«Այո՛ լևոնացմանը». 68-ականներ (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրեսն այսօր հրապարակել է նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշումը: ՀԱԿ-ը` հուժկու հաղորդագրություններ գրելու իր սովորության հանգույն, երկարաշունչ տեքստ է հրապարակել, որով փորձել է հիմնավորել իր դիրքորոշումը: Իրականում այդ հաղորդագրությունը ոչ այնքան քաղաքական փաստաթուղթ է, որքան հոգեվերլուծության ենթակա ախտանիշերի ամբողջություն: Եթե հակիրճ ներկայացնենք ՀԱԿ-ի որոշումը, ապա այն հաղորդագրություն է հետևյալի մասին. քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվել, ուրեմն Հայաստանում ամեն ինչ վերջացած է:

«Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները և արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ  հետևողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որևէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը և միջազգային հանրությանը տրված ամպագոռգոռ խոստումներին, հիմնովին կեղծվեցին 2009 թվականի Երևանի ավագանու, 2012 խորհրդարանական, ինչպես նաև այս ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր տեսակի ՏԻՄ ընտրությունները»,- նշված է ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ:

Այս դիրքորոշումը շատ նման է Լևոն Տեր-Պետրոսյանի` թեկնածություն չառաջադրելու որոշման հիմնավորմանը: Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, հայտարարեց` քանի որ ինքը 68 տարեկան է, այլևս չունի 40-60 տարեկանի եռանդը, չի ուզում վիրավորել ժողովրդին: Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունից հետո բոլորի առաջին արձագանքն այն էր` արդյոք նո՞ր է իմացել առաջին նախագահն իր տարիքը: Նույն տրամաբանությամբ հարց է առաջանում` մի՞թե ՀԱԿ-ում նոր գլխի ընկան, որ 2008 թվականի ընտրությունները կեղծվել են, որ ռեժիմը ժողովրդի ընդվզումը ճնշել է արյան մեջ: Եթե բոլոր այս գործոններն առկա էին, ինչո՞ւ էին ընդամենը մեկ շաբաթ առաջ բոլոր կոնգրեսականները, իրար հերթ չտալով, հայտարարում, որ Տեր-Պետրոսյանն  անպայման առաջադրվելու և հաղթելու է: Այսօր ՀԱԿ-ը հայտարարում է. «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայ ազգային կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»: Փաստորեն, քանի դեռ Լ. Տեր-Պետրոսյանը չէր հիշում իր տարիքը, կոնգրեսականների համար ընդունելի էր ապօրինի ռեժիմի լեգիտիմացումը: Նույն տրամաբանությամբ, եթե ՀԱԿ առաջնորդը չհիշեր, որ 40-60 տարեկանում ավելի եռանդուն էր, ու առաջադրվեր, կոնգրեսականները լծվելու էին նախընտրական քարոզարշավին, իմա` ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը: Փաստորեն, հենց դրանով են զբաղվել ՀԱԿ ներկայացուցիչներն այս տարվա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելով:

Տպավորությունն այնպիսին է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ 68 տարեկան է դարձել նաև Հայ ազգային կոնգրեսը և քաղաքականության մեջ իրեն պահում է ամենևին ոչ երիտասարդ թոշակառուի կարգավիճակով:

ՀԱԿ-ը պաշտում ու մեծարում է Լևոն Տեր-Պետրոսյանին, այն ոճով, որով առաջնորդվում են միայն աղանդավորները, և, թերևս ճիշտ կլինի, որ ՀԱԿ-ը վերանվանվի «68-ականների»: Դա իրենց խմբավորման ու առաջնորդի իրավունքն է, որը, սակայն, չպետք է իրացվի ՀՀ քաղաքացիների հաշվին:
Մինչդեռ կոնգրեսականներին թվում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի անձի շուրջ է պտտվում ոչ միայն ՀԱԿ գրասենյակը, այլ նաև Հայաստանի «գլոբուսը»:

ՀԱԿ-ի հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում է ներքին քաղաքականությանը: Այնպես, ինչպես  ՀՅԴ-ի` ընտրություններին չմասնակցելու հիմնավորումները, ինչպես նաև  ԲՀԿ-ի` ընտրություններին չմասնակցելու հիմնավորումների բացակայությունը: Թե ինչն է միավորում այս երեք ուժերին` տես Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան առանձնազրույցի` արտաքին կողմնորոշումներին վերաբերող հատվածը:

Տեսանյութեր

Լրահոս