Այն վիճակն է, ոնց որ նման միրգ գոյություն չունի. խաղողագործները դեռ չգիտեն, թե գործարաններն ինչ գնով կմթերեն խաղողը
Խաղողի մթերման ժամանակաշրջանը մոտենում է, սակայն խաղողագործները դեռ չգիտեն, թե ինչ գնով են մթերելու և որ գործարանում:
Արարատի մարզի խաղողագործությամբ զբաղվող բնակիչները 168.am-ի հետ զրույցում ասացին, որ խաղողագործությամբ շատերն են զբաղվում, ու, ցավոք, ամենաշատ խնդիրները խաղողի մթերման դեպքում են առաջանում, սակայն, եթե կրկնվի նախորդ տարվա սցենարը, այսինքն, գործարանները ստեղծեն իրավիճակ, որ չընդունեն խաղող, ու իրենք ստիպված այս գյուղից այն գյուղ վազեն, հետո էլ բողոքի ակցիաներ կազմակերպեն:
Նրանց փոխանցմամբ՝ մինչև վերջին օրը գին չեն ասում, որ վերջում ստիպված լինեն խաղողը հանձնել առաջարկված, բայց իրենց համար ոչ հարմար գնով:
«Մթերումը սեպտեմբերի 15-ից է սկսվելու, սակայն տպավորություն է, որ նախորդ տարիների սցենարը կրկնվելու է: Այն վիճակն է, ոնց որ նման միրգ գոյություն չունի»,- մեզ հետ զրույցում ասաց խաղողագործ Արամ Ներսիսյանը:
Համլետ Պարոնյանի փոխանցմամբ էլ՝ դեռևս գնի վերաբերյալ խոսակցություններ են, ուրիշ ոչինչ:
«Ասում են, թե 120 դրամով են այս տարի խաղողը մթերելու: Անցած տարի մինչև 130 դրամ ընդունել են: Տարբեր գործարան տարբեր գին է ասել: Անցած տարի Այգավանի կոնյակի գործարանը 50 տոկոսով կրճատեց իր իսկ կնքած պայմանագրերը՝ պատճառաբանելով, որ տեղ չունեն, հենց գինը նախատեսվածից էժանանում է՝ լրիվ տարաները հինգ րոպեում դատարկվում են: Այգավանի գործարանից է կախված մեր տարածքում գնային քաղաքականությունը: Այժմ պայմանագիր շատ քչերն են կնքել: Օրինակ, Տափերականում կա 3 գործարան՝ Վարժապետյանի, Մանասերյանի ու Գագոյի գործարանը, բայց հենց հերթը հասնում է խաղողի մթերմանը, պարզվում է՝ տեղի բնակիչները վերջին տեղում են հայտնվում»,- մանրամասնեց խաղողագործը: «Չեք հավատա, բայց 2021թ. խաղող 80 դրամով ենք հանձնել»:
Հավելենք, որ մայիսի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում անդրադառնալով խաղողի մթերման խնդրին, որը բոլոր տարիներին առաջանում է, ասել էր, որ նախորդ տարիների դառը փորձը հաշվի առնելով՝ Կառավարությունն այս տարի առաջարկում է նախօրոք կնքել բոլոր մթերման պայմանագրերը և ֆինանսավորել միայն այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև հունիսի 30-ը: «Դա թույլ է տալիս, որպեսզի խաղողագործները ոչ թե մթերման ժամանակահատվածում իմանան, թե ում են հանձնելու խաղողը և ինչ գնով, այլ օրինակելի ձևով կնքված գործարքներով կարողանան նշված ժամանակահատվածում իրենց մթերող կազմակերպությանը հանձնել մթերքը»,- հստակեցրել էր Էկոնոմիկայի նախարարը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին՝ միայն պայմանագրեր կնքելով՝ խաղողագործների խնդիրները լուծվելո՞ւ են, նախարարը պատասխանել էր. «Ես կարող եմ հասկանալ բոլորի թերահավատությունն առ այն, որ պայմանագրերը դժվար թե իրականանան, բայց կա կարևոր գործոն՝ դա վստահությունն է, որը նախորդ տարիներին իսպառ բացակայել է»:
Առայժմ, ինչպես վստահեցնում են խաղողագործները, հստակ պայմանագրեր կամ գնի մասին խոսակցություն չկա: Իսկ վստահություն կլինի, թե ոչ, հավանաբար պարզ կդառնա սեպտեմբերի 15-ից հետո միայն: