associated Press-ին է հայտնել հրշեջ ծառայության աշխատակիցը:
Տեխասի հյուսիսարևելքից Արկանզասով դեպի Միսսուրի հարավարևելք ընկած միջանցքում, որն ունի մոտ 2,3 միլիոն բնակչություն, ուրբաթ երեկոյան կարող են ուժեղ ամպրոպներ լինել:
Օկլահոմայի Փոթորիկների կանխատեսման կենտրոնը նախազգուշացրել է ուժեղ տորնադոյի և խոշոր կարկուտի հավանականության մասին: Ըստ Ազգային օդերևութաբանական ծառայության, ուրբաթ երեկոյան տորնադոների մասին առնվազն երկու հաղորդում է ստացվել Միսսուրիից և Արկանզասից։
CBS News-ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի և հինգշաբթի վաղ առավոտյան հզոր տորնադոներ առաջացրած փոթորիկների առաջին ալիքի զոհերի թիվը կազմել է առնվազն հինգ մարդ Թենեսիում և մեկական Միսսուրիում և Ինդիանայում: