Բաժիններ՝

Պետությունը կարող է արգելել ցածրորակ սպիրտի ներկրումը, որը գցում է տեղական արտադրության, հատկապես կոնյակի վարկանիշը. Գառնիկ Պետրոսյան

Գործարանները խաղողն այս տարի մթերում են 100-120 դրամով՝ անցած տարվա 130-150 դրամի փոխարեն:

Արարատի մարզի Տափերական գյուղում բնակչության մեծ մասը խաղողագործությամբ է զբաղվում, և դեռ անցյալ տարի նրանք դժգոհում էին, որ ամենաշատ խնդիրները խաղողի մթերման դեպքում են առաջանում, ավելին, շատերը դեռ այն ժամանակ ցանկացել էին այգիները լրիվ վերացնել:

«Այս տարի վատ չէ մթերման գործընթացը, սակայն խնդիրը գինն է: Սկզբում մթերում էին 120 դրամով, հետո քիչ-քիչ գինը նվազեց՝ դառնալով 100-110 դրամ: Անցած տարի մթերել են 130-155 դրամով»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղի խաղողագործներից մեկը:

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ խնդիր կա, և այն բավականին լուրջ է:

Կարդացեք նաև

«Խնդիր մշտապես առաջացել է, իսկ այս տարի ավելի ծանր վիճակ ստեղծվեց: Առիթից օգտվելով՝ մթերող ընկերությունները նույնիսկ 100 դրամով էին մթերում: Դա որևէ կերպ արդարացված չէ, պարզապես խաղողագործի անօգնական վիճակը չարաշահելով՝ այդպես են վարվում: Ցավոք, պետությունը շատ բաներ է անում մթերող, հատկապես խաղող վերամշակող ընկերությունների համար, իսկ վերջինները դրա դիմաց համապատասխան վերաբերմունք չեն դրսևորում: Այդ օգնությունները՝ արտոնյալ վարկեր, ագրովերամշակման սարքավորումների լիզինգի հնարավորություն և այլն, իսկ դրա դիմաց նրանք գյուղացուն շատ ծանր վիճակի մեջ են դնում, որն ուղղակի անթույլատրելի է»,- մեզ հետ զրույցում ասաց Գառնիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ պետությունը կարող է այդ օգնությունը տրամադրել խաղողագործներին, ոչ թե մթերող ընկերություններին:

«Պետությունը կարող է արգելել նաև ցածրորակ սպիրտի ներկրումը երկիր և օգտագործումը ոգելից խմիչքների արտադրության գործում, որը գցում է տեղական արտադրության, հատկապես կոնյակի վարկանիշը: Հիմա ես հարց եմ տալիս, ինչո՞ւ է Երևանի կոնյակի գործարանը մթերում 155 դրամով, երկարաժամկետ պայմանագրեր է կնքում և կանոնավոր աշխատում է գյուղացու հետ, իսկ մյուսները չեն կարո՞ղ: Պատճառաբանում են, թե՝ տարաներ չունենք, և այլն, իսկ երբ բերում, իջեցնում են իրենց ուզած գնին՝ մի հրաշքով տարաները հայտնվում են, ու կարողանում են ապրանքն իրացնել: Չի կարելի, սա անթույլատրելի է: Ճիշտ է, ասում են՝ տնտեսությունն ազատականացված է, առաջարկ-պահանջարկ և այլն, բայց որևէ կերպ սա չի արդարացվում, քանի որ մենաշնորհային իրավիճակում են: Մի քանի խոշոր վերամշակողներ իրար հետ փոխադարձ համաձայնության են գալիս, գինն իջեցնելով՝ խնդիրներ են առաջացնում և գյուղացուն կանգնեցնում են ծանր փաստի առջև»,- նշեց Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը:

Մեր դիտարկմանը, որ գյուղացիների փոխանցմամբ՝ մի քանիսի հետ ավելի վաղ են ընկերությունները պայմանագիր կնքում, իսկ մյուսների դեպքում ձգձգում են, ի՞նչ պետք է անել, Գառնիկ Պետրոսյանը պատասխանեց.

«Դե, պետք է խորանալ, ուսումանսիրել: Այն ընկերությունները, որոնք բարեխիղճ ձևով գործունեություն կծավալեն, կօգնեն գյուղացուն, որպես գործընկեր հանդես կգան՝ հավասարը հավասարի հետ, ուրեմն պետությունը պետք է նրանց աջակցի, այլ ոչ թե բոլորին: Գաղտնիք էլ չէ, որ փոքր քանակով են մթերում, և ձևակերպում ու ցույց են տալիս, որ իրենք մի քանի անգամ ավելի շատ մթերումներ են կատարել, ինչը իրականությանը չի համապատասխանում: Իսկ ցանկության դեպքում մեր պատկան մարմինները րոպեների ընթացքում կարող են բացահայտել այդ ամենն ու պատասխանատվության ենթարկել անբարեխիղճ գործունեություն ծավալող ընկերություններին»:

Տեսանյութեր

Լրահոս