Վերջին անգամ մարդ էին ծախում ու առնում միջնադարում. Հայաստանը դարձել է այն երկիրը, որտեղ քրիստոնյա լինելն անվտանգ չէ. Արմեն Աշոտյան
«Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց գիտենք՝ մենք ով ենք։ Եվ Վենսը, Պողոսը, Պետրոսը, երբ գան մեր երկիր, պետք է իմանան, որ այս երկրի դժբախտությունն է, որ իրեն դիմավորում է Նիկոլը և Վահագն Խաչատուրյանը։ Դրանք հայերը չեն, նրանք չեն իսկական հայերը՝ ո՛չ Փաշինյանն է այդ հայը, ո՛չ էլ Խաչատուրյանը»,- այս մասին Բաղրամյան պողոտայում՝ Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնելու պահանջով տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյմ Դեյվիդ Վենսի հայաստանյան այցին։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ հայ ժողովուրդը Բաքվի բանտերում պահվող հայերն են, Հայաստանի բանտերում պահվող քաղբանտարկյաներն են և այն երիտասարդները, որոնք այսօր փողոց են դուրս եկել՝ ասելու՝ «Վենս, ամեն ինչ չէ, որ այդպես լավ ու հեշտ է»։
Նա վստահ է, որ ԱՄՆ դեսպանատունը մանրակրկիտ մոնիթորինգ է անելու և ամեն ինչ կփոխանցի Վենսին, ավելին՝ Հայաստան եկած ԱՄՆ փոխնախագահի գլխավորած պատվիարկությունը կտեսնի Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց, շքեղ մեքենաներից իջնողները կհարցնեն՝ ո՞վ են այդ մարդիկ, ո՞ւմ նկարներն են, ի՞նչ էին ուզում։
«Համոզված եմ, եթե մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ունենայինք այլ իշխանություն, ապա այդ իշխանությունը վաղուց բոլոր հայ ռազմագերիների հարցերը լուծել էր։ Վստահ եմ, եթե մենք ունենայինք նորմալ իշխանություն, ապա Արցախի հայաթափումը տեղի չէր ունենա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր դավաճանվի Ստեփանկերտում և գերի չէր ընկնի։ Վստահ եմ նաև, որ եթե լիներ իրական հայ, այլ ոչ թե անձնագրով հայ, մեզ ներկայացնող ղեկավար չէինք ունան հազար ու մի արհավիրք։
Ինձ եք հարցնում, ինչո՞ւ չունեցանք նման իշխանություն, առնվազն 2 տարի նստել եմ, կարող եմ ասել, ինչո՞ւ չունեցանք այդ իշխանությունը, տղերք, և այսօր լիքը մարդ նստած է։
Չեմ ուզում օրակարգ փոխել, մենք այստեղ ենք ասելու՝ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցներին, ձեռքներդ հեռու Առաքելական եկեղեցուց»,- հավելեց Արմեն Աշոտյանը։
Շարունակելով՝ Արմեն Աշոտյանը շեշտեց ՝չեն պատրաստվում արժանապատվությունը փոխել ո՛չ ներդրումային խոստումներով, ո՛չ էլ բազմաթիվ այլ կարկանդակներով, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է վաճառել հայ ժողովրդին՝ որպես հույս։
«Մեկ անգամ ևս ֆիքսենք՝ մեր երկիրն այն վիճակում չէ, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայացնել, մենք քնած ազգ չենք և սա տեղեկատվական բլոկադա է։ Սա այն դարը չէ, որտեղ հնարավոր լինի մարդ լռեցնել։ Հայ ժողովուրդն իրավունք չունի մոռանալ իր զավակներին կամ թողնի գեոպոլիտիկ թրաֆիկինգի հույսին, ինչը մենք տեսել ենք Էրդողանի կնոջ տարիներ առաջ արած խորհրդով։ Իմ հիշելով, վերջին անգամ մարդ էին ծախում ու առնում միջնադարում, մեկ էլ 19-րդ դարում նույն ԱՄՆ-ում, երբ Աֆրիկայից մարդ էին բերում ու վաճառում։
Հայաստանը դարձել է այն երկիրը, որտեղ քրիստոնյա լինելը դարձել է ամենավտանգավոր բաներից»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք, որ այսօր հարյուրավոր մարդիկ են հավաքվել Բաղրամյան պողոտայում՝ նախագահական նստվայրի մոտ՝ ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ պահանջելու ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


