Ինչ էֆեկտ կունենա Տոնոյանի զգուշացումը

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փոխում է հռետորաբանությունը Ղարաբաղյան ուղղությամբ: Օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նախարար Տոնոյանն անդրադարձել է ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, հատկապես Նախիջևանի կողմից առկա լարվածությանը:

Նա հաստատել է տեղեկություններն այն մասին, որ կա ադրբեջանական զորքերի ակտիվացում և կուտակումներ:

«Ադրբեջանական զինուժի ակտիվացման և կուտակումների մասին հաղորդագրությունները ճիշտ են, և նմանատիպ գործընթացները դիտարկվում են ոչ միայն արցախաադրբեջանական շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես, նախիջևանյան ուղղությամբ: Ադրբեջանի պահվածքը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք, մինչդեռ հենց ուժի կիրառման բացառումն է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի հիմքում, ինչպես ցանկացած այլ կոնֆլիկտի»,- ասել է ՀՀ ՊՆ-ն:

Ըստ Տոնոյանի` լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունը բարձր է բանակցային գործընթացում Բաքվի մաքսիմալիստական պահանջների պարագայում: Նախարարն ասել է, որ հայաստանյան դիրքորոշման ողջ կառուցողականությամբ հանդերձ, չի ցանկանում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրող կողմ է:

«Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այսքան վստահ չլինել նրանում, որ նա է վերահսկում ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին հաջողվի համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողություններն ադրբեջանական կողմից սանձազերծած ռազմական գործողությունների վերսկսման պարագայում՝ Բաքվի կողմից նույնիսկ սահմանափակ մասշտաբով ռազմական գործողություններ իրականացնելու դեպքում: 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված»,- ընդգծել է Դավիթ Տոնոյանը:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ՀՀ Պաշտպանության նախարարի նմանատիպ գնահատականը բացառիկ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարիներ ի վեր հայկական կողմը վստահ հռետորաբանությանը «պատասխանողի» դերում է եղել:

Սա, նրա որակմամբ՝ նոր շեշտադրում է, որը պահանջում է Ղարաբաղյան հակամարտությունը և հատկապես ներկայիս իրավիճակը, քանի որ շատ հավանական է, որ կրկին լարումներ կլինեն ԼՂ հակամարտության գոտում:

Սակայն, նրա դիտարկումների համաձայն, սա Տոնոյանի նմանատիպ երանգով առաջին տեսակետը չէ, Տոնոյանը խոսել է նաև ռազմաբազայի պայմանագրում կատարվելիք փոփոխությունների անհրաժեշտության մասին` չմանրամասնելով դեռևս՝ ինչ փոփոխություններ, անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինության թեմային:

«Քանի դեռ տեղյակ չեմ` ինչ փոփոխությունների մասին է խոսքը հայ-ռուսական պայմանագրում, չեմ կարող գնահատել նրա նաև այս կարևոր հայտարարությունը, սակայն, իմ համոզմամբ, Տոնոյանը նաև արտացոլում է այն տրամադրությունները, հրամայականները, որոնք կան Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության և հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Ուստի, իմ համոզմամբ, սա նաև Հայաստանում տեղի ունեցած բուռն ներքաղաքական փոփոխություններից հետո ներքին սպառման համար նախատեսված հայտարարություններ են` ցույց տալու համար ՀՀ նոր իշխանությունների փոփոխված և պահանջված հռետորաբանությունը որոշ ուղղություններում»,- ընդգծեց Ֆելգենգաուերը:

Ռազմական փորձագետի կարծիքով՝ վաղուց կարիք կար, որպեսզի ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարն ավելի վստահ հայտարարություններով հանդես գա ղարաբաղյան ուղղությամբ և ավելի հարձակողական դիտարկումներ անի՝ անկախ նրանից՝ որքանով է հայկական կողմը պատրաստ այդ սցենարին:

«Այս դեպքում, գտնում եմ, որ պատրաստ է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջին տարիներին ձեռք են բերել միմյանց հետ մղելու համար բոլոր անհրաժեշտ զինատեսակները, սակայն դա անկանխատեսելի բացասական հետևանքներ է ունենալու ողջ տարածաշրջանի վրա, քանի որ սա կենթադրի երակարատև պատերազմ, թեև հայտարարությունից երևում է, որ հայկական կողմն ակնարկում է, որ կարճ ժամանակահատվածում կպատժի ադրբեջանական կողմին, սակայն, իմ համոզմամբ, դա չի կարող տեղի ունենալ կարճ ժամանակահատվածում, քանի որ ադրբեջանական զինուժը տեխնիկապես շատ պատրաստված է: Հայկական կողմը հիմնվում է նաև ապրիլյան գործողությունների ընթացքի վրա, սակայն գուցե ապագա գործողություններն այլևս այդ մասշտաբով ու սցենարով չսկսվեն, այլ լինեն շատ ավելի ծավալուն: Այս հաշվարկները ևս պետք է տեղ ունենան»,- նման տեսակետ հայտնեց Պավել Ֆելգենգաուերը:

Այնուամենայնիվ, ըստ նրա՝ մեծ կանխարգելիչ էֆեկտ այս հայտարարությունը չի ունենա, քանի որ իրավիճակն արդեն բավականին վտանգավոր փուլում է:

Պավել Ֆելգենգաուերի կարծիքով՝ Տոնոյանը լուրջ հիմքեր ունի նման պնդումներ անելու համար:

