«Խաղողագործությունը մաքուր բիզնես գործընթաց է, կա գնորդ և վաճառող, Կառավարությունն այդտեղ անելիք չունի». Վահան Քերոբյան
«Մենք պետք է գյուղատնտեսությանը նայենք՝ որպես բիզնես, և բիզնեսմենը պետք է հաշվի իր ծախսերը, իր եկամուտը, եթե դա ձեռք չի տալիս՝ չանի»,- Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ փորձել այդ հարցին ոչ թե որպես բիզնես, այլ զուտ սոցիալական պրոյեկտ նայել, երկարաժամկետ կտրվածքով հեռանկարային չէ:
Հարցին՝ պետությունն ի՞նչ քայլեր է իրականացնում, որ մարդիկ այդ մտածելակերպն ունենան, Վահան Քերոբյանը պատասխանեց.
«Աշխատում ենք, շատ ենք շփվում մարդկանց հետ, նաև հանրային մեր խոսքում ենք նշում այդ մասին: Վերջին 10 օրվա մեջ եղել եմ որևէ գյուղում, Արենիում եմ եղել վերջին անգամ»:
Կառավարության նախորդ նիստից հետո Էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ դիզվառելիքի թանկացման հետ կապված ռիսկեր կան, ուստի լրագրողներն այսօր նախարարին հարցրեցին, թե ռիսկային չի՞ համարում, որ նման հայտարարությունը մտահոգություն կառաջացնի նախ գյուղատնտեսությամբ զբաղվողների մոտ, բացի այդ՝ դա կարող է արհեստական պահանջարկի հանգեցնել, տնտեսվարողներն էլ առիթից օգտվելով՝ դիզվառելիքի գները բարձրացնեն:
«Ես ասել եմ՝ ռիսկ կա, որ կարող է թանկանալ: Մենք անցած շաբաթ մի քանի հանդիպում ենք ունեցել, քննարկել հնարավոր ռիսկերը չեզոքացնելու հարցը, և պետք է անենք ամեն ինչ, որ այդ ռիսկերը չնյութականանան: Խոսում ենք տարբեր երկրների ղեկավարների հետ՝ հասկանալու, թե ի՞նչ արգելքներ կարող են առաջանալ, և դրանք վերացնում ենք:
Այսօր կարող եմ ասել, որ մեր գործընկերների հավաստմամբ՝ մինչև ամառ արգելքների հետ կապված խնդիրները, քիչ հավանական է, որ կլինեն, դրանից հետո պետք է մեր մատակարարման ուղիներն այնպես դիվերսիֆիկացնենք, որ նման խնդիրներ չառաջանան:
Գիտեք, որ Հայաստանը լոգիստիկ առումով դեռ մնում է շատ պրոբլեմատիկ, և այդ խնդիրները լուծելու համար մեզ համար գլխավոր ծրագրերից մեկը, որը պետք է օգնի, որ մենք ավելի լավ կապվածություն ունենանք աշխարհի հետ, չոր նավահանգստի նախագիծն է»:
Լրագրողները գյուղատնտեսությանը զարկ տալու համատեքստում նախարարին հարցրեցին՝ արդյոք տեղյա՞կ է, որ, օրինակ, խաղողի մթերման գումարները 12 ընկերություն չեն վճարել գյուղացիներին, և, որ այդ մասին Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործներն են ահազանգում.
«Մենք շատ թարմ տեղեկատվություն ենք ստացել և զբաղվում ենք այդ հարցով: Բայց էլի պետք է ասեմ, որ դա մաքուր բիզնես գործընթաց է՝ կա գնորդ, կա վաճառող, Կառավարությունն այդտեղ անելիք չունի: Եթե գնորդը կամ վաճառողն իրենց ռիսկերը չեն գնահատում և պայմանագրեր են կնքում իրենց ռիսկով, իրենք էլ այդ ռիսկի հետ պետք է գործ ունենան:
Մենք ընդամենն աջակցության մեխանիզմ ենք դրել, որ եթե խաղողագործներն օգտվում են այդ մեխանիզմից, ստիպված լինեն արագ վճարել, և գիտենք, որ այն պայմանագրերը, որոնց մենք աջակցել ենք մեր ծրագրի շրջանակներում, արագ են վճարվել: Այդ աջակցության ծրագրից դուրս գտնվող պայմանագրերը կարող են վճարվել կողմերի հետ համաձայնեցված տարբերակով, եթե կան պայմանագրային խախտումներ, պետք է դատական հայցով հարցը լուծվի»:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին նաև Լարսի անցակետում մնացած բեռնատարների ճակատագրով: Դեռ 2 օր առաջ 1200 բեռնատար էր կանգնած Լարսի անցակետում, խնդիրն արդյոք լուծվե՞լ է, հարցրեցին Վահան Քերոբյանին: Նախարարը պատասխանեց, որ վերջին տվյալներով՝ 1 օրում շուրջ 400 մեքենա է Լարսով դուրս գալիս, ինչը նշանակում է, որ այնտեղ 3 օրվա հերթ կա.
«Ինչքանով գիտեմ՝ նոր ձյան պատճառով հենց այս պահին ճանապարհը դժվարանցանելի է, բայց խնդիրը տրագիկ չէ, 3-4 օր սպասելուց հետո բեռնատարներն անցնում են, ինչը անցած տարվա 20-30 օրվա համեմատ այդքան էլ մեծ թիվ չի…»: