Կործանված ադրբեջանական ինքնաթիռը՝ ռուս-ադրբեջանական լարման պատճառ․ Ադրբեջանը շարունակում է մեղադրել ու սպառնալ բողոքով Միջազգային դատարանում
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում և դրանց շուրջ կրքերը չեն մեղմանում։ Ղազախական Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցում հաստատվում է վարկածը, որ ինքնաթիռը կործանվելուց առաջ արտաքին ազդեցության է ենթարկվել, սակայն չի նշվում այդ ազդեցության բնույթն ու ծագումը, կամ այն, թե ով է պատասխանատու կործանման համար։
53 էջանոց զեկույցը հրապարակել է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը: Նշվում է, որ ինքնաթիռը մի քանի վայրկյան ընդմիջմամբ երկու հարված է ստացել առավոտյան ժամը 5:13-ին, ինչից հետո միացել է ավտոպիլոտի անջատման ազդանշանը, իսկ հիդրավլիկ համակարգերից մեկում ճնշումը և հեղուկի մակարդակն իջել են զրոյի: 38 մարդու կյանք խլած ավիավթարի վերաբերյալ զեկույցում նաև նշվում է, որ ինքնաթիռում հայտնաբերվել են «մեծ քանակի օտար առարկաներ»:
Հարվածի պահին, ըստ զեկույցի, ինքնաթիռը եղել է Գրոզնիի երկնքում, և օդանավակայանին մոտենալիս՝ անձնակազմը դիսպետչերին հայտնել է GPS համակարգի խափանման մասին և որոշել է վայրէջքի ավելի հին մեթոդ կիրառել, որն օգտագործվում է միայն, երբ ավելի ժամանակակիցները հասանելի չեն: Սակայն ավիադիսպետչերները թույլ չեն տվել:
Փաստաթղթի հեղինակները նաև նշում են, որ համապատասխան ուսումնասիրություններ և փորձաքննություններ են անցկացվելու՝ պարզելու «օտար օբյեկտների» պատճառած վնասի բնույթն ու ծագումը։
Զեկույցում որևէ հիշատակում չկա, որ հայտնաբերված բեկորները կարող են վկայել զենիթահրթիռային համակարգի հարվածի մասին, սակայն Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ հարվածը հասցվել է ռուսական «Панцирь-С» հակաօդային պաշտպանության համակարգի զենիթային հրթիռով:
«Ադրբեջանական կողմն ունի «Панцирь-С» հրթիռային համակարգի բեկոր, որը դուրս է հանվել ինքնաթիռից և նույնականացվել է միջազգային փորձաքննության ժամանակ»,- հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը:
Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական արդյունքները և կոչ է արել սպասել հետաքննության ավարտին։ Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել ղազախական կողմի հրապարակած հետաքննության առաջին արդյունքները, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է.
«Սա նախնական զեկույց է, իհարկե, մեր համապատասխան գերատեսչությունները մեծ ուշադրությամբ կուսումնասիրեն դա»։ Թեմային անդրադարձել է նաև Ռոսավիացիան, հայտարարելով, որ ղազախական կողմը չի բացահայտել այն կողմնակի առարկաները, որոնք հայտնվել են «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի օդանավում մինչև Ակտաուում կործանվելը, Ղազախստանի տրանսպորտի նախարարության զեկույցը «նախնական է և չի պարունակում որևէ եզրակացություն միջադեպի պատճառների մասին»։
«Նախնական զեկույցը հաստատում է, որ օդանավը վնաս է կրել արտաքին ազդեցության հետևանքով: Այնուամենայնիվ, զեկույցը չի արտացոլում, որ ղազախական կողմն օդանավում կողմնակի առարկաներ է հայտնաբերել, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունն առ այսօր նման հնարավորություն չի ունեցել, քանի որ այդ տարրերն իրեն չեն փոխանցվել փորձաքննության համար»,- նշել է դաշնային գործակալությունը։
Նշվում է նաև, որ զեկույցում հաստատվում է՝ անձնակազմը չի օգտվել այլընտրանքային օդանավակայաններից, որոնք առաջարկել են ռուս ավիակարգավարները։
Եվ չնայած այն հանգամանքին, որ ՌԴ նախագահը միջադեպից հետո զանգահարել էր Ալիևին և ներողություն խնդրել կատարվածի համար, ադրբեջանական ԶԼՄ-ների՝ մասնավորապես «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ, ձևավորվում է ապացույցների բազա, հավաքվում են փաստեր և ապացույցներ, Ադրբեջանը նախապատրաստվում է միջազգային դատարան բողոք ներկայացնել։
Այս ամենից բացի, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը փաստացի ընդունել է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևի պետական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության դեկտեմբերի 25-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս: Այս մասին գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ նշելով, որ այս մասին տեղեկությունը հայտնվել է միջադեպի հետ կապված հանգամանքների ուսումնասիրության, ներառյալ՝ Ռուսաստանի օդային տարածքում GPS ազդանշանի կորստի մասին հաղորդումների ֆոնին։
