Բաժիններ՝

Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 1-ամյա երեխա է մահացել. ոստիկանություն

Ապրիլի լույս 24-ի գիշերը Երևանի Սարալանջի փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Աշտարակում ապրող 27-ամյա Դավիթ Արզումանյանի վարած «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, աջ ընթանալով, բախվել բետոնե արգելապատնեշին։

Վարորդը, նրա ուղևորները, որոնք ամուսիններ են, և նրանց 1-ամյա որդին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ փոքրիկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Այսօր՝ ապրիլի 26-ին, 1-ամյա Յուրին հիվանդանոցում մահացել է։
Պատահարի հանգամանքները նախապես պարզվել են ճանապարհային ոստիկանությունում։ Պարզվել է, որ «Մերսեդեսին» հետևից հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով էլ Դավիթ Արզումանյանը կորցրել է մեքենայի կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց։

«Օպելի» վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է։ Դեպքից ժամեր անց «Օպելի» վարորդը՝ մայրաքաղաքում ապրող 29-ամյա Սարգիս Գյուլումյանը, մեքենայով հանդերձ ներկայացել է ճանապարհային ոստիկանություն։

Նախապատրաստված նյութերը ճանապարհային ոստիկանությունից փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչություն։
Կատարվածի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս