«Օտարերկրյա ներդրողները պետք է հասկանան, որ Հայաստանը սուվերեն պետություն է». Աճեմօղլու

«Միջազգային ֆինանսական շուկայի հետ աշխատանքը կարևոր է»,- այս մասին այսօր ՀՀ ԱՀ-ում կազմակերպված կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն:

Հարցին, թե արդյոք ՀՀ նոր կառավարությունը պետք է վախենա՞ միջազգային ֆինանսական ինստիտուտներից, տնտեսագետը պատասխանեց, որ զարգացող աշխարհի բոլոր կառավարությունների համար միջազգային ֆինանսավորումը հնարավորություն է, և դա պետք է ընդունել:

«Օրինակ` եթե դուք մտածեք հունական պարտքային ճգնաժամի բոլոր մեքենայությունների կամ այն մասին, թե ներկայումս ինչ է կատարվում Արգենտինայում, ապա կհասկանաք, որ բոլոր խնդիրներն առնչվում են այն հանգամանքի հետ, որ ժամանակակից տնտեսությունները, որոնք ինտեգրված են գլոբալ շուկային, չեն կարող գործել, եթե ֆինանսական շուկաները սկսեն վախենալ իր կենսունակությունից:

Հայաստանի իրավիճակը շատ ավելի բարդ է, քանի որ Հայաստանը գլոբալ ֆինանսական շուկաներին այնքան ինտեգրված չէ, որքան Հունաստանը կամ Արգենտինան, բայց ապագայում անհրաժեշտ է ինտեգրման ավելի բարձր մակարդակ:

Միջազգային համայնքի հետ աշխատանքի գործընթացը կարևոր է, բայց առանց իմանալու Հայաստանի և միջազգային համայնքի միջև տեղի ունեցող բոլոր մանրամասները, չեմ կարող մանրամասնորեն խոսել: Առաջ շարժվելու տեսանկյունից կարևոր է, որպեսզի Հայաստանը ճիշտ տոնայնություն սահմանի արտասահմանցի ներդրողների հետ աշխատանքում` և Սփյուռքում, և անգամ դրանից դուրս, քանի որ, եթե մենք միայն Սփյուռքից ներդրումներ գրավենք, նշանակում է, որ ներդրումների համար մթնոլորտն այնքան էլ լավը չէ: Ուստի անհրաժեշտ է, որպեսզի ճիշտ գաղափարներ, ճիշտ ներդրումներ գան, և մարդիկ պետք է Հայաստանը դիտարկեն՝ որպես անվտանգ վայր ներդնելու համար, բայց նաև հասկանան, որ Հայաստանը քաղաքականապես սուվերեն պետություն է, որը որոշումներ է կայացնում, որոնք շահեկան են սեփական ժողովրդի համար»,- նկատեց պրոֆեսոր Աճեմօղլուն:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ բացատրել էր, թե ինչու ՀՀ կառավարությունը չի կարող հրաժարվել Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառությունից:

«Արդեն անհնար է հրաժարվել համակարգից։ Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում արդեն հավաքված է 120 միլիարդ դրամ, դրա 70%-ը տնօրինում են համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող կառավարիչներ, որոնց հնարավոր չէր բացատրել, որ երկիրը փոխվել է, ու հիմա պիտի փոխվեն նաև այս օրենքները։ Բացի այդ, դա նաև շատ բացասաբար կազդեր Հայաստանի վարկանիշի վրա»,- ասել էր Փաշինյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս