«Մեզ ասում են՝ դուք պիտի լռեք, թուրքը կրակի, դուք էլ հանդուրժեք, մենք խաղաղության ենք գնում, թուրքը կարող է կրակել, գերիներին չվերադարձնել, ոչ մի պարտավորություն չկատարել, իսկ ահա հայը պիտի անի իրեն թելադրվածը։ Այն, ինչ հայը պիտի աներ Ադրբեջանի գլխին 1994-ին, այսօր իրենք անում են մեզ հետ։ Այն ժամանակ կար երկընտրանք՝ զինադադա՞ր, թե՞ կապիտուլյացիա։ Ինչո՞ւ են մերոնք զինադադարն ընտրել։ Դրանից հետո զինադադար եղե՞լ է։ 1994-ից առայսօր Ադրբեջանը երբեք զինադադարը չի պահպանել։ Սահմաններին զինվորներ էին զոհվում, դիպուկահարներ էին կրակում, խմբեր էին ուղարկում։ Մենք անընդհատ դեպքեր էինք տեսնում, որոնք հանգեցնում էին մեր երեխաների մահվանը»։
Մարդկային պատմությունը պատերազմների պատմություն է, պատերազմներում մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում։ Կարծում եմ՝ զիջումները լավ օրից չեն, և Ադրբեջանը շատ լավ է հասկանում, որ խաղաղության խաղաքարտն իր օգտին է, մեր պետության իմունային համակարգը պատրաստ չէ դիմակայել այդ ճնշումներին՝ իր ամբողջ պետական ինստիտուտներով։ Իսկ մեր հասարակությունը գտնվում է խորը բարոյահոգեբանական լքված վիճակում և չի կարողանում դուրս գալ պարտության ցավից։