Նշվում է, որ այս բացահայտումը հաջորդում է հունվարի 4-ին «Թուրան»-ի այն հաղորդումներին, որ նախագահական ինքնաթիռը հանկարծակի լքել է Ռուսաստանի օդային տարածքը և վերադարձել Բաքու՝ անսպասելի ռադիոտեխնիկական խնդիրների պատճառով։ Մասնավորապես, Ադրբեջանի տրանսպորտային գերատեսչությունն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ AZAL J2-8243 չվերթի ժամանակ Ռուսաստանի օդային տարածքում, այդ թվում՝ Գրոզնիի օդանավակայանի վրայով, օդանավը կորցրել է GPS ազդանշանները։ Այսինքն՝ խոսքը GPS ազդանշանի կորստի մասին է ոչ միայն Չեչնիայի, այլև ռուսական օդային տարածքի այլ հատվածներում, որտեղով թռել է ինքնաթիռը։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ թեման գտնվում է Բրիտանիայի ուշադրության ներքո։ Հունվարի վերջին հեռախոսազրույց տեղի ունեցավ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Մեծ Բրիտանիայի արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամիի միջև։ Ի թիվս այլ հարցերի՝ կողմերի օրակարգում եղել է Ակտաուի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման թեման։ «Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ողբերգության պատճառների հետաքննությանն ու պարզաբանմանը»,- հեռախոսազրույցի բովանդակությունը մեջբերում էին լրատվամիջոցները։ Հունվարի 7-ին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը կտրուկ հայտարարություններ էր արել, կրկին մեղադրել ՌԴ ներկայացուցիչներին, պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ավելի վաղ նա նաև փոխհատուցում էր պահանջել։
Հարկ է նշել, որ այս ամենի ֆոնին նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար միջոցներ հատկացնելու մասին։ Կարգադրության համաձայն՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանն Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով 1 մլն ԱՄՆ դոլարի մանաթին համարժեք միջոցներ են հատկացվել։
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ողբերգական միջադեպի հենց սկզբից էլ պարզորոշ ուրվագծվում էր այն աշխարհաքաղաքական հետևանքը, որը կարող է ունենալ ինքնաթիռի կործանումը։ Իսկ առաջին ազդանշանը, նրա խոսքով, միջադեպի նկատմամբ Արևմուտքի և մասնավորապես Մեծ Բրիտանիայի ուշադրությունն էր, հանգամանքը, որ միջադեպը քննելու են ոչ թե Ռուսաստանում, այլ Ղազախստանում, ինչը, թերևս, բնական է, սակայն տալիս է հնարավորություն Արևմուտքին ազդելու այս ամենի վրա։
«Իսկ ազդելու ցանկությունը պարզ է, դա պայմանավորված է թե աշխարհաքաղաքական, թե ռեգիոնալ իրավիճակով՝ խնդիրներ ստեղծել, խորացնել Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում։ Եթե ուսումնասիրենք ռեգիոնալ իրավիճակը՝ պարզ կդառնա, թե ինչու է դա Արևմուտքին հարկավոր։ Ռեգիոնում միայն Ադրբեջանն էր, որ Արևմուտքի հետ հարաբերությունների ավելի վատ դինամիկա ուներ, եթե համեմատենք Հայաստանի ու Վրաստանի հետ։ Բացի այդ, վերջերս Ռուսաստանն ու Իրանն ամրապնդեցին իրենց հարաբերությունները նոր պայմանագրով, ինչն Արևմուտքի համար մեծ անհանգստություն ու վտանգ է, ուստի ցանկացած հնարավոր թեմա, իսկ ինքնաթիռի կործանման միջադեպը հենց այդպիսի թեմա է, կարող է օգտագործվել իրավիճակ սրելու և ռուս-ադրբեջանական հարաբերությունների ընթացքը խափանելու համար»,- ասաց վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է բուն Ադրբեջանին, ապա, Խրամչիխինի խոսքով, Ադրբեջանն իր քայլերով ամենայն հավանականությամբ փորձում է որոշակիորեն բավարարել թե հասարակության, թե Արևմուտքի սպասելիքները։
«Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ բարձր մակարդակով ներողությունը թեմայի սրությունը բավականին մեղմել էր, սակայն հրապարակված զեկույցը և դրան հետևած իրադարձությունները նոր աղմուկ են առաջացնում, հետևաբար՝ նոր զարգացումներ՝ թույլ տալով ենթադրել, որ դեռ շատ զարգացումներ են լինելու այս իրադարձության շուրջ։ Թե ինչպես է հետագայում թեման կառավարելու Ռուսաստանը՝ ևս բարդ է ասել, քանի որ զեկույցի հրապարակումից հետո հայտարարությունների ու հրապարակումների դինամիկան բավականին լարված է։ Այդ ամենը մեղմելու համար ակնկալվում է, որ ՌԴ-ն այլ քայլեր ևս պետք է անի»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է այս ամենի ազդեցությանը Հարավային Կովկասի ու Հայաստանի նկատմամբ, ապա Խրամչիխինն այն կարծիքին է, որ ցանկության դեպքում աշխարհաքաղաքականացվող ցանկացած թեմայից ու զարգացումից կարելի է օգտվել՝ այն տեղավորելով սեփական շահերի շրջանակում։
«Սակայն, թե ինչպես կմտածի հայկական կողմը, բարդ է ասել՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների ակնկալիքներն Արևմուտքից, հիմա էլ՝ Թրամփի վարչակազմից։ Սակայն չպետք է նաև մոռանալ, որ ՀՀ իշխանությունները վերջերս փորձեցին Ռուսաստանին ընդառաջ մի քանի քայլ կատարել»,- նկատեց նա։