«Բերձորում խուճապ չկա, բայց տխուր է». Կարեն Հովհաննիսյան
Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին զգուշացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն ու Բերձորը։
Ըստ նախարարի, օգոստոսի 25-ից հետո ռուս խաղաղապահներն այլևս չեն կարողանալու պահպանել տեղի հայության անվտանգությունը։ Նրա այցից հետո բնակիչները սկսեցին պատրաստվել իրենց տները լքելուն։
168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Հովհաննիսյանի հետ, ով արդեն մի քանի օր գտնվում է Բերձորում և տարբեր հարցերում օգնում բնակիչներին։
– Պարոն Հովհաննիսյան, արդեն տևական ժամանակ է՝ Դուք Բերձորում եք, շփվում եք բնակիչների հետ, նրանք ի՞նչ տրամադրություններ ունեն։ Առհասարակ Բերձորում իրավիճակն ինչպե՞ս է։
– Բերձորում խուճապ չկա, բայց տխուր է։ Այն բերձորցիները, որոնք պատերազմի ավարտից հետո մինչև այժմ շարունակում են ապրել Բերձորում, փաստացի երկրորդ պարտության դառնությունն են կուլ տալիս։ Այն հույսերը, որ հնարավոր էր պահել Բերձորը կամ Աղավնոն, կարծես այս պահին անտեսանելի են։ Վերջիվերջո, Բերձորը կամ Աղավնոն միայն բերձորցունը կամ Աղավնոյի բնակիչներինը չէ, ամբողջ հայությանն է։ Ուղղակի այն փոքրաթիվ հայերը, որոնք մնացել են Բերձորում, իրենց վրա է և՛ հուզական, և՛ ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը։ Բերձորում մարդիկ խուճապային հույզերի մեջ չեն, բայց բավականին բարդ հոգեբանական վիճակում են։
– Ձեզ հայտնի՞ է, թե ինչ ճակատագիր է սպասվում այդ բնակիչներին, որովհետև 44-օրյա պատերազմից հետո նրանք, ովքեր կորցրեցին իրենց տունը, պարզապես փողոցում հայտնվեցին։ Որտե՞ղ են ապրելու այդ մարդիկ։
– Նախ, որևէ մեկը չի կարող մյուսի ճակատագրի մասին կանխատեսումներ անել։ Այն բնակիչները, որոնք ստիպված են լինելու թողնել իրենց տունը, օջախը և հայտնվելու են նոր իրականության մեջ, այն է՝ վարձով բնակարաններ, ժամանակավոր կացարան․․․ Երևի թե սա է սպասվելու բոլորին, քանի որ մեծ մասը չունեն որևէ սեփականություն և այժմ ստիպված են լինելու զբաղվել օրվա հացը վաստակելու, կացարանի խնդիրը լուծելու հարցերով։ Կառավարության կողմից որոշակի օգնություն կա։ Նրանք մենակ չեն, ինքս գտնվելով Բերձորում՝ իմ ունեցած հնարավորությունների սահմաններում, իմ ունեցած կապերով, ի պաշտոնե կառավարության համապատասխան մարմինների հետ փորձում ենք թեթևացնել մարդկանց այդ հոգսերը, փորձում ենք ելքեր գտնել։
Այն բնակիչները, ովքեր ցանկություն են հայտնում տեղափոխվել Արցախի Հանրապետություն, այս պահին Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ համապատասխան բնակավայրեր են նայում։ Իսկ այն քաղաքացիները, ովքեր ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստան, մեր ունեցած կապերով, ընկերների միջոցով կամ իրենց ունեցած հնարավորություններով ժամանակավոր տներ են փնտրում, որպեսզի կարողանան տեղափոխվել։
Նրանք օգտվելու են այն ծրագրերից, որոնք հաստատված են Արցախի Կառավարության կողմից։
– Բերձորն ու Աղավնոն չլքելուն այլընտրանք կա՞ր, որը հայկական կողմը չի օգտագործում, թե՞ միակ տարբերակը դուրս գալն էր։
– Ցանկացած խնդիր ունի իր լուծման տարբեր եղանակներն ու բանաձևերը, ուղղակի այդ խնդրով զբաղվողների փոխարեն չեմ կարող խոսել, թե ինչ են մտածել։ Ինքս կարծում եմ, որ եթե համայն հայությունն իր կոմֆորտային հոգեվիճակից դուրս գար և վերջին երկու տարվա ընթացքում շատ ավելի ակտիվ լիներ և հասկանար, որ հողը պայքարելով, սիրելով, ազնվորեն են պահում՝ գուցե ելքն այլ լիներ։
– Դուք այս ամբողջ ընթացքում Բերձորում տեսե՞լ եք Հայաստանից որևէ պաշտոնյայի, արդյո՞ք որևէ մեկը եկել է Բերձոր, Աղավնո, որպեսզի բնակիչներին որևէ հարցում օգնի։
– Հայաստանի պետական ապարատի որևէ ներկայացուցչի ես անձամբ չեմ տեսել, եթե որևէ մեկը եկել է, դրա մասին կարող է բարձրաձայնել։
– Բնակիչներն իրենց հետ վերցնում են առաջին անհրաժեշտության իրե՞րը, թե՞ ցանկանում են այս տարիների ընթացքում իրենց ստեղծած ամբողջ ունեցածը դուրս բերել։
– Բոլորն էլ ցանկանում են իրենց ունեցվածքն ամբողջությամբ դուրս հանել։ Սա հետպատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանի հարավից մազապուրծ փախուստը չէ։ Կա որոշակի ժամկետ, որի ընթացքում մարդիկ իրենց ամբողջ ունեցվածքը կարող են տեղահանել։
– Հայկական կողմը մշտապես կատարում է Ադրբեջանի պահանջները, արդյունքում Ադրբեջանի ախորժակն ավելի չի՞ մեծանալու։
– Մարդկային պատմությունը պատերազմների պատմություն է, պատերազմներում մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում։ Կարծում եմ՝ զիջումները լավ օրից չեն, և Ադրբեջանը շատ լավ է հասկանում, որ խաղաղության խաղաքարտն իր օգտին է, մեր պետության իմունային համակարգը պատրաստ չէ դիմակայել այդ ճնշումներին՝ իր ամբողջ պետական ինստիտուտներով։ Իսկ մեր հասարակությունը գտնվում է խորը բարոյահոգեբանական լքված վիճակում և չի կարողանում դուրս գալ պարտության ցավից։
Մեր էլիտաների հիմնական խնդիրն այն է, որպեսզի հասարակությանը հանեն այս վիճակից՝ անընդհատ զիջելու դեմն առնելու համար։ Հայաստանի իշխանությունը խաղաղության իր որդեգրած օրակարգով որևէ լավ հանգրվանի չի հասնելու։