«Երկու կողմերը սպառազինվում են, բացի դրանից, զորքերի և զինտեխնիկայի կուտակումը լուրջ փաստ է պատերազմի մասին վերլուծություններ անելու համար, քաղաքական կարգավորման բացակայությունը, աշխարհաքաղաքական առճակատումները` ևս, որոնք թույլ չեն տալիս Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը պահել ավելի մեծ ուշադրության տակ, այս դեպքում չի մնում այլ բան, քան հուսալ, որ ռազմական գործողությունները չեն լինի ավելի ծավալուն ու ողբերգական, քան ապրիլյան իրադարձություններն էին, քանի որ գուցե կողմերն իրենց ուժերը փորձելու քայլի դիմեն, որը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ և վերաճել լայնամասշտաբ պատերազմի: Սա վտանգավոր է և Հայաստանի, և Ադրբեջանի համար»,- նման կարծիք հայտնեց Ֆելգենգաուերը:

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ հայտարարությունը դիտարկում է բացառապես քաղաքական հռետորաբանության մակարդակում: «Սա զգուշացնող, կանխարգելիչ հայտարարություն է՝ ուղղված Ադրբեջանին, բայց, բնականաբար, պատերազմական գործողությունների ժամանակ կողմերից յուրաքանչյուրն առավելագույնն է անելու, կողմերից յուրաքանչյուրն առաջնորդվելու է այդ պահին իր արսենալի ուժից ու հնարավորություններից, բնականաբար, եթե այդ պահին լինի հնարավորություն՝ Տոնոյանի նշած պատժիչ գործողությունները կլինեն, եթե ոչ` ոչ»,- ասաց Մալաշենկոն:

Ըստ նրա՝ հայտարարությունը հետաքրքրական է այն տեսանկյունից, որ Տոնոյանն ակնարկում է, թե 2016 թվականի մարտական գործողությունները դադարեցվել են միջնորդների միջամտության արդյունքում, երբ հայկական կողմը պատժիչ գործողություններ էր իրականացնում:

«Սա նախ՝ տեղեկատվություն է այն մասին, որ հայկական կողմին կանգնեցրել են: Երկրորդը` զգուշացում, որ նման սցենար այլևս չի կրկնվելու, և ոչ մի կողմ չի կարողանա կանգնեցնել Հայաստանին: Թե ռազմական հնարավորության տեսանկյունից որքանով տեղին հայտարարություն է՝ չեմ կարող ասել, բայց քաղաքականապես տեղին է, քանի որ կողմերը հեռու չեն հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու հեռանկարից: Եթե նախկինում այդ հեռանկարի մասին խոսում էր միայն Ադրբեջանը, այն էլ՝ ուշ-ուշ, ապա հիմա այդ մասին բացեիբաց խոսում է նաև Հայաստանը, պատրաստվում են բոլոր կողմերը»,- ասաց Մալաշենկոն:

Ինչ վերաբերում է միջնորդներին, ապա, Մալաշենկոյի կարծիքով՝ միջնորդները գիտեն, որ նման հակամարտությունները հեշտ չեն լուծվում, դրանք 10-20 տարում չեն լուծվում՝ հատկապես նման արմատական դիրքորոշումների պարագայում: «Միջնորդները, որպես միջնորդ՝ անում են այն, ինչ կարող են: Կազմակերպում են հանդիպումներ, հարթակներ են տրամադրում բանակցության համար, սակայն, երբ հարցը հասնում է բանակցություններին և համաձայնությունների կատարմանը, կողմերը դառնում են այն հասարակական տրամադրությունների գերին, որոնք իրենք են ներարկել հասարակության մեջ` անզիջում տրամադրությունների, քանի որ, բացի իշխանություններից, այսօր ավելի արմատական դիրքերից են խոսում հասարակությունները, կողմերը պատրաստ չեն էական զիջումների, առանց որոնց հնարավոր չէ կարգավորումը: Իսկ այս պարագայում ի՞նչ անեն միջնորդները»,- ասաց Մալաշենկոն:

Սրանով հանդերձ, նրա խոսքով, միջնորդները հետևում են զարգացումներին և իրենց կուլիսային աշխատանքն իրականացնում: «Նման աշխատանքը ոչ միշտ է տեսանելի: Ներկայումս միջնորդները փորձում են բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել կողմերի միջև, ինչը ներկայիս լարված իրավիճակում լուրջ ձեռքբերում կլինի նրանց և կարգավորման գոտում ստեղծված լարված իրավիճակի թուլացման տեսանկյունից: Եթե նման հանդիպումը ձգձգվի, ապա վստահաբար ռազմական լարումները կլինեն անխուսափելի: Պետք է սկսել կարգավորման գործընթաց, այդ ցանկությունն առաջին հերթին պետք է լինի հակամարտող երկրներում»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չի հավատում, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար, Մալաշենկոն ասաց, որ Մոսկվան, ինչպես մյուս երկու միջնորդ երկրները, անում են համապատասխան աշխատանք:

«Սակայն, դրան զուգահեռ՝ 2016 թվականին Ղարաբաղում ռազմական գործողություններ բռնկվեցին, Ռուսաստանի համապատասխան մարմինները միջամտեցին ժամանակին, որպեսզի դրանք ավելի մեծ ծավալների չհասնեն, բայց, բնականաբար, որևէ մեկը չէր կանխատեսում, որ նման բան կարող էր լինել: Ներկայումս կա կանխատեսում, միջնորդներն անընդհատ կողմերին զգուշացնում են: Ինչ լծակներով կարող են թույլ չտալ՝ չգիտեմ, եթե թույլ չտային, թույլ չէին տա նաև 2016 թվականին, ինչը նշանակում է, որ սա վերահսկելի պրոցես չէ: Այնուամենայնիվ, կանխարգելման ցանկություն Մոսկվայում ևս կա, հենց այդ պատճառով մերժվում է կարգավորման ռազմական սցենարը»,- ասաց Մալաշենկոն:

Տեսանյութեր

Լրահոս