Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որոնց խորհրդարանական երեք հիմնական ուժերը որևէ կերպ չեն մասնակցելու:
Տեր-Պետրոսյանն, իհարկե, չասաց, թե «ինչի կուսակցությունն է» գալու իշխանության: Չասաց, որովհետև իր հետևողական գործունեության արդյունքում Հայաստանում քաղաքականությունը զիջեց «փողի կուսակցությանը»:
ՀԱԿ-ի հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում է ներքին քաղաքականությանը: Այնպես, ինչպես ՀՅԴ-ի` ընտրություններին չմասնակցելու հիմնավորումները, ինչպես նաև ԲՀԿ-ի` ընտրություններին չմասնակցելու հիմնավորումների բացակայությունը:
2008-ից հետո ՀՀ-ում քաղաքական դաշտը կառուցված էր երեք նախագահների ու նրանց սպասարկող քաղաքական ուժերի առանցքի շուրջ: Այդ երեք բևեռներից երկուսը` չմասնակցելով ընտրություններին, Սերժ Սարգսյանին հնարավորություն տվեցին՝ առանց որևէ ջանք գործադրելու, երկրորդ անգամ զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը:
Դեռևս չորսուկես տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ հայտարարում էր, որ իր թիմում կան առնվազն 6 քաղաքական գործիչներ, ովքեր ոչ միայն լիդերներ են, այլև` իրենից ոչ պակաս պատասխանատվությամբ կարող են հավակնել նախագահի պաշտոնին: Տեր-Պետրոսյանի թվարկած 6 գործիչներից այսօր նրա կողքին է միայն մեկը` Ստեփան Դեմիրճյանը: