Սպային ատեստավորում են, բանակի «մկանների» ամրացման մասին չեն մտածում

Զինված ուժերում ատեստավորման գործընթացը բավականին խնդիրներ է իր մեջ պարունակում, որի մասին խոսել են և՛ ռազմական փորձագետները, և՛ անգամ  իշխանության ներկայացուցիչները համապատասխան քննարկումների ժամանակ, այդ թվում՝ ուժային մյուս կառույցների հետ կապված: Բայց բանակի դեպքում մի հանգամանք էլ կա. սպաների աշխատավարձի բարձրացումը քննարկվում է ատեստավորման գործընթացի համատեքստում, այն դեպքում, երբ դատավորների, քննիչների աշխատավարձը բարձրացնում են, ըստ էության, առանց նման գործընթացի:

Ավելին, բանակում չծառայած և ռազմական գործից շատ հեռու Նիկոլ Փաշինյանն իրենց ներդրած ատեստավորման համակարգի և «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրմամբ՝ արդեն համարում է, որ ստեղծել են պրոֆեսիոնալ բանակ:

Մասնավորապես, հուլիսի 20-ի կառավարության նիստում Փաշինյանը նշել է.

«Շատ կարևոր եմ համարում նաև ուշադրություն հրավիրել բանակում մեր իրականացրած ևս մեկ շատ խորքային, ինստիտուցիոնալ փոփոխությանը, որը ժամկետային զինծառայողների կամավոր ատեստավորման միջոցով պայմանագրային զինծառայության անցնելն է: Այդտեղ էլ ունենք կոնկրետ արդյունքներ: Պիտի նաև ասեմ, որ առնվազն Պաշտպանության նախարարի հետ մեր աշխատանքային քննարկումների ընթացքում դա մեր ոգևորության ամենակարևոր թեմաներից մեկն է, որովհետև ի՞նչ է տեղի ունեցել՝ նախորդ օրը Պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել երկու եղբայրների մասին, որոնք գյուղերից մեկից զորակոչվել են բանակ և որոշում են կայացրել, որ պիտի «Պաշտպան հայրենյաց» ծրագրին մասնակցեն, ատեստավորվեն: Ատեստավորման արդյունքում եղբայրներից մեկը հաղթահարել է ատեստավորումը, և կստանա բարձր աշխատավարձ»:

Կարդացեք նաև

Այնուհետև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հավելել է՝ քանի որ նրանց զորամասը նաև մարտական հերթապահություն իրականացնող է, բավարարի պարագայում՝ 330.000 դրամ, լավի դեպքում՝ 420.000 դրամ աշխատավարձի մասին է խոսքը, որից հետո Փաշինյանը շարունակել է.

«Հիմա այդ աշխատավարձը նշանակվել է: Եղբայրներից մեկը հաղթահարել էր, մյուսը չէր հաղթահարել, բայց միևնույն է՝ պայմանագրային զինծառայության էր անցել և դեռ պատրաստվում է շարունակել: Վերադարձել են իրենց տուն, ապրում են իրենց տանը, դարձել են պրոֆեսիոնալ զինվոր և կծառայեն իրենց ծանոթ միջավայրում: Ամեն ամիս իրենց տուն կմտնի առնվազն 600.000 դրամ: Սա շատ կարևոր բան է: Երբ ժամանակին ասում էինք, կառավարության ծրագրում գրում էինք, որ պետք է պրոֆեսիոնալ բանակ հիմնենք և ժամկետային զինծառայության բանաձևերն ու մոտեցումները փոփոխություն կրեն, այն ժամանակ շատ քննադատություններ էին ուղղված, թե ինչպե՞ս է արվելու, այս ի՞նչ ծրագիր է: Պաշտպանության նախարարության հրապարակած նախորդ օրվա տեսանյութը, ռեպորտաժն այս դահլիճում մեր ասածի, հայտարարածի և նաև այլ ֆորմատներով հայտարարածի կոնկրետ իրականացումն է, որը հանրամատչելի է, և յուրաքանչյուրը կարող է տեսնել»:

Այն, որ սպան պիտի բարձր աշխատավարձ ստանա, սա անվիճելի է, բայց թե ինչ կերպ են դա անում, խոսում է բանակի հանդեպ իշխանության վերաբերմունքի մասին:

Ի դեպ, 168.amը գրել էր, որ «Պաշտպան հայրենյացը», ըստ էության, «Ես եմ» ծրագրի պատճենված տարբերակն է՝ որոշակի տարբերություններով:

Իսկ կառավարությունը նաև որոշել է վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղեր անցկացնել, որին կմասնակցեն ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև ՊՊԾ, ՊԵԿ, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության թիմերը՝ ըստ մարզաձևերի:

Այսպիսով, ըստ կառավարության, կապահովվի ուժային կառույցների աշխատակիցների ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվածությունը, կամրապնդվի նրանց առողջությունը և երկարակեցությունը:

Ֆիզիկական պատրաստվածությունը վատ բան չէ, բայց արդյո՞ք դա տարածվում է երկրի ղեկավարության, ուժային կառույցների ղեկավարների վրա:

Երկրորդ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում առաջացած անվտանգային մարտահրավերները պետք է ստիպեին մտածել Զինված ուժերի «ատեստավորման» մասին, ինչը ենթադրում է լուրջ զորավարժությունների անցկացում, նաև մասնակցություն միջազգային զորավարժություններին՝ ամրացնելու բանակի «մկանները»:

Մի բան, որի մասին իշխանություններն առանձնապես չեն էլ մտածում, ինչը ևս մեկ ցուցիչ է բանակի նկատմամբ նրանց վերաբերմունքի: Առանց լուրջ զորավարժությունների մասնակցության, զինված ուժերը ռազմամարզական ակումբ է հիշեցնելու:

Այսինքն, պրոֆեսիոնալ բանակ ասվածը չի ենթադրում միայն լավ վազող և բարձր աշխատավարձ ստացող սպաների, պայմանագրայինների առկայություն, որոնց ծառայության և մարտական հերթապահության պայմանները լրջագույն բարելավման կարիք ունեն:

Պրոֆեսիոնալ բանակը լուրջ մոտեցումներ, ներդրումներ, սպառազինություն է պահանջում, նաև, ինչպես նշեցինք, զորավարժությունների կազմակերպում և միջազգային զորավարժությունների մասնակցություն:

Ի դեպ, երբ 2019 թվականի դեկտեմբերին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «երբ ասում ենք, որ ՀՀ Զինված Ուժերը, Հայոց բանակը պետք է լինեն մարտունակ միջազգային ամենաբարձր ստանդարտներով, առաջին հերթին նկատի ունենք, որ ՀՀ բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով, նկատի ունենք, որ Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալներից մեկը», մտավախություններ առաջացան, որ սիրուն խոսքերի ներքո իրականացվելու է Զինված ուժերի մարտունակությանը և դիմադրողականությանը վնասող քաղաքականություն, ինչպես հետո պարզվեց, չէինք սխալվում:

Փաշինյանը չստեղծեց ամենաինտելեկտուալ բանակը տարածաշրջանում, փոխարենը՝ կորցրեցինք նաև մարտունակ բանակի համբավը: Առանց փորձի փոխանակումների բանակը չի կարող ավելացնել իր ինտելեկտը: Սա երկար քննարկման թեմա է, որին դեռ առավել մանրամասն կանդրադառնանք:

Տեսանյութեր

Լրահոս