Ի պետս Սերժ Սարգսյանի, ընդդեմ Հայաստանի Հանրապետության
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որոնց խորհրդարանական երեք հիմնական ուժերը որևէ կերպ չեն մասնակցելու, թեկնածու չեն առաջադրելու և, գոնե առայժմ հրապարակայնացված որոշմամբ, չեն սատարելու որևէ այլ ուժի թեկնածուի: Հայ ազգային կոնգրեսն ու Հայ Հեղափոխական դաշնակցությունն իրենց այս դիրքորոշմանը տարբեր հիմնավորումներ են տվել, «Բարգավաճ Հայաստանն» ընդհանրապես որևէ կերպ չի հիմնավորել իր քայլը: Բայց բոլորը փաստացի բոյկոտել են ընտրությունները, թեև դա ամենևին չի նշանակում, որ «տակից» նրանք չեն աջակցի այս կամ այն թեկնածուին` նյութական, քաղաքական կամ որևէ այլ փոխհատուցման դիմաց:
Գոնե ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի դիրքորոշումը, մեծ հաշվով, հետևյալն է. քանի որ իշխանությունը կատարելապես տիրապետում է ընտրակեղծարարության բոլոր մեթոդներին, ընտրություններին մասնակցելն անիմաստ է, քանի որ այդպիսով կլեգիտիմացվի իշխանության վերարտադրությունը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս ուժերը, ինչպես և ԲՀԿ-ն, շատ լավ իմանալով այդ իրողությունները, մինչև իրենց «որոշում կայացնողների» ցուցումները, գործում էին ընտրություններին մասնակցելու և հաղթելու վճռական համոզվածությամբ: Նրանք հիմա ասում են, որ բոյկոտելով ընտրությունները, չեն ցանկանում ծառայել Սերժ Սարգսյանի լեգիտիմացմանը:
Ավելին, կոնգրեսականներն ու դաշնակցականներն ակնարկում են, որ լավ կլինի, եթե մյուս ուժերն էլ միանան բոյկոտին` այդպիսով Սերժ Սարգսյանին թողնելով միայնակ կամ դրածո թեկնածուների հետ, ինչի արդյունքում նա կդառնա Թուրքմենբաշիի կամ Ալիևի նման նախագահ: Կոնգրեսականներն ակնարկում են ոչ միայն դա, այլև այն, որ բոլոր նրանք, ովքեր չեն հետևում իրենց այդ դոկտրինին, ծառայում են Սերժ Սարգսյանի լեգիտիմացմանը:
Այս մոտեցումը, մեղմ ասած, խոցելի է մի քանի առումներով: Նախ` եթե անգամ բոլոր հիմնական քաղաքական ուժերն ու հնարավոր թեկնածուները բոյկոտեն ընտրությունները, միևնույն է, իշխանությունը կգտնի այնպիսի թեկնածուներ, որոնք կկարողանան գոնե միջազգային հանրության աչքում համեմատաբար մրցակցային ընտրությունների տպավորություն թողնել: Այսինք`որքան էլ իրենց ընդդիմադիր համարող ուժերը ցանկանան Սերժ Սարգսյանից Թուրքմենբաշի կերտել, դա գրեթե չի հաջողվի: Բայց հարցը պետք է դիտարկել նաև հակառակ տեսանկյունից: Դիցուք, ինչ-որ հրաշքով հնարավոր է դառնում անգամ էպոսագետին համոզել չառաջադրել թեկնածությունը` հանուն Սերժ Սարգսյանի թուքմենբաշիացման, ու գործող նախագահն ընտրություններում մնում է մենակ: Ի՞նչ շահում դրանից Հայաստանը` որպես պետություն: Միջազգային բոլոր կազմակերպությունները Հայաստանը կդասեն Բելառուսի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և այլ նման բռնատիրական երկրների շարքին` դրանից բխող բոլոր հետևանքներով` միջազգային կառույցների քաղաքական ու ֆինանսական աջակցության դադարեցում, պատժամիջոցներ Հայաստանի նկատմամբ, և այլն, և այդպես շարունակ:
Դրա արդյունքում Հայաստանի ընդդիմադիրները գուցե իրենց ելույթներում ավելի շատ ասելիք կստանան, ավելի խայտառակ որակումներով կբնութագրեն իշխող ռեժիմը և, բնականաբար, «կպայքարեն» դրա դեմ:
Այսինքն` հանուն նեղ քաղաքական նպատակների՝ Հայաստանի այսօրվա ընդդիմությունը նպաստում է Հայաստանի` որպես պետության թուլացմանը, տոտալիտար երկրների շարքին դասվելու հեռանկարին:
Ասվածն ամենևին չի նշանակում, թե Հայաստանի իշխանությունը, Սերժ Սարգսյանը ժողովրդավարության մարմնավորում են, և ընդդիմությունն իր այս բոյկոտային մարտավարությամբ խափանելու է իշխանության` ժողովրդավարացման անշեղ ճանապարհը: Ճիշտ հակառակը: Իշխանությունն իր էությամբ հակաժողովրդավարական է, մեծ հաճույքով ընդունել և ընդունելու է ընդդիմության` «բոյկոտային լեգիտիմացումը», գուցե ինտրիգների, խարդավանքների միջոցով նպաստել է դրան: Բայց իշխանությունից հասարակությունը, մեծ հաշվով, ավելին երբեք էլ չի սպասել:
Հակառակը՝ ընդդիմությունը տարիներ շարունակ հանդես է եկել այն դիրքերից, որ իշխանությունը հակապետական գործունեություն է ծավալում և միայն իրենք` հայրենանվեր, ազգասեր ու պետականասեր ընդդիմադիրներն են իրենց զրկանքների գնով պայքարում հանուն Հայաստանի զարգացման ու ժողովրդավարացման: Մինչդեռ բոյկոտելով ընտրությունները՝ ընդդիմությունը մի կողմից՝ մեծագույն ծառայություն մատուցեց իշխանությանը, մյուս կողմից՝ նույնքան մեծագույն հարված հասցրեց Հայաստանի Հանրապետությանը:
Հ.Գ. WikiLeaks-ի հայտնի հրապարակումներից պարզ դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջնորդվում էր այն հաշվարկով, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ստիպված կլինի միջազգային ճնշումների տակ ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթը, ինչը հասարակության շրջանում բողոքի ալիք կդարձնի և այդ ալիքի վրա ինքը կգա իշխանության: Ընդդիմության ներկայիս բոյկոտի մարտավարությունը, ըստ էության, նույն ենթատեքստն ունի: Հայաստանը դարձնել հակաժողովրդավարական պետություն, որի դեմ հասարակությունը կընդվզի, և հնարավոր կլինի հասնել իշխանափոխության: Հետաքրքիր է միայն, թե այդ հաշվարկներում ում է վերապահված նախագահի պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում համառորեն լռում է, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, ինչպես վերջերս պարզ դարձավ, 68 տարեկան է: