Բաժիններ՝

Facebook-ը 63 տոկոս շահույթ է արձանագրել տվյալների արտահոսի հետ կապված սկանդալի ֆոնին

Facebook ամերիկյան ընկերությունը տվյալների արտահոսի հետ կապված սկանդալի ֆոնին եկամուտների ու շահույթի էական աճի է հասել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է մարտի 31-ին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է ընկերության հաշվետվության մեջ, որը հրապարակվել է ապրիլի 25-ին։

Եռամսյակի ընթացքում Facebook-ի եկամուտներն աճել են գրեթե 50 տոկոսով՝ մինչեւ 11,97 մլրդ դոլար: Ընդ որում զուտ եկամուտը 2017 թվականի առաջին եռամսյակի 3,06 մլրդ դոլարից այս տարի ավելացել է մինչեւ գրեթե 5 մլրդ դոլար: Աճը համապատասխանաբար կազմել է 63 տոկոս:

«Չնայած լուրջ մարտահրավերներին, մեր ընկերությունը շարունակում է աճել: Ամեն ամիս Facebook-ից օգտվում է 2,2 մլրդ մարդ, իսկ ամեն օր՝ ավելի քան 1,4 մլրդ»,- այդ կապակցությամբ նշել է ընկերության ղեկավար մարկ Ցուցկերբերգը: 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ օգտատերերի թիվն ամսական ավելացել է մոտավորապես 70 միլիոնով:

Facebook-ը մարտ ամսին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի:

Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս