Հին ընկերները չեն դավաճանում կամ՝ Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի նվերը՝ Սերժ Սարգսյանին

Այսպիսով, ՀՅԴ-ն ևս որոշեց թեկնածու չառաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում և առայժմ չսատարել որևէ այլ թեկնածուի, բացառելով միայն Սերժ Սարգսյանին աջակցելու հնարավորությունը: ՀՅԴ-ն իր այս դիրքորոշումը չի որակում՝ որպես բոյկոտ, քանի որ դաշնակցականները չեն բացառում, նախընտրական քարոզարշավի ընթացքից ելնելով, այլ թեկնածուներից որևէ մեկին սատարելու հնարավորությունը:

Չնայած ՀՅԴ-ականներն իրենց այս որոշումը հիմնավորող բազմաթիվ երկարաշունչ փաստարկներ են ներկայացրել, բայց դրանից նրանց քայլի էությունը չի փոխվում:  Հայաստանի ամենաքաղաքական համարվող կուսակցությունը թեկնածու չի առաջադրում նախագահական ընտրություններում:

Ավելին, դա հիմնավորում է քաղաքականության, քաղաքագիտական այբուբենի տրամաբանության մեջ չտեղավորվող փաստարկով: «Լուրջ քաղաքական ուժերն իրենց մոտեցումները և դիրքորոշումը չեն ներկայացնում ու իրականություն չեն դարձնում ընտրությունների, քարոզարշավի միջոցով»,- այսօր ներկայացնելով իրենց հիմնավորումներից մեկը` ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե լուրջ քաղաքական ուժերը քաղաքականությամբ զբաղվում են, որպեսզի հատկապես ընտրությունների ժամանակ  ներկայացնեն իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները` ընտրողների վստահությանն արժանանալու, իշխանության գալու ու իրենց  ծրագրերն իրագործելու համար:

Բայց ՀՅԴ-ն այնքան լուրջ է ու այնքան քաղաքական, որ սեփական ծրագրերը պահում է ավելի լավ ժամանակների համար` խոստանալով «քաղաքական բոլոր միջոցներով առաջիկայում ևս հետամուտ լինել կուսակցության ներկայացրած օրակարգի իրականացմանը»։ ՀՅԴ-ականներն ավելի ճիշտ կանեին՝ հետևեին Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակին ու հայտարարեին` սեփական ժողովրդին հարգող կուսակցությունը կարո՞ղ է 122 տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին:

Սակայն ՀՅԴ-ն գերադասեց հետևել ԲՀԿ-ի օրինակին ու, լայն իմաստով, ընտրությունների առնչությամբ որդեգրեց այն դիրքորոշումը, ինչ ԲՀԿ-ն: Դաշնակցականների ու ԲՀԿ-ի տարբերությունն ընդամենն այն է, որ վերջինս որևէ կերպ չհիմնավորեց ընտրություններում իր չմասնակցությունը, ՀՅԴ-ն ներկայացրեց մեկից ավելի հիմնավորումներ: Բայց փաստն այն է, որ երկու ուժերն էլ` մեկը լինելով քաղաքական, մյուսը` ապաքաղաքական, ընտրեցին նույն` քաղաքական տրամաբանության մեջ չտեղավորվող դիրքորոշում:

ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն` ունենալով բազմաթիվ տարբերություններ, ունեն մեկ ընդհանրություն` դա նրանց կապն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: ՀՅԴ-ի` այսօր հրապարակած որոշամբ, մեծ հաշվով, արձանագրվեց, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա ընտրություններում ուղղակիորեն ներկայացված չի լինելու  և մասնակցություն չի ունենալու:

Եթե դրան էլ գումարենք նաև ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` նախօրեին հրապարակված որոշումն ընտրություններում չառաջադրվելու վերաբերյալ, ապա ընդհանրացնելով՝ կարելի է արձանագրել. առաջին և երկրորդ նախագահները` տարբեր հիմնավորումներով, գուցե՝ տարբեր մոտիվացիաներով, «ֆորա» տվեցին երրորդ նախագահին` Սերժ Սարգսյանին:

2008 թվականից հետո Հայաստանում քաղաքական դաշտը կառուցված էր երեք նախագահների ու նրանց սպասարկող քաղաքական ուժերի առանցքի շուրջ: Այդ երեք բևեռներից երկուսը` չմասնակցելով ընտրություններին, Սերժ Սարգսյանին հնարավորություն տվեցին՝ առանց որևէ ջանք գործադրելու, երկրորդ անգամ զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը: Ի՞նչ նպատակով, կամավո՞ր, թե՞ ինչ-ինչ գործարքների արդյունքում, այլ հարց է, որին կանդրադառնանք առաջիկայում: Այսօր ընդամենը պետք է արձանագրել փաստը: Իսկ փաստն այն է, որ առաջին և երկրորդ նախագահները Սերժ Սարգսյանին նվիրեցին նախագահության երկրորդ ժամկետը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս