«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշ հարցերի պետք է պատասխանի. պատասխաններն օրվա իշխանության օգտին չեն». Նժդեհ Իսկանդարյան
Փետրվարի 9-10-ն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել էր Հայաստան։ Փետրվարի 9-ի երեկոյան նա ՀՀ նախագահականում հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ դրսում՝ Բաղրամյան պողոտայում, Բաքվում ապօրինի պահվող և ցմահ ազատազրկված հայ գերիների, պատանդների համար բողոքի ակցիա էր տեղի ունենում։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին քայլեր ձեռնարկել՝ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։
Թեպետ Փաշինյան-Վենս համատեղ ասուլիսի ժամանակ Բաքվում պահվող գերիների մասին հարց չհնչեց, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում՝ Բաքու մեկնելիս, նա ասել էր՝ գերիների խնդրին անդրադարձ կլինի։
Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի կարծիքով՝ նախընտրական շրջանում այս ամենն ավելի շատ պետք էր ՀՀ իշխանություններին։
«Ըստ իս, կան ներքին պայմանավորվածություններ և ընտրություններին ընդառաջ՝ գերիների հարցով կարող է լինել որոշակի դրական տեղաշարժ։ Իհարկե, ցանկացած դրական տեղաշարժ մեզ համար ուրախալի է, եթե նույնիսկ դա օրվա իշխանությունների համար PR քայլ է։
Բոլորս էլ մեկ ցանկություն ունենք՝ մեր հայրենակիցները մեկ օր շուտ վերադառնան հայրենիք։ Այս գործողություններից ելնելով, ենթադրում եմ, որ ՀՀ-ում նախընտրական շրջանում մի քանի գերի կվերադարձվի, բայց խոսքն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նժդեհ Իսկանդարյանը՝ խոսելով Վենսի այցից հետո հայ գերիների խնդրի առնչությամբ ունեցած սպասելիքների մասին։
Ըստ մեր զրուցակցի, դժվար թե Ադրբեջանն այս շրջանում բաց թողնի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ մի քանի հայ գերիների վերադարձնելով՝ օրվա իշխանությունը նախընտրական շրջանում կբարձրացնի իր դիրքը։
«Եթե Հայաստանում այս իշխանությունը վերարտադրվի, կարծում եմ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կփոխանցեն երրորդ երկրի, որովհետև եթե նրանց հիմա բաց թողնեն, բնական է, իշխանությունների համար այստեղ ամեն ինչ մի փոքր կդժվարանա։ Այդ մարդիկ պետք է այստեղ որոշ հարցերի պատասխանեն, իսկ այդ պատասխաններն իշխանությունների օգտին չեն կարող լինել, սա է իմ անձնական կարծիքը։
Մենք շատ դժվար ժամանակներում ենք ապրում, սպասենք՝ կտեսնենք»,- ընդգծեց Նժդեհ Իսկանդարյանը։
Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բացի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանից և Բակո Սահակյանից, բոլորը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով նրանց տարիքը։
Նշենք նաև, որ Բաքվի դատարանի որոշումը հրապարակելուց մեկ օր առաջ Ալիևն Աբու Դաբիում արժանացավ «Զայեդ» մարդասիրական մրցանակի՝ արժանանալով այնտեղ ներկա միջազգային այս կամ այն կառույցի ներկայացուցչի ծափահարությանը։



