Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ հրաժարականը (տեսանյութեր)

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումը դեռևս քննարկվում է առավելապես ընթացիկ քաղաքական զարգացումների համատեքստում: Իհարկե, արդեն իսկ հնչել են գնահատականներ, որ Տեր-Պետրոսյանի այդ քայլը որոշակի իմաստով «էպոխալ» նշանակություն ուներ, որ այդպիսով առաջին նախագահը փակեց 1988 թվականի ղարաբաղյան շարժման պատմական ժամանակաշրջանը:
Էմոցիոնալ հարթությունում, իհարկե, բոլոր այդ և դեռ հնչեցվելիք նման գնահատականները տեղին են ու արդարացված: Ժամանակը, թերևս, այդ գնահատականները կդարձնի ավելի պրագմատիկ:

Իրականում Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն չփակեց ղարաբաղյան շարժման էպոխան, այլ անգամ այդ առաքելությունը թողեց Սերժ Սարգսյանին: Որովհետև և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը` անկախ իրենց ունեցած դերակատարության չափից, դրական կամ բացասական ազդեցությունից, բոլորն էլ ղարաբաղյան շարժման` այդ ժամանակաշրջանի գործիչներ են և Լեռնային Ղարաբաղում, ապա՝ Հայաստանում պաշտոններ են զբաղեցրել ղարաբաղյան շարժման արդյունքում ու դրա շնորհիվ:

2013 թվականին Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, վերընտրվելու է նախագահի պաշտոնում: Ի՞նչ իրադարձություններ կլինեն մինչև 2018 թվականը, դժվար է կանխատեսել: Սակայն բնականոն ճանապարհով կամ ֆորսմաժորային իրավիճակում Սերժ Սարգսյանը ևս, նախագահության երկրորդ ժամկետն ավարտելուց հետո, գոնե ֆորմալ առումով հեռանալու է նախագահական ինստիտուտից, այդպիսով` փակելով ղարաբաղյան շարժման, 88-ի էպոխայի գործիչների ղեկավարման պատմական շրջափուլը:

Ինչո՞ւ պատմությունն այդքան սիրող ու այդքան արժևորող Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին զիջեց ոչ միայն նախագահի պաշտոնը, այլ նաև ղարաբաղյան շարժման էպոխան փակելու պատմական առաքելությունը, դժվար է ասել: Բայց իր այս «զիջողականությամբ» Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, երկրորդ անգամ հրաժարական տվեց` կամավոր հանձնեց իշխանությունը:

Առաջինը 1998 թվականի հրաժարականն էր: Որքան էլ այդ հրաժարականը որակվեց՝ որպես «իշխանության հայտնի մարմինների կողմից» պարտադրված քայլ, իրականում, եթե Լ. Տեր-Պետրոսյանը ցանկանար, կարող էր պահպանել իշխանությունը: Այդ մասին բազմաթիվ տեղեկություններ, վերլուծություններ ու գնահատականներ են հրապարակվել, վստահաբար` էլի կհրապարակվեն: Եվ բոլոր վկայություններն էլ խոսում են այն մասին, որ եթե ՀՀ առաջին նախագահը չցանկանար հեռանալ, կմնար նախագահի պաշտոնում: Ու ամենևին ոչ այն անցանկալի հեռանկարներով, որոնց մասին խոսում էր իր հրաժարականի ելույթում: Բայց Տեր-Պետրոսյանը չպահպանեց իշխանությունը` այն գրեթե առանց պայքարի հանձնելով, ինչպես ինքն ասաց, «պատերազմի կուսակցությանը»:
Գրեթե նույն կերպ, առանց պայքարի, Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդիմության առաջնորդի «իշխանությունը» և իշխանության գալու թեկուզ ոչ երաշխավորված հնարավորությունը զիջեց` այս անգամ Սերժ Սարգսյանին: Ու ամենևին ո՛չ 2012 թվականի դեկտեմբերին, այլ դրանից մոտ մեկ տարի առաջ` իր իսկ կողմից նախաձեռնված հայտնի զարգացումների հետևանքով:

Դեկտեմբերի 24-ի իր հարցազրույցով Լ. Տեր-Պետրոսյանն ընդամենը վավերացրեց իր հեռացումը: Տեր-Պետրոսյանն, իհարկե, չասաց, թե «ինչի կուսակցությունն է» գալու իշխանության: Չասաց, որովհետև իր հետևողական գործունեության արդյունքում Հայաստանում քաղաքականությունը զիջեց «փողի կուսակցությանը»: Ու վերջինիս կողմից չգնահատվելով` ներկայացրեց արդեն երկրորդ ու, թերևս, վերջին հրաժարականը:

Տեսանյութեր

Լրահոս