«Կային բնակարանատերեր, որ ոչ միայն կտրուկ  բարձրացրել էին վարձը, այլև գումարը պահանջում էին դոլարով». անշարժ գույքի գործակալ

Բնակարանների վարձավճարների կտրուկ աճ ավելի շատ նկատվում է վերջին երկու շաբաթների ընթացքում: Չեմ կարող ասել՝ դա կապված է Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ, թե ոչ: Բայց գնային աճ, անկասկած, կա: 168.am-ին հայտնեց անշարժ գույքի «Բարս» գործակալության ներկայացուցիչ Մարգարիտա Հարությունյանը:

Նա խոսքով՝ մայրաքաղաքի գրեթե բոլոր հատվածներում տրվող բնակարանների վարձավճարներն ավելացել են մոտ 50.000-100.000 դրամի չափով:

Մեր զրուցակցի խոսքով՝ դեռևս դեպի Հայաստան ռուսների մեծ հոսքին հաջորդած շրջանից բնակարանների վարձավճարների թանկացումը հավելյալ աճ է գրանցել՝ հատկապես վերջին երկու շաբաթների ընթացքում:

Նախկինում 150.000-200.000 դրամով տրամադրվող բնակարաններն այսօր արդեն տրամադրվում են 250.000-300.000 դրամով:

Կարդացեք նաև

Ըստ գործակալության ներկայացուցչի, բնակարանների վարձակալության գների ավելացումը, հիմնականում, կախված է բնակարանատիրոջ ցանկությունից:

«Հանդիպում ենք՝ ինչպես լավ դեպքերի, այնպես էլ՝ ոչ այնքան: Շատ մարդիկ կան, որ նաև չեն տրամադրում բնակարաններ՝ որոշակի դրդապատճառներից ելնելով: Հիմնական ու մեծամասնական տարբերակներում մենք ենք փորձում, որպես օգնություն, տուն գտնել Արցախից տեղափոխված մեր հայրենակիցների համար: Մենք զանգահարում ենք ու բանակցում, որպեսզի գնային առումով մի փոքր հարմարվեն մեր քաղաքացիները»,- վստահեցրեց մեր զրուցակիցը:

168.am-ի մեկ այլ զրուցակցի՝ «Պրոինֆո» ընկերության անշարժ գույքի գործակալ Կարինե Զաքարյանի խոսքով էլ, պատկերը միանշանակ չէ: Ըստ նրա, այս ընթացքում եղել են՝ ինչպես վարձավճարները բարձրացնողներ, այնպես էլ՝ ընդհակառակը՝ իջեցնողներ:

«Ունեցել ենք 2, 3, 5 դեպք, որ բնակարանի տերերը կտրուկ բարձրացրել են գինը: Ընդ որում, այս դեպքերում այդ քաղաքացիները ո՛չ միայն բարձրացրել են գինը, այլև վարձավճարը պահանջել են միայն դոլարով: Մենք, իհարկե, ունենք նաև դեպքեր, երբ քաղաքացին ինքն է որոշել սակարկել գինը՝ հենց արցախցի մեր հայրենակիցների համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եղել են նաև դեպքեր, երբ 4-5 սենյակ ունեցող բնակարանը տանտերը համաձայնել է տրամադրել միանգամից երկու ընտանիքի:

Ինչ վերաբերում է բնակարանները տրամադրողների կողմից առաջ քաշվող պահանջներին ու պայմաններին՝ երկու բանախոսներն էլ հայտնեցին, որ դրանք հիմնականում վերաբերել են բնակարանը վարձակալողների վճարունակությանը:

«Օրինակ՝ շատ մարդիկ կան, որ այդ բնակարանները վերցրել են ու այդ վարձակալության գումարով հիպոթեք են վճարում, կամ այդ գումարն իրենց ապրուստի միջոցն է: Հիմնական անհանգստությունը, ըստ երևույթին, դա է, որ այնպես չլինի, որ իրենք այդ առումով խնդիրներ ունենան: Այսինքն, բնակարանը տրամադրեն ու 2-3 ամիս հետո չկարողանան վարձ վճարել»,- ասաց Կարինե Զաքարյանը:

Գործակալության ներկայացուցիչները չբացառեցին, որ հնարավոր է՝ Արցախից ՀՀ տեղափոխվածներին բնակարան չտրամադրվեր՝ ընտանիքի անդամների մեծաքանակ լինելու պատճառով: Միաժամանակ նրանք տեղեկացրեցին, որ իրենք հիմնականում աշխատել են 5-7 անդամ ունեցող ընտանիքների հետ ու նման դեպքերի չեն առնչվել:

«Կային և՛ մերժողներ, և՛ընդհակառակը, մարդիկ, որ ընդունում էին հենց արցախցիների: Տարբեր իրավիճակներ կային, և՛ լավը, և՛ վատը: Երկուսից էլ զերծ մնալ չենք կարող: Մի քանի անգամ է եղել, որ չեն տրամադրել բնակարան՝ առանց մեկնաբանության: Մնացած դեպքերում արդեն բնակարանը չի տրամադրվել՝ զուտ վճարունակության խնդրով պայմանավորված: Անձամբ մենք այդպիսի դեպքերից զերծ ենք եղել, քանի որ մեծ ընտանիքներին հիմնականում ուղարկում էինք մարզերում գտնվող սեփական տներ, որոնց դեպքում մենք որևէ գործարքի չենք մասնակցել»,- ասացին նրանք՝ հավելելով, որ այս ընթացքում հարցումների գերակշիռ մասը Երևանում է եղել:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս