Փետրվարի 9-10-ն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել էր Հայաստան։ Փետրվարի 9-ի երեկոյան նա ՀՀ նախագահականում հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ դրսում՝ Բաղրամյան պողոտայում, Բաքվում ապօրինի պահվող և ցմահ ազատազրկված հայ գերիների, պատանդների համար բողոքի ակցիա էր տեղի ունենում։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին քայլեր ձեռնարկել՝ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։
«Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց գիտենք՝ մենք ով ենք։ Եվ Վենսը, Պողոսը, Պետրոսը, երբ գան մեր երկիր, պետք է իմանան, որ այս երկրի դժբախտությունն է, որ իրեն դիմավորում է Նիկոլը և Վահագն Խաչատուրյանը։ Դրանք հայերը չեն, նրանք չեն իսկական հայերը՝ ո՛չ Փաշինյանն է այդ հայը, ո՛չ էլ Խաչատուրյանը»,- այս մասին Բաղրամյան պողոտայում՝ Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնելու պահանջով տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյմ Դեյվիդ Վենսի հայաստանյան այցին։